Այս թեմայով չէի գրում, որովհետև … յանիմ ի՞նչ գրես։ Գրես, որ անկախ էն բանից, թե մարդը ինչ է արել կամ ասել, նրան ծեծելով սպանելը որևէ արդարացում չունի՞։ Է սա էնպիսի բան է, որ մարդ կամ առանց ասելու հասկանում է, կամ չի հասկանում։ Հիմա ով չի հասկանում, կարող է դիմել «Հարսնաքար» ախռաննիկի թափուր տեղի համար։

Բայց Վահեի մահվանից հետո կատարված դեպքերը գրելու բան թողեցին։ Նախ, ասեմ, եթե մի օր ինձ սպանեն ու նվստիս մահը հանկարծ հասարակական հնչեղություն ստանա, հաստատ չէի ուզի, որ հիշատակիս միջոցառումներին հիստերիաներ լինեն։ Մարդիկ, սովորեք հարգել հանգուցյալի հիշատակը։ Պայքարելու, պատժելու, կարգախոսներ գոռալու ու միտինգ անելու տեղն առանձին է, մոմ վառելու ու լուռ հիշատակ հարգելու տեղը՝ առանձին (չէ, մոմավառությանը չեմ գնացել)։ Չի կարելի դրանք խառնել։

Ինչ վերաբերում է «Հարսնաքարին» ու Նեմեցին։ Կոչեր են հնչում բոյկոտել Նեմեցի արտադրանքը։ Ճիշտն ասած Նեմեցի արտադրանքը բոյկոտելու պատճառներ դեռ սրանից առաջ մի քանի վագոն կար ու քանի որ ոչ ոք չէր բոյկոտում, հիմա էլ մեկուկես հոգի մեկուկես օր կբոյկոտի ու վերջ (ինքս չեմ բոյկոտելու, ինչ ձեռքս ընկնի, այն էլ կառնեմ ու չեմ էլ մտածի Նեմեցինն է, թե մի ուրիշինը ” հա, այ տենց քաղաքացիական գիտակցությունից զուրկ մարդ եմ, ի՞նչ եք ուզում ինձնից)։

Բայց, բոյկոտի գաղափարն ինքը նորմալ, առողջ գաղափար է։ Իսկ այ մնացածը … հանդիպեցի օրինակ «Հարսնաքարը» փակելու կոչերի։ Շատ ներողություն ” ի՞նչ հիմքով։ Ցույց տվեք օրենքներում այն կետը, որի հիման վրա «Հարսնաքարը» պետք է փակել։

Նույնը Նեմեցին մանդատից զրկելու հարցը։ Ի՞նչ հիմքով։ Կա՞ ապացույց, որ ինքն անմիջական մասնակցություն է ունեցել կատարված միջադեպում։

Կամ «Հարսնաքարը» վառելու, պայթացնելու, սրան-նրան կտոր-կտոր անելու, սպանելու կոչերը, որ այս օրերին հատկապես շատ են ՖԲ-ում։ Ես դեռ հասկանում եմ, երբ էդ պայթացնելու, վառելու կոչեր անողները բռնապետության կամ դիկտատուրայի համակիրներ են, ֆաշիստներ են, իրանց դեպքում դա նորմալա, երևի։ Բայց այ, երբ այդ կոչերն անում են այնպիսի մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ժողովրդավարություն, իրավական պետություն հասկացություններն իրանց համար ինչ-որ արժեք ունեն, այ սա արդեն չեմ հասկանում։

Լավ, ենթադրենք մի մասը դա ասում է զայրացած, զգացմունքների ազդեցության տակ, բայց ախր շատերը նույնը կասեն նաև հանգիստ վիճակում։ Գիտե՞ք որն է ամենավատը, որ այս վերջինները չեն էլ գիտակցում, որ իրենցից յուրաքանչյուրն իրականում մի պոտենցիալ Նեմեց կամ Նեմեցի ախռաննիկ է, որին իրենք այդքան ատում են։ Որովհետև իրենք էլ Նեմեցի ու իրա ախռաննիկի նման ծեծել, ջարդել, սպանելուց էն կողմ բան չեն պատկերացնում։ Իրանց մտքով էլ չի անցնում, որ բացի էն բանից, որ Վահեին ծեծած էդ շկաֆին կարելիա սպանել, կաշին քերթել, կտոր-կտոր անել, իրան կարելիա նաև դատել ու տալ օրենքով նախատեսված պատիժը։ Ճիշտ նույն ձևով էլ էդ շկաֆի մտքով չէր անցել, որ հաճախորդին (միգուցե իրեն սխալ պահող) ծեծելով սպանելուց բացի, կարելիա օրինակ՝ ոստիկանություն հրավիրել։

Որպես ամփոփում ասեմ, որ բռնության և անօրինականության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ և անօրինականությամբ, որովհետև արդյունքում, ակնհայտորեն, ավելանում է բռնությունների և անօրինականությունների թիվը։

Հ.Գ.
Մուննաթ պարունակող մեկնաբանություններ գրելուց առաջ մինչև 50-ը հաշվեք, կարողա գրելու ցանկությունը վերանա։

Հ.Հ.Գ.
Եթե 50-ը հաշվելուց հետո մեկա գրեցիք մուննաթ պարունակող մեկնաբանություն, ասեմ, իմ բլոգնա, ինչ ուզել եմ, էն էլ գրել եմ, լավ եմ արել։