ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:
Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:
Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցես հավետ դու, անսասան Անդրանի՛կ:
Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ: