Այսօր ժամը 8-ին «Երիտասարդական» մետրոյի մոտ ընկերոջս հետ հանդիպեցինք ու միասին գնացինք դեպի Սարյան փողոց, որով էլ շարժվեցինք դեպի հրապարակ: Զինվորները վերջին փոշեհատիկներն էին մաքրում զինտեխնիկայից: Ցավոք, այդպես միայն մինչև Ամիրյան փողոց հասանք: Ամիրյան փողոցը փակ էր ու շրջանցելով այն՝ մենք հայտնվեցինք ԱԳՆ շենքի տակ: Հետագայում պիտի պարզվեր, որ շատ անհարմար տեղում ենք, քանի որ զորահանդեսը սկսելուց 5 րոպե առաջ մեր դիմաց բերին կանգնացրին մի խումբ զինվորների ու զորահանդեսի սկիզբը նորմալ չտեսանք, բայց դե ” դա միակ տհաճությունն էր: Լուսանկարել եմ ինչ հասցրեցի: Ի դեպ, քանի որ որոշ մարդկանց համար այսօր ոչ թե Անկախության տոնն էր, այլ ռուսական դրոշի, ու Հրապարակում կատարվող ամենակարևոր իրադարձությունն այդ դրոշի առկայությունն էր, ես, որ տոլերանտության երկրային մարմնավորումն եմ, իմ պարտքը համարեցի հատուկ այդ մարդկանց համար մի քանի անգամ լուսանկարել նաև ռուսական վաշտը, թեև այն ինձնից հեռու էր կանգնած: Հա բայց նկարները խառն են, նենց որ հույս ունեմ, որ իրենք ինքնուրույն կառանձնացնեն իրենց հետաքրքրող լուսանկարները:

Իսկ այն մարդկանց համար, ում համար այսօր Անկախության տոնն է, ասեմ ” Զորահանդեսը հրաշալի էր: Ես զորահանդեսներ շատ եմ սիրում ու շատ եմ տեսել և հիմք ունեմ կարծելու, որ կարող եմ օբյեկտիվ համեմատել: Մեր Հրապարակով այսօր անցնում էր ծանրակշիռ, իր ուժը գիտակցող ու արժանապատիվ բանակ: Հաղթած բանակ: Ու ոչ միայն անցնում էր, այլև այդ ծանրությունը, սեփական ուժի գիտակցումն ու արժանապատվության զգացումը փոխանցում էր հավաքվածներին: Դա անհնար է խոսքերով նկարագրել, պետք էր այնտեղ լինել ու զգալ այդ ամենը, զգալ այն որգևորությունը, որ հստակ, գծած ու համաչափ ընթացքով անցնող վաշտերն ու տեխնիկան տարածում էին Հանրապետության Հրապարակով:

Ասեմ նաև, որ զորահանդեսի ժամանակ հաղորդվեց, որ «Սկադ»-երն արդիականացվել են և որ առաջիկայում համազարկային հրետանային ավելի հզոր միջոցներ են ձեռք բերվելու. հավանաբար «Սմեռչ»-ի մասին էին ակնարկում։

Այս երկու նկարն էլ, իմ կարծիքով, ամենակարևոր նկարներն են, որ արել եմ, այնպես որ cut-ից դուրս դնում եմ դրանք: Մնացածը cut-ի տակ: Բոլոր նկարները սեղմելիս մեծանում են։