Քանի որ վերջին դեպքի առթիվ, երբ զինծառայողը հինգ հոգու էր սպանել, շատ են խոսակցությունները, թե այդ ինչպե՞ս ԱՄՆ-ում դատված և հոգեբուժարանում բուժված մարդը կարող էր զորակոչվել, թե զինկոմիսարիատում բանակից ազատելու համար փող էին ուզել և այլն, որոշեցի գրել, թե ինչպես է ընդհանրապես աշխատում համակարգը:
Նախ նշեմ, որ առողջական վիճակի պատճառով բանակից ազատում է հանրապաետական զորակոչային հանձնաժողովը և միմիայն հանրապետական զորակոչային հանձնաժողովը: Ինչպե՞ս է ազատում: Զինվորական կոմիսարիատում բժշկական հանձնաժողովը քննում է զորակոչիկին: Եթե զորակոչիկն ունի ակնհայտ ֆիզիկական թերություններ /անդամահատված է, կուզ ունի, վերջույթները տարբեր երկարության են և այլն/, ապա զորակոչիկն ուղարկվում է հանրապետական զորակոչային հանձնաժողով: Եթե զորակոչիկը չունի ակնհայտ ֆիզիկական թերություն, բայց ունի որոշակի խնդիրներ, բողոքներ առողջության հետ կապված, հիվանդության պատմություն և այլն, նա ուղարկվում է բժշկական քննության Երևանի առաջատար կամ պրոֆիլային հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հետազոտվելուց հետո, զորակոչիկը հետազոտության արդյունքներով ներկայանում է իր զինկոմիսարիատ: Եթե ըստ հետազոտության արդյունքների, զորակոչիկը առողջ է կամ պիտանի է ծառայության, նա գնում է բանակ: Եթե հետազոտության ժամանակ հայտնաբերվել է որևէ հիվանդություն, որը անհնար է դարձնում ծառայությունը /կամ կարող է անհնար դարձնել/, ապա զորակոչիկն ուղարկվում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովը կարող է չորս բան անել.
1. Կարող է զորակոչիկին ուղարկել կրկնակի ստուգման այլ հիվանդանոց և սովորաբար այդպես էլ անում է: Այդ դեպքում զորակոչիկը նորից անցնելու է բժշկական հետազոտություն, հետազոտման արդյունքներով վերադառնա զինվորական կոմիսարիատ, որտեղից նրան արդեն պարտադիր ուղարկելու են հանրապետական զորակոչային հանձնաժողով:
2. Բժկական հետազոտման արդյունքների հիման վրա զորակոչիկին տալ տարկետում մեկ զորակոչ, մեկ տարի, երեք տարի ժամկետներով:
3. Եթե զորակոչիկը դրան նախորդած երեք տարիների ընթացում առողջության պատճառով տարկետում է ստացել և նրա առողջական վիճակը դեռևս թույլ չի տալիս ծառայել, զորակոչիկին ուղարկել պահեստազոր:
4. Զորակոչիկի գործերն ուղարկել դատախազություն, ստուգման համար:
Հավելում. Հա, մի բան էլ կարող է անել. ուղարկել բանակ 🙂
Այս սխեմայում կաշառակերության հիմնական օղակը հիվանդանոցներն են:
Հատուկ ուզում եմ շեշտել, որ հանրապետական զորակոչային հանձնաժողովը, տարկետում տալիս է միայն իր կամ զինվորական կոմիսարիատի ուղեգրով անց կացված բժշկական հետազոտության հիման վրա: Այլ բառերով ասած, եթե նույնիսկ զորակոչիկն ունի բոլոր փաստաթղթերը, որ ինքը բուժվել է հոգեբուժարանում կամ որ իր ներքին օրգանների կեսը չկան, դա ՀԻՄՔ ՉԷ, զինվորական ծառայությունից տարկետում տալու համար:
Դատվածության մասին: Եթե զորակոչիկը դատվել է մեկ անգամ ոչ ծանր հանցանքի համար, ապա նա պիտի ծառայի: Եթե զորակոչիկը դատվել է ծանր հանցանքի համար կամ երկու և ավելի դիտավորյալ հանցագործությունների համար և ընդհանուր դատապարտվածությունը երեք տարուց պակաս չի, ապա նա ենթակա չէ զինվորական ծառայության: Բնականաբար զորակոչիկի “հորս արև ես Ամերիկայում 5 տարի նստել եմ”-ը հիմք չէ, այդ դեպքում պետք է հարցումներ արվեն: Զինվորական կոմիսարիատում կաշառք կարող էին ուզել սրա համար, որ մադրու գործում ավելացնեն նրա դատվածության փաստը: