Մայթով քայլելիս, հաճախ է լինում, որ մեկ էլ դեմդ ինչ-որ մարդիկ են դուրս գալիս։ Դե մայթը նեղ է ու պատահում է, որ դու ես ճանապարհ տալիս, պատահում էլ է, որ քեզ են ճանապարհ տալիս ու այդպես անցնում, գնում եք։ Նախկինում երբեք ուշադրություն չէի դարձրել, թե երբ են ինձ ճանապարհ տալիս, երբ եմ ես ճանապարհ տալիս, բայց էս վերջերս սկսեցի ուշադրություն դարձնել։
Ուրեմն զբոսնում ենք կնոջս հետ։ Եթե դիմացից տղաներ են գալիս, ապա, տեսնելով, որ հղի կին է անցնում, գրեթե առանց բացառության սուսուփուս մի կողմ են քաշվում, ճանապարհ տալիս, բայց … բայց, եթե Աստված չանի դեմից երիտասարդ աղջիկներ գալուց լինեն (տենց ամենաշատը մինչև 30 տարեկան), էտ արդեն պետքա հասցնես իրանց ճանապարհից մի կողմ քաշվես, թե չէ մեղքը քո վիզը, կտան վրովդ կանցնեն, իսկի չեն էլ նկատի, որ վրովդ անցան։ Ու ընդ որում ինչքան ավելի ջահել են եկողները, էնքան ավելի դժվարա իրանց ճանապարհից ժամանակին փախնելը։ Մի երկու անգամ նույնիսկ ստիպված ենք եղել մայթից փողոց իջնել։ Ու դա արդեն ինչքան ժամանակ է ես ու կինս հատուկ ուշադրություն ենք դարձնում և այս ընթացքում մեզ հանդիպած գրեթե բոլոր տղաները ճանապարհ են տվել, ու, առանց բացառության, բոլոր երիտասարդ աղջիկները տենց քշել, անցել են։
Բայց, տրամագծորեն հակառակ պատկեր է տրանսպորտում. տղաները բազմած, իսկ հղի կնոջը տեղ զիջում են աղջիկները։
Ես հասկանում եմ, որ տարբեր տեսակի մարդիկ կան, բայց չեմ հասկանում, թե այդ ինչպես է պատահում, որ իրենց շուրջը ոչինչ չնկատող աղջիկները մեզ հանդիպում են միայն փողոցում, իսկ տղաները` տրանսպորտում։