Ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Վերջին արտակարգ պատահարից հետո պաշտոնանկ է արվել և մեկ աստիճանով իջեցվել 3-րդ բանակային կորպուսի (Շամխոր) հրամանատար Չինգիզ Շաֆիևը, իսկ նրա փոխարեն կորպուսի հրամանատար է նշանակվել Ադրբեջանի ազգային հերոս գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակպերովը ով մինչ այդ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու) հրամանատարն էր:
Պատկերացնու՞մ եք, թե ինչ ահավոր է. համ Ռովշան, հետն էլ Ակպերով ու իբր դա քիչ էր, մի հատ էլ Ադրբեջանի ազգային հերոս: Այս երեք հանգամանքը միասին երևի լիուլի բավարար են այդ մարդու բարոյահոգեբանական նկարագիրը լրիվ պատկերացնելու համար: Ավելացնեմ միայն, որ Ադրբեջանում և ոչ միայն Ադրբեջանում Ակպերովը հայտնի է սեփական մարտական ընկերներին դավաճանելով, ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ սիրով և նույնիսկ սպանություններով. մասավորապես 2001 թվականին Ակպերովը Կիևում դանակով սպանել էր ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևին:
Երևի ավելորդ է նաև ասել, որ նույնիսկ նման բարոյահոգեբանական նկարագիր ունեցող մարդը գեներալ-լեյտենանտի աստիճան և Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ստանալու համար պետք է անգնահատելի ծառայություններ Ընտանիքին և անձամբ Նրան: Ու այդպես էլ կա, Ակպերովը դեռ 90-ականների կեսերին Հեյդար Ալիևին շատ էր օգնել ընդդիմադիրներին վերացնելու կամ էլ գոնե բանտերում փակելու գործում և նաև այդ պատճառով էր նշանակվել հենց Բաքվի կորպուսի հրամանատար:
Հետաքրքիր է նաև այն, որ ի տարբերություն պաշտոնանկ արված Շաֆիևի, ով պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի թիմից էր, Ակպերովը ոչ միայն Աբիևի թիմից չի այլև ավելին՝ վերջինիս հիմնական մրցակիցներից է համարվում: Փաստորեն ստացվում է, որ մի կողմից Աբիևը զրկվում է անձնական օգտագործման կորպուսի հրամանատարից, իսկ մյուս կողմից էլ նրա հիմնական մրցակիցներից մեկն աքսորվում է Բաքվից: Հետաքրքիր է, թե այս ամենի վերջում ավելի շատ շահած դուրս կգա: