Հենց սկզբից ասեմ. այդ գործարքը ես խնդիր եմ համարում, բայց առայժմ չեմ համարում լուրջ խնդիր, ինչպես նաև չեմ համարում, որ բարձրացված աղմուկը համարժեք է խնդրի կարևորությանը։ Մյուս կողմից, ես դեռևս չմարած հույս ունեմ, որ այս աղմուկը առիթ կդառնա, որ հասարակական քննարկման առարկա դառնան Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները։

Մանրամասները cut-ի տակ։ Զգուշացնեմ, որ տեքստը շատ երկար է ստացվել։

Մաս 1։ Այն մասին, թե ինչպես էր Կորեոլանը հայրենի Սյունիքի հողերը ծախում ադրբեջանցիներին։

Այս թեմայով մանրամասն պատրաստվում էի գրել, բայց ավելի ուշ։ Զուտ ժամանակի սղության պատճառով էի հետաձգում, բայց, երբ արդեն գործը հասնում է ֆեյսբուքում հրապարակային ռասֆրենդին, այն էլ մի շատ հարգված մարդու կողմից, ուղղակի ստիպված եմ գրել առանց հետաձգումների։

Մինչ այժմ թեմային միայն հպանցիկ եմ անդրադարձել` առանձին թեզերի մակարդակով։ Հետաքրքիր է, որ արոտավայրերի վարձակալման ընդդիմադիրներից շատերին չգիտես ինչու թվում է, որ երբ իրենց որևէ փաստարկի անհիմն լինելն ես ցույց տալիս իրենց, ուրեմն վերջ, դու կողմ ես այդ գործարքին, վաճառված ես ՀՀԿ-ին/Լիսկային/Սերժին/անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին (անհրաժեշտն ընդգծել) և առհասարակ վատ մարդ ես։

Այս մոտեցումը ոչ միայն տրամաբանական սխալ է պարունակում, այլև ուղղակի վտանգավոր է հենց պայքարողների համար։ Ես դեռ հայ-թուրքականից մեռա ասելով, որ երբ կառավարության հերթական ղալաթին ընդդիմադիրների արձագանքը լինում է էմոցիոնալ, չհիմնավորված ու առանց երկաթե փաստերի, ապա այդ ամենը հենց այդ ընդդիմադիրների գլխին է ջարդվում։ Վերջիվերջո պետք չի կարծել, թե ղալաթ անողը միամիտի մեկն է ու չի ֆայմի ընդդիմադիրների կիքսերն օգտագործել։ Ոչ միայն կֆայմի, այլև անհամբեր սպասում է դրանց։ Իր շահերից է բխում խուսափել հստակ հարցերից, կենտրոնանալ էմոցիաների վրա և հանրությանը ցույց տալ. «ժողովուրդ ջան, տեսեք, էս բողոքողները մենակ լաչառանալ գիտեն, գործից էլ վաաբշե բան չեն հասկանում, մեզ էլ խանգարում են ազգի համար հոգ տանել»։

Ու բոլոր այն մարդկանց, ովքեր իշխանությունների այս կամ այն որոշման դեմ երբևէ բողոքել են, պայքարել են և այլն, առաջարկում եմ մի հատ հիշել, եղե՞լ են այդ պայքարի ընթացքում նման դեպքեր, երբ այդ զգացմունքները կամ թույլ փաստարկները շուռ են տվել հենց իրենց դեմ։ Ու համապատասխան եզրակացություններ անեն։ Եվ դրա համար էլ ԵՍ ՊՆԴՈՒՄ ԵՄ, որ քննադատությունը, բողոքը պիտի լինի էմոցիաներից և հայտարարություններից լիովին զուրկ, իսկ դրանց փոխարեն պիտի լինեն բացառապես փաստեր ու սառը դատողություն։ Ու պետք չի հետո ասել, թե Կորեոլանը էդ մասին չէր զգուշացնում, որ իշխանություններին ու տվյալ դեպքում Սյունիքի մարզպետարանին մանևրելու լրացուցիչ հնարավորություններ չտաք։

Սա, այսպես ասած` որպես իմ հասցեին հնչեցված կամ նույնիսկ չհնչեցված, բայց մտածված մեղադրանքներին պատասխան։ Ընդ որում` մի կարևոր բան էլ ընդգծեմ. ես իմ հայացքների, մտքերի ու գաղափարների համար որևէ մեկի առաջ արդարանալու չունեմ ու ոչ մեկին հաշվետու չեմ։ Ես հաճույքով պարզաբանում եմ իմ կարծիքը, եթե դրա մասին կոռեկտ հարցնում են կամ դրա անհրաժեշտությունը տեսնում եմ, բայց ոչ ավելին։ Ըստ այդմ` եթե անգամ ես լինեի այդ գործարքի կողմնակից, ես հենց այդպես էլ կասեի. «ես համարում եմ, որ այդ գործարքը մեզ պետք է, լավ եմ անում, որ այդպես եմ համարում»։ Սեփական գաղափարներն իմ վզին փաթաթելու ցանկացած փորձ ժամանակի անտեղի ծախս է. իմ գաղափարները ես ինքս եմ ձևավորում` այո, այդ թվում այլ մարդկանց հետ մտքերի փոխանակման արդյունքում։

Այսքանով, այս արդեն ձգված նախաբանն ավարտեմ ու անցնեմ բուն հարցին։

Մաս 2։ Հնչած հարցեր և մտահոգություններ։

Ասեմ, թե մինչ այս պահը թեմայով հնչեցված մտահոգություններն ինչու՞ եմ համարում էմոցիոնալ և ոչ ռացիոնալ։ Ոչ թե ՍԽԱԼ ԿԱՄ ՃԻՇՏ, այլ հենց էմոցիոնալ ու ոչ ռացիոնալ, որոշ դեպքերում էլ` անհիմն։

Հենց սկզբից փաստենք, որ այս ամբողջ պատմության մեջ ադրբեջանցիներն այսպես կոչված «раздражающий фактор» էին։ Կարող եմ գրազ գալ, որ եթե ասենք վարձով տային ոչ թե իրանցի ադրբեջանցիներին, այլ`ասենք բուլղարացիներին, ապա ոչ մի աղմուկ էլ չէր լինի։ Նույնիսկ, եթե ամբողջ Սյունիքը վարձով տային (մեր մեջ ասած, նենց չի, որ լիքը բաներ տենց վարձով չեն տրվել ում ասես, ռուսներից սկսած, ամերիկացիներով վերջացրած)։ Այն, որ ադրբեջանցիները «раздражающий фактор» են, իհարկե, բնական է։ Հա, և բնականաբար, իմ համար էլ է դա «раздражающий фактор»։

Ու սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև, երբ որ մարդը գրգռված է ինչ-որ բանից, նա բնականաբար ավելի էմոցիոնալ է։ Իսկ դա հենց այն է, ինչն էլ պետք է իշխանություններին, որ բողոքը լինի հուզական դաշտում, որն իրենք շատ հեշտությամբ կարող են շահարկել, ինչպես արել են շատ այլ անգամներ ու դեռ անելու էլ են։ Եթե կա մարդ, որը սա չի հասկանում, ապա ես հույս ունեմ, որ այդ մարդն ուղղակի միամիտ է։

Հիմա, հնչում են հետևյալ տիպի մտահոգություններ.

Մտահոգություն 1. Ինչու՞ ենք ընդհանրապես ադրբեջանցիներին թողնում Հայաստան։
Այս փաստարկը չեզոքացնելը շատ հեշտ է։ Շատ արագ, սա ձևափոխվելու է. «ժողովուրդ ջան, տեսեք, ինչ-որ մարդիկ ուզում են հայ-իրանական սահմանը փակել, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ են մեզ առաջարկում, ուզում են Հայաստանը լրիվ բլոկադայի մեջ մտցնեն»։ Դեռ այսպիսի հակափաստարկ չի՞ հնչել։ Ուրեմն будет։

Փաստարկը խոցելի է նաև ոչ էմոցիոնալ առումով։ Խնդիրն այն է, որ Իրանից ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստան այս արոտավայրերով չի սկսվել ու արոտավայրերով նույնիսկ չի սրվելու։ Ես Երևան եմ եկել 2002-ին ու Մալաթիայից և Փեթակից առաջին տպավորությունս այն էր, որ որտեղ թքեիր, մի ադրբեջանցու կկպնեիր։ Այն ժամանակ իրանցիների և մասնավորապես իրանցի ադրբեջանցիների ներկայությունը Երևանում տեսանելի էր միայն այդպիսի տեղերում, իսկ հիմա դա տեսանելի է նաև փողոցում։ Կոմիտասի վրա ամեն օր իրանցի (ադրբեջանցի՞) ԸՆՏԱՆԻՔՆԵՐ եմ տեսնում։ Ու իրենք տուրիստ չեն, հիմա ձմեռ է, իրենք այստեղ ապրում են։ Հաջորդ քայլը գիտե՞ք որն է լինելու, երբ Երևանում կձևավորվի իրանական համայնք։ Այ «ուրախ» կյանքն այն ժամանակ կսկսվի։ Թե ինչ է պետք անել, որ այդ «ուրախ» կյանքը չսկսվի, ես կարող եմ առաջարկել. 2 լուծում կա, կամ քյառթու փակում ես սահմանը, կամ էլ այդ մասսային փորձում ես ձուլել, իսկ եթե ավելի պոլիտկոռեկտ արտահայտվենք` ինտեգրել։

Իհարկե, ձուլելու թեման էլ, ես հասկանում եմ, որ շատերին ֆանտաստիկա է թվում, պակաս էմոցիոնալ չի և միաշնանակ չի ընդունվի, բայց մարդկությունը որևէ այլ տարբերակ այդ խնդրի լուծման չի հորինել։ Եթե ինչ-որ մեկն այս խնդրի լուծման որևէ առաջարկ ունի, ես պատրաստ եմ լսել։

Հա, ու սա խնդրից շեղել չի, ես ուղղակի ընդգծում եմ, որ իրանցիների Հայաստանում հաստատվելու խնդիրը վաղուց կա և, ի դեպ, ունի ավելի լայն մասշտաբներ։ Ու այդ խնդիրը կլինի նույնիսկ գործարքի ձախողման դեպքում։ Եվ դա պետք է լուծել։

Մի բան էլ, արյան կամ գեների մաքրության ու սենց բաների մասին եք եթե ուզում գրել, ավելի լավա չգրեք, ախպոր պես, էլի։ Առհասարակ, եթե մեկն իմ մոտ արյան մաքրությունից սկսի խոսել, առաջարկելու եմ ինձ մի տեղեկանք ներկայացնել առ այն, որ իր նախնիների մեջ որևէ ոչ հայ չի եղել երբեք։ Հիմա կակ ռազ ինչ-որ տենց ԴՆԹ անալիզներ են անում ու մարդու գեների ամբողջ պատմությունը, թե որտեղից են, ինչ են, պարզում են։

Մտահոգություն 2. Այդ ադրբեջանցիները կգան ու կսկսեն անմիջապես բազմանալ, Սյունիքի և առհասարակ Հայաստանի դեմոգրաֆիայի հերը կանիծեն։ Հենց երկու օր առաջ ֆեյսբուքում մեկը գրել էր, թե դեմոգրաֆիայի հերը կանիծվի մի քանի տարում։

Այն, որ սա էլի էմոցիոնալ է, ակնհայտ է։ Էլ չասեմ, որ փաստարկն ուղղակի աբսուրդ է։ Կարելի է էլեմենտար հաշվել էլ, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թող հաշվի, բոլոր անհրաժեշտ վիճակագրական տվյալները հեշտությամբ գուգլվում են։

Առհասարակ, դեմոգրաֆիկ խոշոր փոփոխությունները լինում են կամ բնաջնջման հետևանքով, կամ մասսայական և երկարատև միգրացիաների հետևանքով։ Օրինակ` Ղարաբաղում դեմոգրաֆիկ վիճակը փոխվում էր, որովհետև այնտեղ 70 տարի (sic!) շարունակ լցնում էին ադրբեջանցիներ և հակառակը` այնտեղից հանում էին հայեր։ Արևելյան Հայաստանում հայերի դեմոգրաֆիկ վիճակը կտրուկ վատացավ Շահ Աբասի կազմակերպած տեղահանությունից հետո (իսկ մինչ այդ ու դրանից հետո էլ վատացել էր բնաջնջումների ու պատերազմների մի երկարատև շարքի հետևանքով)։ Հետո այդ դեմգրաֆիկ վիճակը էլի մի քիչ լավացավ նույն Իրանից մի քանի տասնյակ հազար հայ հետ բերելով և այլն։ Օրինակները շատ են։

Սա բնավ չի նշանակում, թե ադրբեջանցիների ներհոսքը, թեկուզ և թույլ` խնդիր չէ և ոչ էլ նշանակում է, թե խնդիր է։ Սա նշանակում է միայն, որ կա ավելի ընդհանուր խնդիր, ինչի մասին մանրամասն վերևում գրել եմ։ Եվ այդ ընդհանուր խնդրի լուծումն ավելի մեծ աշխատանք է պահանջում։ Նույն Երևանում հաստատված իրանցիների մասին. մեր կողքը մի փոքրիկ այգի կա, որտեղ իրանցիներն էլ են գնում զբոսնելու։ Ամեն ընտանիքը տենց 3-4 երեխայով։ Ու սա հիպոթետիկ ինչ-որ բան չէ, այլ այսօրվա իրականություն, որը բազմիցս աչքովս տեսել եմ։ Ու այդ իրանցիները շփվում են միայն իրենք իրենց մեջ, այսինքն` ձևավորվում են որպես համայնք։ Ի դեպ, որքանով գիտեմ` ես առաջինն եմ, ով այս հեռանկարի մասին բարձրաձայնում է։ Սա ֆիքսենք, որովհետև կգա մի օր, որ ես ցավոք սրտի ստիպված եմ լինելու ասել. «բա որ ասում էի»։

Մի բան էլ ավելացնեմ, իրականում այս «բազմանալու» մտահոգության աղբյուրը նախկինում ունեցած փորձն է, երբ հենց արոտավայրերի թեմաներով քոչվոր ցեղերը ներթափանցել են բազմաթիվ հայկական շրջաններ։ Դա եղել է ռուսական կայսրության ժամանակ էլ, ԽՍՀՄ ժամանակ էլ։ Ու մարդիկ, ըստ էության, այդ փորձն աչքի տակ ունենալով են անհանգստանում։ Դա բնական է։ Միայն մի բան են մոռանում, որ այն ժամանակ, այդ չոբանները ավագույն դեպքում հատում էին կայսրության ներքին ադմինիստրատիվ սահմաններ, իսկ հիմա` պետական սահման։ Ու դա լրիվ ուրիշ թեմա է։ Ասեն ԽՍՀՄ տարիներին Ղարաբաղում հաստատված թուրք չոբանը հաստատվելուց առաջ էլ, հետո էլ ԽՍՀՄ քաղաքացի էր, ավելին` Ադրբեջանի քաղաքացի էր։

Մի խոսքով, այս մի փաստարկը ես համարում եմ անհիմն։ Իսկ իրականում գոյություն ունեցող խնդիրը չգիտեմ ինչու անտեսված է։

Մտահոգություն 3. Անվտանգության հարցեր. լրտեսություն, դիվերսիա ևն։ Այս խնդիրը կա, բայց դարձյալ արոտավայրերի հարցով չի սրվում, այն կա հենց իրանցիների ներհոսքի պատճառով։ Հայաստան հանգիստ ելումուտ են անում տասնյակ ու հարյուրավոր լրտեսներ ինչպես Իրանից, այնպես էլ Վրաստանից, և արոտավայրերի թեման ոչ մի լրացուցիչ ռիսկ չի ավելացնում։

Մտահոգություն 4. Ոչխարները կանապատացնեն Սյունիքը։ Դեռ պարզ չի թե ինչքան ոչխար է բերվելու, բայց Սյունիքում այսօր կա 85000 գլուխ ոչխար։ Ոչխարն արոտվայրի հերն, իհարկե, անիծում է, բայց դրան էլ լուծում կա. արոտավայրերին հանգիստ տալն օրինակ, որ ոչխարից հետո վերականգնվի։ Եթե լուծում չլիներ, ոչխարաբուծություն ընդհանրապես չէր լինի աշխարհում։

Մտահոգություն 5. Եվս մի փաստարկի անհիմն լինելու մասին անդրադարձել եմ նախորդ գրառմանս մեջ։

Ով հացրեց արդեն մոռանալ, էլի հիշեցնեմ, ես բոլորովին չեմ ասում, թե այս մտահոգությունները օդից վերցված են։ Ես ասում եմ, որ սրանց կամ հնարավոր է հակադարձել անհամոզիչ լինելու պատճառով, կամ որ ավելի վատ է, հնարավոր է ուղղակի ջրել, դեռ մի բան էլ շուռ տալով ընդդիմադիրների դեմ։ Թե ինչպես է դա հնարավոր անել, ես կարծում եմ մանրամասն գրեցի։

Միաժամանակ, հնչեցին նաև հարցեր, որոնք այո, լրիվ ռացիոնալ հարցեր էին։

Հարց 1. Չի՞ ավելանա արդյոք Հայաստան թմրանյութերի ներմուծման ռիսկը։ Ով չգիտի` ասեմ, Իրանը թմրանյութերի տարանցիկ հիմնական ուղիներից մեկն է։ Ո՞վ է և ինչպե՞ս է ստուգելու, թե ինչ են մտցնում երկիր։ Ասենք` հոտով անցնող ոչխարի բրդի մեջ թաքցրած (այս հարցն Ավթանդիլյանը տվեց)։

Հարց 2. Նույն չոբանների քանակի և Հայաստանում ապրելու պայմանների մասին հարցերը։ Առանձնանալով վերոհիշյալ գլոբալ խնդրից` մի հատ շատ կոնկրետ հարց. «մոտավորապես քանի՞ մարդու մասին է խոսքը»։ Որովհետև տաս հոգին մի բան է, հարյուր հոգին` մի, իսկ հազար հոգին` մի այլ։ Ուղղակի կարգերով այլ խնդիրներ են։ Չգիտեմ, օրինակ, եթե ուզում ենք վերահսկել այդ չոբաններին, ապա 10 հոգուն դու տուպը կարող ես մի հսկիչ գլխներին նշանակել, 1000-ին ի՞նչ ես անելու։

Սրանք բոլորը դետալներ են, բայց քանի որ սատանան այնտեղ է թաքնվում, հենց դրանք պիտի հստակեցնել, ճշտել։ Ասենք, եթե իշխանությունները չգիտեն, թե ինչպես են հայտնաբերելու մի քանի հազար հոտի հետ մտցվող թմրանյութերը, ապա էլ ինչի՞ մասին է խոսքը, բա ի՞նչ գիտեն։

Այսքանով թեմայով գոյություն ունեցող ու իմ տեսած դիսկուրսի մասին կարծիքիս հատվածն ավարտում եմ։ Հիմա էլ այն խնդիրների ու հարցերի մասին, որոնք ես որևէ տեղ բարձրաձայնված չեմ տեսել ու որոնք ավելի էական եմ համարում։

Մաս3։ Թե ինչի մասին չի խոսվում։

Քանի որ հարցը գյուղատնտեսական է, նշեմ մի կարևոր բազիս, որից պիտի թելադրված լինի ոլորտում ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ։ Հայաստանը պիտի հասնի պարենային ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ։ Սա հրատապ խնդիր է, որի լուծված չլինելն առաջիկա պատերազմում շատ «ուրախ» հեռանկար է մեզ խոստանում։ IT, տուրիզմ, այս ամենը N-րդական կարգի բաներ են, թեև չգիտես ինչու հռչակված են տնտեսության առաջնահերթ ճյուղեր։

Պարենային ինքնաբավության հասնելու համար, անհրաժեշտ է ունենալ զարգացած և դրսից մինիմալ կախվածություն ունեցող գյուղատնտեսություն, այդ թվում` անասնապահություն։

Նորից վերադառնամ նախորդ գրառմանս, որի մեջ ես անդրադարձել էի անասնապահության 2 բազային խնդիրների, բայց այդ ցանկում կարելի է մի քանի այլ խնդիր էլ ավելացնել, այդ թվում` ադմինիստրատիվ բնույթի։ Հիմնական խնդիրները հետևյալն են.

1. սեփական կերային բազայի խնդիր
2. մեխանիզացիայի խնդիր
3. ջրի խնդիր (սա իրավացիորեն նշվեց նախորդ գրառմանս մեկնաբանություններում)
4. «գյուղացիական վարկեր» կոչվող թալանը
5. տարբեր կալիբրի չինովնիկների կամայականությունները

Այս 5 խնդիրներից գոնե մեկի լուծված չլինելը գործնականում անհնարին է դարձնում անասնապահության բնականոն զարգացումը։ Եվ եթե ելնում ենք Հայաստանի առավելագույն պարենային ինքնաբավությանը գերնպատակից, ապա անասնապահության դեպքում ցանկացած որոշման համար պիտի հասկանալ, թե այդ որոշումը որքանո՞վ լուծում կամ ընդհակառակը` բարդացնում վերոհիշյալ 5 խնդիրները։

Ու սրանք են այն հարցերը, որոնք առաջնահերթ պիտի դնել Սյունիքի մարզպետարանի, գյուղատնտեսության նախարարության և կառավարության առաջ ու պահանջել հստակ պատասխաններ։ Ասեմ ավելին` այս հարցերը Կորեոլանը չպիտի բարձրացներ ” դա իմ գործը չէ։ Հարցը պիտի բարձրացնեին լրագրողները ու դեռ մի քանի տարի առաջ։ Լավ, լրագրողները ջայնամ, սրանք այն հարցերն են, որոնցով իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները պիտի կառավարության յախեքը բռնած ման գային ամբողջ օրը։ Բայց դե ստեղ ադրբեջանցիների պես «раздражающий фактор» չկա ու ոչ մեկին առանձնապես չի հուզում։

Էլ ավելի շատ բան ասեմ, գյուղատնտեսության վիճակով մտահոգ և պրոֆեսիոնալ լրագրողը դեռ այս պատմությունից շատ առաջ պիտի լիքը հարցեր տար ու հոդվածներ գրեր։ Օրինակ` բացում ենք նույն Սյունիքի գյուղատնտեսության մասին պաշտոնական թվերը (չեմ ասի, թե որտեղից կարելիա գտնել, ես որ բաշարել եմ, գտել եմ, ում իրոք հետաքրքիրա, նա էլ կարա գտնի) ու մի քիչ թվերի հետ աշխատելուց սկսումա զռռալ էդ գյուղերում անասնապահության անհամաչափ զարգացվածությունը։

Համեմատելու համար.
գ. Ծղուկ, բնակչությունը 427, 6216հա արոտավայր, 433հա խոտհարք, 842 գլուխ խոշոր եղջերավոր, 1251 գլուխ մանր եղջերավոր անասուն
գ. Ծավ, բնակչությունը 499, 5407հա արոտավայր, 236հա խոտհարք, 177 գլուխ խոշոր եղջերավոր, 247 գլուխ մանր եղջերավոր անասուն

Ի՞նչնա պատճառը, որ «նույն քաշի» երկու գյուղում սենց տարբեր թվեր են։ Ու էս երկու գյուղով չի մենակ, կարող եմ էլի բերել օրինակներ։ Ես պատճառը չգիտեմ, պետքա դա գնացվի, տեղում հետազոտվի, պարզվի։ Կարողա կան օբյեկտիվ պատճառներ, կարողա չկան։ Ընդ որում, էս թվերը ես փնտրել, նայել եմ արոտավայրերի թեմայի մեյդան գալու ամենասկզբում, դեռ հլա ahousekeeper-ին էլ պատմում էի, թե ինչքան զարմանալու թվեր են։ Բայց էս ամբողջ ժամանակ, ինչքանով որ հասկանում եմ, ոչ ոք ինձնից բացի չի էլ փորձել մի հատ հասկանալ, թե այս պահին ինչ վիճակումա Սյունիքի գյուղատնտեսությունը։

Իսկ նույն Սյունիքի մարզպետի դիմաց էս ամեն ինչը չի կարելի՞ դնել։ Բա խի՞ չի դրվում։ Խի՞ չի դրվել մինչև հիմա։ Առհասարակ, ինչու՞ Սյունիքում կան «ավել» արոտավայրեր ու ինչա՞ արել էս ամբողջ ընթացքում մարզպետը, որ այդ արոտավայրերը դադարեն ավել լինելուց և օգտագործվեն գյուղացիների կողմից։ Ի՞նչա արել Սյունիքի մարզպետարանը, գյուղատնտեսության նախարարությունը, կառավարությունը նշածս 5 խնդիրների լուծման համար մինչև այսօր։ Ի՞նչ արդյունքներ ա ստացել։

Հա, ի դեպ, նույն հարցերը մնացած մարզերի հետ կապված։ Հիմա վաղն էլ Լոռվա կամ Տավուշի արոտավայրերը վրացիներին վարձով տալու հարց կարող է մեյդան գալ։

Հիմա, այս նշածս կոնտեքստում եթե նայենք` այդ քննարկվող պայմանագիրը ի՞նչ խնդիր է լուծում։ Տեսականորեն, կարող է լուծել միայն մեխանիզացիայի խնդիրը, քանի որ քննարկվում է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հարցը։

Ծիծաղելի է, բայց նույնիսկ, եթե ենթադրենք, որ մեխանիզացիայի խնդիրն են ուզում լուծել, ախր գրողը տանի, բայց էլի հարցեր կան, որոնք չգիտես ինչու միայն իմ մոտ են առաջանում.
1. Այս պահին գյուղատնտեսական ի՞նչ տեխնիկայի կարիք կա Սյունիքի մարզում և ի՞նչ քանակով։
2. Այդ պահանջարկի քանի՞ տոկոսն է ապահովվում ենթադրվող պայմանագրով։
3. Ի՞նչպես է այդ ամեն ինչը հասանելի դառնալու գյուղացիների համար։

Ախր լավ, էսքան աղմուկ է, մեկը կարա՞ այս հարցերին պատասխանի։ Մեկը հետաքրքրվե՞լ է։ Եթե չէ, ուրեմն հարգելիներս, դուք ձեր պայքարում անտեղյակ եք և ձեր հաղթելու շանսերը թույլ են, իսկ հաղթելն էլ ձեզնից չի կախված։

Որպես ամփոփում։

Նորից հիշեցնեմ այն, ինչ սկզբում ասեցի, այս գործարքը թեև համարում եմ խնդիր, բայց չեմ համարում լուրջ բան, եթե այլ փաստեր ընթացքում չբացահայտվեն (օրինակ` կոռուպցիոն ինչ-ինչ սխեմաներ)։ Բայց ես շատ լուրջ խնդիր եմ համարում, որ Հայաստանում տարիներ շարունակ հանրային ակտիվ քննարկման առարկա չեն դառնում այս գրառմանս մեջ նշված բազմաթիվ հարցեր, որոնք երեկ չեն հայտնվել, այս արոտավայրերով չեն հայտնվել, բազմապատիկ անգամ ավելի էական են ևն։ Որ նույնիսկ այս աղմուկից հետո առկա հարցերի մեջ խորանալու և դրանք լուսաբանելու որևէ փորձ առայժմ չարվեց։ Որ նույնիսկ հիմա ոչ ոք իշխանությունից հաշվետվություններ չի պահանջում (և աչքիս չի էլ պահանջի) չարվածի համար։ Ոչ մեկը չի առաջարկում մի հատ ստուգում իրականացնել Սյունիքի մարզում (ընդդիմադիր պատգամավորներ, աուուու, ու՞ր եք, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»)։

Հ.Գ.
Եվ վերադառնալով նախաբանիս։ Եթե կան մարդիկ, ում թվում է, թե այն, ինչ իրենք համարում են կարևորագույն հարց, ես էլի պիտի by default այդպիսին համարեմ, ապա ասեմ, որ այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Ես հնարավորինս մանրամասն, առանց էմոցիաների ու հայտարարությունների կամ գնահատականների, հիմնավորեցի թե ինչը և ինչու եմ կարևոր խնդիր համարում։ Եվ եթե ինձ ցանկանում են հիմնավորել, որ կան նաև այլ խնդիրներ (այդ թվում նրանք, որոնք այս պահին ես անհամոզիչ եմ համարել), ապա այդ հիմնավորումը պիտի լինի նույնքան սառը, առանց էմոցիաների և հայտարարությունների։

Հ.Հ.Գ.
Բլոգնյուզատիպ բոլոր ռեսուրսներին առաջարկում եմ բլոգս լքել առանց ctrl+c, ctrl+v կոմբինացիան կիառելու։