Մեր իշխանությունները` գլխավորությամբ Սերժ Սարգսյանի, տառապում են “իշխանության հիվանդություն” կոչվածով: Մասնավորապես դա արտահայտվում է սեփական անսխալականության համոզվածության, որևէ քննադատություն ընկալելուն ի վիճակի չլինելու, “կուսակցության հիմնական գծից” միլիմետր անգամ շեղվել չհամարձակվելու և մի շարք այլ բաների մեջ: Իշխանական տարբեր մակարդակներում դա արտահայտվում է տարբեր ձևով. օրինակ` որևէ իրական քննարկում ու բանավեճ իշխանության բարձր օղակներում հնարավոր է այնքանով, որքանով դեռ հայտնի չէ Նախագահի Կարծիքը, իսկ հենց Կարծիքը հայտնի է դառնում, բոլորը միանգամից սսկվում են. “իրենք իրենց կարծիքը տվել են Նախագահին”: Նախագահն ինքը, ապրում է սեփական անսխալականության ու ամենագիտության համոզմամբ: Նա ամեն հարցում ունի իր Կարծիքը ու թքած, եթե նույնիսկ ալամ աշխարհի բոլոր փորձագետները տրամագծորեն հակառակն են պնդում: Որպես ասածիս վառ օրինակ. Մեծն Աչքալուսանքի առիթով Անվտանգության Խորհրդի նիստում Նախագահը հայտարարեց, որ ինքը ոչ այս կողմ, ոչ այն կողմ համաձայն չէ, որ Աչքալուսանքը վնասեց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ու իր Կարծիքով ճիշտ հակառակն է: Եվ բնականաբար շուրջը նստած շնչավորները միայն գլուխներն էին տմբտմբացնում: Ճիշտ այդպես ուսանող ժամանակ մենք գլուխներս տմբտմբացնում էինք, երբ դասախոսի ասածից բաաան չէինք հասկանում:
Նորմալ, առողջ իշխանություններում Նախագահը ոչ մի ինքնուրույն բան չպիտի կարողանա անել: Ցանկացած քայլ, ցանկացած որոշում, ցանկացած խոսք ու ելույթ պիտի լինի ամենատարբեր կառույցների (առաջին հերթին անվտանգության ծառայություններ, փորձագիտական և վերլուծական կենտրոններ, ինչու չէ նաև խորհրդակցական տարբեր մարմիններ, քաղաքական կուսակցություններ) տված եզրակացությունների և ռեկոմենդացիաների հիման վրա` անկախ նրանից, թե Նահագահն ինչ անձնական կարծիք ունի և որքանով է այդ կարծիքը համընկնում տրված եզրակացությունների ու ռեկոմենդացիաների հետ: