Իբր քիչ էին մեր ազգի սիմվոլներին պիտակներ կպցնում, պախարակում, մեր պատմությունն աղավաղում, հիմա պակասն էլ մենք պիտի լրացնենք: Դու մի ասա, Տիգրան Մեծը դավաճան է եղել: Սկի հայերեն չի իմացել: Պարթևական դաստիարակությունա ստացել: Թագի համար հայրենիքի մի մասը ծախել է մեր ոխերիմ թշնամուն: Ժողովուրդն էլ իրան հեչ չի սիրել, կռայնեյ ստեպնի չի սիրել, այնքան չի սիրել, որ էտ մարդու մասին մեզ գոնե մի երգ չի ստեղծել: Երգը հլա հեչ, ժողովուրդը պարթևական զորքերով Հայք մտած ու մայրաքաղաք Արտաշատը պաշարած Տիգրան Կրտսերինա աջակցել, բայց Պոմպեոսը ուժեղ ու անկախ Տիգրան Կրտսերից վախենալով, գահը տվելա Տիգրան Մեծին:
Այդ ոչինչ, որ Տիգրան Մեծը պարթևներին պատանդ է ընկել 25 տարեկան հասակում: Ոչինչ, որ Տիգրան Մեծին նվիրված երգերը տարածված են եղել նույնիսկ Իտալիայում: Ոչինչ, որ Տիգրան Կրտսերը հայրենիքին սպառնացող վտանգի պահին, երբ Մեծ Հայքը պատերազմում էր Հռոմի հետ, հարավից պարթևական զորքերով ներխուժում է երկիր և պաշարում մայրաքաղաքը ” հիրավի հայենասիրության ուսանելի օրինակ: Ոչինչ, որ այդ արքան Մեծ Հայքը հասցրեց մի այնպիսի հզորության, ինչպիսին չէր եղել նախկինում և չեղավ հետագա 2 հազարամյակների ընթացքում: Եվ վերջապես ոչինչ, որ հենց այդ արքան հայ ժողովրդին տվեց ծովից ծով Հայաստանի երազանքը: Քանի հայորդիներ մեկնեցին Արցախ` մտքում ունենալով տիգրանյան Հայաստանը, հաշվող եղե՞լ է: Մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանում, որ այսպիսի աբսուրդ բաներ պնդելով ու տարածելով, ավելի շատ վնաս են հասցնում մեր ազգային անվտանգությանը, քան նույնիսկ ռազմական գաղտնիքի արտահոսքը: Բայց ո՞ւմ է այդ ամենը հետաքրքրում: