Սկսեցի կարդալ “Դիլիջան” միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը Հանրային Խորհրդին: Արդեն երկրորդ պարբերությունից սկսած պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր էկզեմպլյար է: Այսպես, նամակի հեղինակները գրում են, որ “Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն” ” սա, իհարկե, այդպես է, բայց տեսնենք թե ինչ հարցեր են դրանք, ըստ նամակի հեղինակների.
1. Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: ” Որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչով են իրար հակասում թե շաղկապից առաջ և հետո ընկած մասերը: Սա ի՞նչ արհեստական և կեղծ այլընտրանք է:
2. Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: ” Ստացվում է, որ “իր օրենքներով և կանոններով” պետությունը մեկուսացվա՞ծ պետություն է: Իսկ ես` միամիտս, մինչ այսօր կարծում էի, որ դա սուվերեն պետություն է: Կամ միգուցե սուվերեն և մեկուսացված բառերը հոմանիշներ են ու ես չե՞մ իմացել: Ոչ, դրանք հոմանիշներ չեն և իր օրենքներով ապրող պետությունն էլ կոչվում է սուվերեն պետություն: Թե ինչու են հեղինակները խառնել այս բառերը, թողնենք իրենց խղճին: Իսկ ես, ինձ թույլ կտամ միայն փաստել, որ ոչինչ չի խանգարում սուվերեն պետությանը ներգրավված լինել համաշխարհային գործընթացներում և այնտեղ ամեն գնով պաշտպանել իր շահը, ավելին` բոլոր պետությունները վարվում են այդպես: Նկատեմ նաև, որ սեփական տան դռանը կողպեք ունենալը, մարդուն չի մեկուսացնում իր հարևաններից, բայց ապահովում է մարդու բնակարանի որոշակի անվտանգություն:
Քանի որ, ինչպես վերը նշեցի, հեղինակներն իրենց հարցադրումներում, ըստ էության, կեղծիք էին թույլ տվել /միգուցե պատահաբար, միգուցե միտումնավոր/, ապա միանգամայն բնական է սպասել, որ այդ հարցադրումներից արված եզրահանգումները կարող են լինել սխալ և նույնիսկ անհեթեթ: Եվ այդպես էլ կա. հեղինակները խոսում են ինչ-որ 2 մոդելների մասին. զագրանալ vs. գոյատևել, ներգրավվել աշխարհի գործընթացներին vs. մեկուսանալ: Այս հակասություններից առաջինը արհեստական է, իսկ երկրորդը կեղծված: Եվ հետևաբար որևէ 2 մոդելի մասին խոսք անգամ չկա:
Անցնենք առաջ: Հաջորդ էտապում նամակի հեղինակները փորձում են բացարտել մեզ, թե իրենք ինչքան լավն են: Ստեղծվել է “Հայաստան-2020” նախագիծը, որի շրջանակներում կատարվել են վերլուծություններ, ուսումնասիրություններ, մատնանշվել են երկրի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը ու այս ամենը հասանելի է հանրության լայն շերտերին: Ի դեպ, անձամբ ես շատ կցանկանայի օրինակ ծանոթանալ, թե այդ որ ճյուղերն են հեռանկարային համարել, բայց չգիտեմ թե որտեղից կարելի է իմանալ:
Հիմա տեսնենք, թե ինչքան լավն են հեղինակները.
1. Վերանորոգել են Տաթև վանական համալիրը ” շատ անկեղծ շնորհակալություն, Տաթևի մոտ կառուցում են հյուրանոց ու ճոպանուղի, որ զբոսաշրջություն, բան-ման ” հավանաբար զբոսաշրջությունը վերը նշված հեռանկարային ճյուղերից է: Հա ճոպանուղի ասին, հիշեցի, Տիգրան Սարգսյանի ականջը կանչի:
2. Տպվում է “Երևան” ամսագիրը:
3. Մոսկվայում ինչ-որ կրոնական-մշակույթային-լուսավորչական կենտրոն է բացվել:
4. Դասական երաժշտության մի քանի հայտնի կատարողների հյուրախաղեր Հայաստանում:
5. Մի 10-12 հոգու թոշակ ու արտասահման տուրիստ են տարել:
6. “Դիլիջան” միջազգային դպրոց:
Չգիտեմ ում մոտ ոնց, բայց իմ մոտ առաջացող միակ ասսոցիացիան “для галочки”: Մի հատ եկեղեցի վերանորոգեցինք, մի հատ ամսագիր տպեցինք, մի հատ համերգ կազմակերպեցինք ու մի քանի հոգու էլ թոշակ տվինք: Ամեն դեպքում “Հայաստան-2020” բարձրագոչ անվան կողքին, այս ցուցակն ուղղակի ծիծաղելի է:
Հիմա բուն դպրոցի մասին: Դպրոցը նախատեսված է ալամ աշխարհից երեխաներ բերել-կրթելու համար: Դատելով նամակի վերջաբանի կոնտեքստից, դրանք լինելու են առաջին հերթին սփյուռքահայ երեխաներ (չնայած խոսվում է նաև, որ առաջին հերթին օտարազգիները պիտի գան ” անձամբ ես այդպես էլ չհասկացա): Մի կողմ դնենք այն փաստը, որ նամակի սկզբում խոսվում է Հայաստանի “չմեկուսանալու” և այլ բաների մասին, իսկ վերջում Սփյուռքում հայապահպանման խնդրի մասին: Դրանք չափազանց տարբեր բաներ են, նույն ծրագրի շարժառիթ լինելու համար, բայց դե հիմա: Սփյուռքահայ երեխաներին Հայաստանում կրթելու գաղափարն ինքն իրենով, կարող է օգտակար լինել ” խոսք չունեմ, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Նախ, նախագծի հեղինակներն իրենք են խոստովանում, որ ի սկզբանե նախագծի ապագան շատ կասկածելի էր (ինչը չի խանգարում 60 մլն. դոլար ներդրում անելուն): Բայց լավ, դա էլ ենթադրենք: Երկրորդ, եթե նպատակը սփյուռքի երեխաներին հայկական կրթություն ստանալու հնարավորություն ապահովելն է, ապա դա կարելի է և անհրաժեշտ է անել հայրենադարձության առանձին պետական ծրագրի շրջանակներում: Ուշադրություն է գրավում նաև նամակի մեկ այլ մեսսիջ. “ժողովուրդ ջան, մեզ կրթության մասին օրենքը չէր խանգարում, էտ կառավարությունը տենց որոշեց”: Միգուցե դա այդպես էլ կա, բայց եթե նախաձեռնողները էն գլխից համոզված չէին, որ դրսից կկարողանան աշակերտ բերել, իսկ ներսում օրենքը թույլ չէր տալիս … մի տեսակ անտրամաբանական է այս ամենը: Իսկ նամակի ամփոփումն էլ ուղղակի ասում է. “դե արի ու էսքանից հետո ձեր նմաններին լավություն արա” ” հավանաբար հիմա մենք պիտի մեղա գանք, ներողություն խնդրենք, որ այսքան ապերախտաբար վարվեցինք:
Որպես ամփոփում. ես չեմ բացառում, որ նախաձեռնողները լրիվ անկեղծ մղումներ են ունեցել ինչ-որ օգուտ բերելու համար, բայց լավ գաղափարը մեր այստեղի չինովնիկներն են փչացրել, չնայած նամակի բովանդակությունը որոշակի կասկածներ է առաջացնում նախաձեռնողների հրեշտակ լինելու վերաբերյալ: Դա թողնեմ իրենց խղճին: Նաև չեմ կարծում, որ սրանով օտարալեզու դպրոցների հարցը վերջացավ: