Աղբյուրը։

Արևմուտքում թափ է առնում Օccupy Wall Street շարժումը, որի մասնակիցները բողոքում են խոշոր ընկերությունների ու բանկերի անսանձ ագահության, իշխանության ու կապիտալի սերտաճման, գործազրկության դեմ։ Շարժումը սկսել էր Նյու-Յորքից, ուր սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ առաջին բողոքի ցույցը։

Ըստ «պաշտոնական վարկածի» շարժման հրահրողը կանադական Adbusters ամսագիրն էր, որը քարոզչություն է վարում նյութապաշտության մշակույթի դեմ, թեպետ և ոմանք պնդում են, որ այստեղ էլ է խառը Ֆիգարոյի Ջորջ Սորոսի մատը։

Մի կողմ դնելով դավադրապաշտական տեսություններն՝ այնուամենայնիվ, որպես դիզայներ ու հանրային կապերի ոլորտից տեղյակ մարդ չեմ կարող չնկատել որոշ զուգահեռներ թե´ խորհրդանիշների, թե´ եզրաբանության մակարդակով։

Occupy Wall Street! — Հիմա´

Ի դեպ, վաղուց եմ նկատել, որ «սորոսաշունչ» շատ շարժումներ հաճախ իրենց նեղություն չեն տալիս ինչ-որ նոր բան ստեղծել և օգտագործում են մոտավորապես նույն հնարքները, ներառյալ խորհրդանիշները (օրինակ՝ 1 2 3)։ Ի դեպ, երեկ ՀԱԿ-ի ակտիվիստներից մեկն, ում ցույց տվեցի մի տեսանյութ այն մասին, թե ինչ դաժանորեն է ոստիկանությունը ցրում խաղաղ ցուցարարներին, եւս մեկ զուգահեռ տարավ, արդեն առասպելաբանական մակարդակով. «Յա, փաստորեն սրանք էլ իրենց Բազազն ունեն»։

Ընդհանրապես, շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են հայ «հեղափոխասերներն» արձագանքում այս շարժմանը։ Իմ դիտարկումներով մերոնք հիմնականում գերադասում են «չնկատել» արևմտյան իրենց կոլեգաներին, քանի որ մեր արևմտամետները չեն հանդուրժում որպես դրախտ ընկալվող Արևմուտքի պատկերի վրա և որևէ բիծ։ Ու եթե Եգիպտոսի կամ Թունիսի բողոքները, օրինակ՝ ՀԱԿ-ի որոշ ակտիվիստներ լուսաբանում էին օր ու գիշեր, ապա Occupy Wall Street շարժման թեման մի տեսակ հանգցնում է մերոնց հեղափոխական խանդավառությունը։