7օրն իրա «հանճարեղ» վերլուծաբաններով շա՜տ վաղուց էր դավադիտ արել, ուղղակի ալարում էի հանեմ, բայց որ ժապավենիս վերջին 30 գրառումից 23-ը իրանք են, էդ արդեն էլ ոչ մի համբերություն չի դիմանա։ Ընդհանրապես, եթե մարդիկ լավ նարդի խաղալ գիտեն, պտի նարդի խաղան էլի, ոչ թե նորմալ մարդկանց ընկերաժապավենը սպամ անեն։
«7օր» պիտակով գրառումները
Թռիչքներ երազում և հարթմնի
Oct 22
Հայ-թուրքական ներկա գործընթացի աղմուկի ներքո Տիգրան Սարգսյանի կառավարությունը հերթական «առաջընթացն» արձանագրեց, որը դուրս մնաց հանրության լայն շրջանակների ուշադրությունից. ՀՀ տնտեսական անկումն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմեց 18,3%։ Պատկերացնո՞ւմ եք, դա 0,1%-ով ավելի լավ է, քան նախորդ ամիս արձանագրվածը, իսկ նախորդը նույն 0,1-ի չափով ավելի լավ էր, քան 2 ամիս առաջ եղածը, և այդպես շարունակ։
Իմ նախորդ հոդվածներից մեկում կեսկատակ-կեսհեգնանքով նշել էի, որ եթե ամեն ամիս ՀՆԱ-ի անկումը կասեցնենք 0,1%-ով, ապա հունիսին արձանագրված 18,6%-անոց «մինուսը» հնարավոր կլինի զրոյացնել 15-16 տարում։ Ես չէի կարող ենթադրել, որ գործադիրը հենց դա էլ անելու է։ Այսինքն, դրսից վերցրած վարկերը, որոնք կրկնապատկեցին ՀՀ արտաքին պարտքը հակաճգնաժամային թեմաներով, օգտագործվել են և «հուժկու» հարված են հասցրել ճգնաժամին։ Ճգնաժամը չի դիմացել և ամեն ամիս հաստատուն՝ 0,1%-անոց քայլերով նահանջում է։
Փաստորեն, Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքական դաշտում է «վարում ու ցանում», իսկ մյուս Սարգսյանը՝ Տիգրանը, տնտեսության մեջ։ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլ» է խաղում Թուրքիայի հետ և «հաջողացրել» է կռվացնել թուրքերին ու ադրբեջանցիներին (վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան, ինքն իր բլեֆին հավատալով, կաշվից դուրս է գալիս՝ ցույց տալու, թե ինչպես է հայկական «շուստրի» դիվանագիտությունը սեպ խրել թուրք-ադրբեջանական բարեկամության մեջ. Նախաձեռնողականությո՜ւն եմ ասել, որ մին զարկի՝ ջարդի հազար), իսկ վարչապետի դիմաց վիրտուալ թշնամի է, բայց էլի հաջողվում է դրա հախից գալ։
Ճիշտ է, Դիլիջանին այլևս չի սպառնում միջազգային ֆինանսական կենտրոն դառնալու հեռանկարը, բայց ճգնաժամը շանս չունի, պետք է հաղթահարվի, քանի որ Տ. Սարգսյանն այլևս գիտի, թե ինչպես են Նիգերիայում պայքարել կոռուպցիայի դեմ (վերջերս Երևան ժամանած սևամորթ բարձրաստիճան տիկինն այդ մասին պատմեց մեր «տերտերին»), և լծվելու է այդ գործին՝ պետության վախճանը տենչացողի էնտուզիազմով։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները կրկին «լացացնող» տպավորություն թողեցին։ Անկում է արձանագրվել և՛ ներմուծման, և՛ արտահանման, և՛ տնտեսության մնացած գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց այս ամենից զատ՝ մեզանում նաև մի հետաքրքիր այլ երևույթ է արձանագրվել վերջին մի քանի ամիսներին, որը բացարձակապես համահունչ չէ միջազգային տնտեսական դաշտում արձանագրված գործընթացներին։ Ո՞րն է այդ երևույթը։
Եթե հիշում եք, «Հայկական աշխարհի» ճարտարապետը պարբերաբար նշում էր, թե մեր երկիրը զերծ է մնալու տնտեսական ճգնաժամից։ Հետո եկավ տնտեսական անկումը բացառապես միջազգային ճգնաժամով պայմանավորելու փուլը։ Մեզ ասվում էր, թե Հայաստանն ուղղակիորեն կախված է արտաքին աշխարհի ազդեցությունից, և դա բնական է։ Շա՛տ լավ, բայց այդ դեպքում անբնական է դոլարի գնի բարձրացումը ՀՀ դրամով։ Ընթացիկ ամիսների ընթացքում ԱՄՆ դոլարն աշխարհում մյուս բոլոր հիմնական տարադրամների նկատմամբ արժեզրկվել է մոտ 20%-ով։ Դոլարային արտահայտությամբ թանկացել են ոսկու և նավթի միջազգային գները։ Այսինքն՝ դոլարն արժեզրկվում է, որի հետ կապված՝ Եվրամիության երկրների ֆինանսական պատասխանատուները լուրջ մտահոգություն են հայտնել, քանի որ ԵՄ-ի արտահանումը տուժում է դրանից։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում այդ նույն ժամանակահատվածում։ Մեզ մոտ դոլարը թանկացել է։ Սա կարող է վկայել հետևյալի մասին. Հայաստանից կապիտալի արտահոսք կա, կամ էլ իշխանությունները փորձում են տնտեսությունն «առողջացնել» սողացող ինֆլյացիոն սցենարով։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք հանցավոր անգրագիտության կամ ֆինանսական շուկան միտումնավոր կազմալուծելու ու անձնական շահ ստանալու հետ։ Եթե կա այլ բացատրություն, ապա ճիշտ կլինի, որ ՀՀ ֆինանսական պատասխանատուները հոդաբաշխ և մասնագիտական բացատրություն տան ստեղծված իրավիճակին։ Թող պատասխանեն, թե ինչպե՞ս է լինում, որ դրսից վերցրած դոլարային վարկերը մտնում են տնտեսության մեջ, բայց դոլարային առաջարկի մեծացումը ոչ թե իջեցնում, այլ բարձրացնում է դրա գինը ՀՀ դրամով։ Այդ ինչպե՞ս է պատահում, որ ԿԲ-ն պարբերաբար դոլար է նետում շուկա, որպեսզի դոլարի փոխարժեքը պահի հայտարարված «կորիդորում»։ Իսկ միգուցե մենք կրկին «ֆիքսված-լողացող» փոխարժեքային քաղաքականությո՞ւն ենք վարում, և մի «X» պահից հետո նո՞ր «մարտի 3» է մեզ սպասվում, երբ որոշ մարդիկ էժան դոլարն արդեն քաշած կլինեն շուկայից։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան են պահանջում։ Այս ամենը պետք է հետաքրքրի նաև ՀՀ դատախազությանը, քանի որ պետական շահերի պաշտպանության տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում ՀՀ ֆինանսական շուկայում, առնվազն մտահոգիչ է։ Այստեղից ֆինանսական մեքենայության հոտ է գալիս։ Եթե այդպես չէ, ապա ուրախ կլինեմ որոշակի մեկնաբանություններ լսել որևէ իրավասու պաշտոնյայից։ Լավ կլիներ, որ հստակ ասվեր նաև, թե մեզանում հիմա լողացո՞ղ, թե ոչ ֆորմալ ձևով ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ 2008թ. նախընտրական փուլում լուրեր տարածվեցին (իշխանության կողմից), թե Թուրքիայից մեծ քանակությամբ դոլար է բերվել, և դրա համար է 1 դոլարի փոխարժեքը կտրուկ իջել մինչև 280 դրամի սահմանը (ակնարկվում էր, թե թեկնածուներից մեկի օգտին թուրքերը «շաբաշ» են տվել)։ Հայ-թուրքական ներկա գործընթացները հաշվի առնելով՝ հիմա, երևի, եկել է դեպի Թուրքիա դոլար տանելու փուլը, և դրա համար էլ դոլարի գինը դրամով շարունակ աճում է։ Ոչ ա՛յն ժամանակ բացատրություն տարվեց՝ դոլարի էժանացման հետ կապված, ոչ էլ ա՛յժմ՝ թանկացման։ Ահա այդպե՛ս է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնում։