Եվ ուրեմն էդ ֆեյսբուքներում ֆլեշմոբ են մարդիկ անում։ Տո լի ամենասիրած գրքեր, տո լի ամենաշատ ազդեցություն թողած գրքեր, ովա՞ էդ ֆեյսբուքից գլուխ հանում։

Ասի ես էլ միանամ խրախճանքին ու գրեմ գրքերի մասին, որ հա, տենց հետք են թողել, ուժեղ տպավորել, աշխարհընկալում ձևավորել։ Բայց մենակ ցուցակ – տենց հետաքրքիր չի, որովհետև էդ գրքերը հետք են թողել ոչ հենց այնպես, այլ որոշակի կոնտեքստում ու միջավայրում։ Երկար-բարակա ստացվելու, բայց գրեմ, թե չէ մի օր մոռանալու եմ սրանք։

Ուրեմն, հիմա մտածում եմ, էդ գրքերի մեծ մասը մանկական ու պատանեկան տարիների կարդացած գրքեր են. տո լի հիմա եմ քիչ կարդում, տո էն վախտ էի շատ տպավորվող։ Եսիմ։ Պռինցիպի հիմա, որքան էլ դա ամոթ է խոստովանելը, գրեթե չեմ կարդում։ Վերջին գեղարվեստական գիրքը երևի մի 2 տարի առաջ եմ ձեռքս վերցրել։ Այսինքն չէ, անցած տարի որոշեցի պատանեկության տարիների բաց լրացնել ու Շերլոկ Հոլմս կարդացի ու լուչշե չկարդայի։ Պրիմիտիվ, կրկնվող սյուժեներ, վայթեմ Դարյա Դոնցովան ավելի հետաքրքիր լինի։ Բայց դե սկսել էի, սաղ կարդացի, կարելիա ասել, որ հոգուս պարտքը կատարեցի։

Տենց էլի հոգու պարտքեր ունեմ տալու, բայց ավելի հասուն տարիքի. օրինակ` ասում են, որ էս լուսավորյալ դարում Մաքիավելի կարդացած չլնելը զապադլո բանա, առավել ևս բլոգ աշխատացնող մարդու համար ու էդ ձևիներին աղջիկները չեն սիրում, հարկայինն էլ նեղումա։

Հա, շեղվեցի բայց, ուրեմն ինչ էի ասում։ Առաջին գիրքը, որը հիշում եմ, ոնց էին իմ համար կարդում, դա էպոսն էր։ Դրանից առաջ էլ էին գրքեր կարդում, բայց դե դրանք չեմ հիշում, իսկ էպոսը հիշում եմ։ Դավիթի զոհվելու համար մի ժամաչափ զռռացել եմ, մինչև մամաս նոր վերջաբան իմ համար հնարեց։ Երեք տարեկան էլ չկայի ու մամայիս ստիպում էի ամեն ինչը ինչ կարդում էր, մի քանի անգամ էլ նա բիս կարդալ։ Էպոսը իրար հետևից մի 3-4 անգամ կարդացնել եմ տվել. վերջը խեղճ կնիկը տեսավ ճար չկա, տառերը սովորացրեց ու թե ինքդ կարդա ինչ ուզում ես։

Հա, էդ ժամանակներն էր նաև, որ մամաս ինձ Մեծ Հայքի քարտեզը ցույց տվեց ու դրա վրա ներկա Հայաստանի մոտավոր չափը։ Դավթի մահից հետո դա երկրորդ խոշոր հարվածն էր ինձ ու ըտեղ իմ մեջ ծնվեց ազգայնականը։ Քարտեզը թեև գիրք չի, բայց այդ դրվագը որոշիչ եղավ հետագայում և հոբիների ու նախասիրությունների ձևավորման, և բազմաթիվ գրքեր կարդալու համար։

Դալեե։ 3-4 տարեկանում էպոսն ինքնուրույն կարդալ, բնականաբար, չէի ձգում, բայց տանը կային Թումանյանի, Աղայանի, սլավոնական ժողովուրդների, սկանդինավյան ժողովուրդների, Աֆրիկայի, Ասիայի հեքիաթների գրքեր, որոնք ոչ միայն բարեհաջող կերպով մարսվեցին, այլև հարուստ նյութ դառան բակային խաղերի համար։ Որևէ հեքիաթ հատուկ չեմ կարա առանձնացնեմ հիմա, բայց հիշում եմ, որ էն ժամանակ ահագին տպավորվել էի «Կռնատ աղջկանից»։ Հիմա չեմ էլ հիշի, թե խի։

Կարծեմ 1-ին դասարանում մամայիցս նվեր ստացա «Հայ կամավորներ» գիրք-ալբոմը` նվիված 1-ին համաշխարհայինի կամավորական շարժմանը։ Էդ ալբոմն ինչ-որ իմաստով կուլմինացիոն եղավ։ Էն Մեծ Հայքի քարտեզը, որ ասում էի էի է, այ դրանից մինչև էդ ալբոմ ես հասցրել էի տանը հայտնաբերել ու մարսել տարբեր ամսագրերում ֆիդայական շարժմանը նվիրված մանր-մունր հոդվածներ ու հենց էդ ամեն ինչի կուլմինացիա էր էդ ալբոմը։ Հա, ի դեպ, էն ժամանակ էդ ամեն ինչն իմ համար անցյալ չէր, ներկա էր. Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքար, Առաջին աշխարհամարտ ու ընթացող Արցախյան պատերազմ միահյուսվել էին իրար ու ես համոզված էի, ու Աղբյուր Սերոբ, Արաբո, Անդրանիկ, Գևորգ Չաուշ – իրանք բոլորը Ղարաբաղում են կռվում։ Մի խոսքով, հետաքրքրություններիցս մեկը` հայոց պատմություն, այ տենց ամսագրերի հոդվածներով ու ալբոմով ձևավորվեց։

Նույն տարիներին (երկրորդ կամ երրորդ դասարանում, բայց ոչ ուշ)ես մի զարմանալի հայտնագործություն արեցի. պարզվեց, որ Մեծ Հայքից բացի աշխարհում նույնիսկ էն լավ, բարի ժամանակներում, ինչ-որ ուրիշ երկրներ էլ են եղել։ Այդ հայտնագործությունն արեցի երկու գրքի շնորհիվ. մեկը կոչվում էր «Հին Հռոմ», իսկ մյուսը Ռաֆաելլո Ջովանիոլլիի «Սպարտակն» էր։ «Հին Հռոմը» ցավոք հետագայում կորավ, իսկ հեղինակին չեմ էլ հիշում, բայց գիրքը շատ լավն էր։ Էդ երկու գրքերից ինձ մնաց անտիկ պատմության նկատմամբ սերը։

Երկրորդ թե երրորդ դասարան էի ոնց որ, երբ մամայիցս մի ուրիշ գիրք նվեր ստացա. տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի «Արեգակնային քամին»։ Հաջորդ մի քանի տարիներին իմ մանկական երազանքը տիեզերագնաց դառնալն էր ու էդ ընթացքում ես հասցրեցի իմանալ Արեգակնային համակարգի կառուցվածքը, աստղերի ինչ ու ինչացու լինելը, համաստեղություններ ևն։ Հետո գլխիս սառը ջուր էր լցվելու, երբ հայտնաբերելու էի, որ Հայաստանում տիեզերակայաններ չգիտես խի չկան, բայց տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը մեկա, մնաց որպես մանկության ընկեր։ Հա, լուրջ, մինչև հիմա էլ էդ մարդուն հեռուստացույցով տեսնելուց ամենաջերմ զգացմունքներն են առաջանում, լրիվ ոնց որ մանկությանդ ընկերոջը տեսնես։

Երրորդ դասարանն ավարտելու պատվին դասվարիցս մի բրոշյուր նվեր ստացա։ Ավելի ճիշտ երկու բրոշյուր` մեկը Սողոմոն իմաստունի առակներ էին, բայց դա ինձ չհետաքրքրեց։ Մյուսը կոչվում էր «Գևորգ Չաուշի սպանության առեղծվածը»։ Երկու տարի հետո ձեռքս ընկավ նաև Գևորգ Չաուշի մասին «Ինձ բահ տվեք» փաստագրական վեպը։ Այս երկու գրքերն առաջին գրքերն էին ազատագրական շարժման մասին, որոնք կարդալուց հասկանում էի, թե ինչի մասին է խոսքը. Ղարաբաղի հետ խառնելը, բան սրանք անցյալում էին, իսկ «Ռանչպարների կանչը», «Խոսեցեք Հայաստանի լեռներն» ու «Խենթը»` առջևում։ Հենց այս գրքերից է մոտս սկսվել այդ պայքարի նշանակության, դերի ու ողբերգականության գիտակցության ձևավորումը։

Իսկ մինչ ես սկսում էի մարսել ազատագրական պայքարի պատմությունը, դպրոցում պատահեց 5-րդ դասարան իր «Հին աշխարհի պատմություն» սև գույնի գրքով։ Դե ես արդեն գիտեի, որ Հայաստանից բացի ուրիշ երկրներ էլ են եղել, բայց հենց այդ ժամանակ ուշադրություն դարձրեցի կազմին Թութանհամոնի դիմակ ունեցող «Աստվածներ, փարավոններ, դամբարաններ» գրքին։ Հեղինակին փետով էլ ծեծեք, չեմ հիշի, բայց պատմության նկատմամբ հետաքրքրությունս նոր մակարդակի բերելու հարցում էս գիրքը շրջադարձային էր։ Նույնիսկ Իլիականն ու Ոդիսականն եմ սրանից հետո կարդացել։ Ցավոք սրտի ժամանակի ընթացքում լիքը մակուլատուրա էլ ուղեղովս անցկացրի, մինչև սովորեցի տարբերել նորմալ բանը զառանցանքից (ես նույնիսկ Մուլդաշևի զառանցանքներն եմ հաջողացրել կարդալ)։

Մոտավորապես էդ շրջանում սկսվեց ծանոթությունս նաև համաշխարհային գրականության հետ։ Բացումն արեց «Գավրոշը»։ 90-ականների Հայաստանում Գավրոշը լրիվ «սվոյ» մարդ էր թվում։ Չնայած չէ, խաբում եմ, համաշխարհային գրականության հետ ծանոթության բացումը ֆսյո ժե արկածային գրականությունն էր արել. Կապիտան Գրանտի որդիներ, Ռոբինզոն Կրուզո ևն։ Բայց դժվարա ասել, թե վերջին հաշվով գրքերը, թե ֆիլմերն են ավելի տպավորել։

Չեմ հիշում թե կոնկրետ երբ էր, բայց միջին դասարաններում (երևի տենց 7-ում) ձեռքիս հայտնվեցին Զենոն Կոսիդովսկու «Բիբլիական առասպելներ» ու Լեո Տաքսիլի «Զվարճալի աստվածաշունչ» և «Զվարճալի ավետարան» գրքերը։ Աթեիստ արդյունքում չդառա, բայց առաջին գրքի շնորհիվ մոտս սկսեց ձևավորվել քննադատական մտածողություն կոչվածը և երևույթներին ռացիոնալ բացատրություններ գտնել փորձելու սովորությունը, իսկ Տաքսիլի գրքերը բացառեցին իմ համար կրոնական ֆանատիկոս (և առհասարակ ֆանատիկոս) դառնալու հեռանկարը, ինչպես նաև առիթ դարձան քրիստոնեության վերաարժևորման մի երկարատև պրոցեսի սկսվելուն, որը մի քանի տարի առաջ միայն ավարտվեց։ Այդ ընթացքում նույնիսկ հասցրեցի մի քիչ նեոհեթանոսա-արիական հովերով տարվել։ Ի դեպ, Տաքսիլը մի քանի տարի առաջ վերընթերցեցի – լավ է գրում բայց սրիկան։

Համարյա հասանք ցուցակիս վերջին 🙂 Չգիտեմ թե ինչի, շատ դուրԸս եկավ «Գարգանտյուան և Պանտագրյուելը», չնայած լիքը մարդ ասումա որ անկապությունա ու էլ ավելի անկապ թարգմանածա։ Հիմա մտածում եմ, որ առհասարակ սատիրայի ժանրը շատ եմ սիրում. երևի նրանից է, որ էսօր մեր իրականությանն էդ ժանրը շատ է պետք. ի՜նչ գրել կգրեին Պարոնյանն ու Օտյանը էսօր, չէ՞։ Չնայած, պռինցիպի գրածներն էլ դեռ լավ համապատասխանում են։ Իսկ հայ գրականությունից դպրոցական վերջին տարիներին կարդացած ամենակարևոր գիրքը Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգին» էր։ Էս գիրքը երևի միակն էր, որ ամբողջ դպրոցը կարդաց, բայց ոչ թե գրքի արժեքի համար, այլ որովհետև «խուժան գիրքա»։ Դե, մեր «խուլ» ժամանակներում գրքում (էն էլ դպրոցում հանձնարարվող գրքում) սեքսի մի փոքրիկ նկարագրությունը լուրջ մոտիվացիոն ֆակտոր էր հատկապես տղաների համար 🙂 Ճիշտա, ակնկալիքներն ավելի շատի էին, բայց դե հիմա ինչ կար, էդ էր։ Իրականում, գիրքը կարդալուց հետո զգում էի, որ հայ գրականության ամենակարևոր գրքերից մեկն եմ կարդացել ու սեքսը ըտեղ կապ չուներ, բայց թե ինչու էր այդ գիրքն այդպիսին, հասկացա միայն տարիներ անց, երբ առիթ ունեցա շփվելու հայկական սփյուռքի տարբեր շերտերի հետ։ Շահնուրի վեպը հայկական սփյուռքի ապագայի պատմություն էր ուղղակի։

Այսքանը։ Ոնց որ թե բան բաց չթողեցի։ Չէ, լավ, դուրԸս եկած գրքեր շատ կան, նաև հետագայում կարդացած, բայց դպրոցից հետո սկսվեց մի շրջան, երբ որևէ առանձին վերցրած գիրք կտրուկ հետք էլ չէր թողնում։ Չէ, ինչ-որ բաներ հասկանում ես, ինչ-որ բան վերցնում, բայց էլ չեմ կարող ասել. «այ էս գրքից հետո աշխարհընկալումներումս այ էսպիսի բաներ փոխվեցին ու այ էսպես տպավորվեցի»։ Փոփոխությունները հետագայում արդեն բազմաթիվ գրքերի «համատեղ ջանքերով» էին լինում, այլ ոչ թե առանձին մեկի։

Հ.Գ.
Եվ այնուամենայնիվ երեկոյան գրելուց զգում էի, որ մի կարևոր բան եմ թողել, առավոտը նոր հիշեցի. Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքները»։ Սրա ազդեցությամբ նույնիսկ փորձում էի ինքս «արկածային» պատմվածքներ գրել 🙂 Էդ էլ էր 4-րդ, 5-րդ դասարանի կողմերը։