«օտարալեզու դպրոցներ» պիտակով գրառումները

kogovit-ը հիշեցրեց իր մատյանում վերջերս տեղի ունեցած խոսակցությունը օտարալեզու դպրոցների մասին:

Մեր msheci ծածկանունով ընդդիմախոսը խուսափեց որևէ կոնկրետ հարցի պատասխանել և շրջանցեց բովանդակային քննարկումները: Մասնավորապես նա խուսափեց Դիլիջանի դպրոցի համար նախատեսված 60 միլիոն դոլարը ոչ միջազգային դպրոցներին ուղղելու, միջին մասնագիտական կրթության խնդիրների մասին քննարկումից: Խուսափեց նաև քննարկել, թե եթե Հայաստանում, ըստ իր պնդման, անհնար է բարձրակարգ ուսուցիչներ պատրաստել ու դրա համար են Դիլիջանի դպրոցը բացում, ապա ինչու՞ ուղղակի չեն ֆինանսավորում դրսում բարձրակարգ հայ ուսուցիչների պատրաստումը, ինչու՞ չեն թարգմանովում հայերեն ուսուցման նորագույն մեթոդները, որոնք ըստ իրեն պիտի կիրառվեին Դիլիջանի դպրոցում և այլն: Մի խոսքով, ում հետաքրքիր է, կարող է ծանոթանալ այդ քննարկմանը այստեղ: Բայց այս գրառումս այնքան էլ դրա մասին չէ. սա ասեցի որպես նախաբան: Պարզվում է, որ քննարկմանը միացել են ևս երկու հոգի, ում մեկնաբանությունները ուզում եմ մեջբերել.

arman666.

Ղուրբան քզի, մի՞թե իրոք կարող ես հավատալ, որ ինչ որ ջհուդի փեսա ջհուդի կապիտալով իրոք ուզում ա Հայաստանի համար կարգին բան անել: Բա ծուռ հաստակող մշեցու բնազդը քեզ չի՞ հուշում, որ դա անպայման սուտ պիտի դուրս գա:

և

Ջհուդի փեսա Ռուբեն Վարդանյանի 60 միլիոն ամենայն հավանականությամբ հենց ջհուդական կապիլը «ոչ առևտրային» նպատակով ներդնելը չի կարող թակարդի մեջ եղած անվճար պանրից տարբերվել: Դա «21-րդ դար» ոմանց համար միգուցե ապահովելո միջոց է, բայց ոչ հայերի: Համենայնդեպս, 21-րդ դարը օրարի վարձկան «5-րդ շարասյուններին»-ը հաստատ չենք թողնի, որ լինի:

zorro64.

Հարգելի Ոգեմիտ Հայեր,իզուր մի անհանգստացեք,ոչ մի դպրոց էլ չի բացվի,վատագույն դեպքում կլինի նախնականի խիստ համեստ իմիտացիան..Վարդանյանը հրեական ֆինանսական շրջանակների հայ ներկայացուցիչն ա.Սրանք զբաղվում են մեծամասշտաբ քցումներով,էշ են ման գալիս, որ նալերը հանեն ու պետք է ազնվական մշեցու միամտություն ունենալ , հավատալու համար , որ նրանք 60 000 000 պրոստը տակ ջուրը կգցեն..

Ինչ ասե՞մ: Դժվար թե որևէ մի բան այնքան օգնած լինի օտարալեզու դպրոցների կողմնակիցներին, ինչքան այ այսպիսի հայտարարությունները: Շատ ափսոս, որ ես օտարալեզու դպրոցների կողմնակից չեմ:

Համանման թեմայով նաև նախկինում եմ գրել. այստեղ և ասյտեղ:

Պիտակներ. , ,

Ինձ երեկվանից մի հարց էլ է հուզում. քանի՞ դպրոց (ոչ միջազգային, այլ մեր սովորական, պապենական մինջանկարգ դպրոցներից), կարելի է վերանորոգել, ժամանակակից (ու ես նույնիսկ կասեի միջազգային_չափանիշներին_համապատասխան) տեխնիկայով վերազինել (համակարգիչներ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ու անատոմիայի դասասենյակներով ու լաբորատորիաներով, գրադարաններով, մարզադահլիճով) 60 միլիոն դոլարով:

Հ.Գ.
Ի դեպ, Գալուստ Սահակյանը հաստատել է, որ Կառավարությունը տապոռ-տապոռ իր էշն է առաջ քշելու:

Պիտակներ. , ,

Սկսեցի կարդալ “Դիլիջան” միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը Հանրային Խորհրդին: Արդեն երկրորդ պարբերությունից սկսած պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր էկզեմպլյար է: Այսպես, նամակի հեղինակները գրում են, որ “Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն” ” սա, իհարկե, այդպես է, բայց տեսնենք թե ինչ հարցեր են դրանք, ըստ նամակի հեղինակների.

1. Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել: ” Որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչով են իրար հակասում թե շաղկապից առաջ և հետո ընկած մասերը: Սա ի՞նչ արհեստական և կեղծ այլընտրանք է:

2. Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: ” Ստացվում է, որ “իր օրենքներով և կանոններով” պետությունը մեկուսացվա՞ծ պետություն է: Իսկ ես` միամիտս, մինչ այսօր կարծում էի, որ դա սուվերեն պետություն է: Կամ միգուցե սուվերեն և մեկուսացված բառերը հոմանիշներ են ու ես չե՞մ իմացել: Ոչ, դրանք հոմանիշներ չեն և իր օրենքներով ապրող պետությունն էլ կոչվում է սուվերեն պետություն: Թե ինչու են հեղինակները խառնել այս բառերը, թողնենք իրենց խղճին: Իսկ ես, ինձ թույլ կտամ միայն փաստել, որ ոչինչ չի խանգարում սուվերեն պետությանը ներգրավված լինել համաշխարհային գործընթացներում և այնտեղ ամեն գնով պաշտպանել իր շահը, ավելին` բոլոր պետությունները վարվում են այդպես: Նկատեմ նաև, որ սեփական տան դռանը կողպեք ունենալը, մարդուն չի մեկուսացնում իր հարևաններից, բայց ապահովում է մարդու բնակարանի որոշակի անվտանգություն:

Քանի որ, ինչպես վերը նշեցի, հեղինակներն իրենց հարցադրումներում, ըստ էության, կեղծիք էին թույլ տվել /միգուցե պատահաբար, միգուցե միտումնավոր/, ապա միանգամայն բնական է սպասել, որ այդ հարցադրումներից արված եզրահանգումները կարող են լինել սխալ և նույնիսկ անհեթեթ: Եվ այդպես էլ կա. հեղինակները խոսում են ինչ-որ 2 մոդելների մասին. զագրանալ vs. գոյատևել, ներգրավվել աշխարհի գործընթացներին vs. մեկուսանալ: Այս հակասություններից առաջինը արհեստական է, իսկ երկրորդը կեղծված: Եվ հետևաբար որևէ 2 մոդելի մասին խոսք անգամ չկա:

Անցնենք առաջ: Հաջորդ էտապում նամակի հեղինակները փորձում են բացարտել մեզ, թե իրենք ինչքան լավն են: Ստեղծվել է “Հայաստան-2020” նախագիծը, որի շրջանակներում կատարվել են վերլուծություններ, ուսումնասիրություններ, մատնանշվել են երկրի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը ու այս ամենը հասանելի է հանրության լայն շերտերին: Ի դեպ, անձամբ ես շատ կցանկանայի օրինակ ծանոթանալ, թե այդ որ ճյուղերն են հեռանկարային համարել, բայց չգիտեմ թե որտեղից կարելի է իմանալ:

Հիմա տեսնենք, թե ինչքան լավն են հեղինակները.
1. Վերանորոգել են Տաթև վանական համալիրը ” շատ անկեղծ շնորհակալություն, Տաթևի մոտ կառուցում են հյուրանոց ու ճոպանուղի, որ զբոսաշրջություն, բան-ման ” հավանաբար զբոսաշրջությունը վերը նշված հեռանկարային ճյուղերից է: Հա ճոպանուղի ասին, հիշեցի, Տիգրան Սարգսյանի ականջը կանչի:
2. Տպվում է “Երևան” ամսագիրը:
3. Մոսկվայում ինչ-որ կրոնական-մշակույթային-լուսավորչական կենտրոն է բացվել:
4. Դասական երաժշտության մի քանի հայտնի կատարողների հյուրախաղեր Հայաստանում:
5. Մի 10-12 հոգու թոշակ ու արտասահման տուրիստ են տարել:
6. “Դիլիջան” միջազգային դպրոց:

Չգիտեմ ում մոտ ոնց, բայց իմ մոտ առաջացող միակ ասսոցիացիան “для галочки”: Մի հատ եկեղեցի վերանորոգեցինք, մի հատ ամսագիր տպեցինք, մի հատ համերգ կազմակերպեցինք ու մի քանի հոգու էլ թոշակ տվինք: Ամեն դեպքում “Հայաստան-2020” բարձրագոչ անվան կողքին, այս ցուցակն ուղղակի ծիծաղելի է:

Հիմա բուն դպրոցի մասին: Դպրոցը նախատեսված է ալամ աշխարհից երեխաներ բերել-կրթելու համար: Դատելով նամակի վերջաբանի կոնտեքստից, դրանք լինելու են առաջին հերթին սփյուռքահայ երեխաներ (չնայած խոսվում է նաև, որ առաջին հերթին օտարազգիները պիտի գան ” անձամբ ես այդպես էլ չհասկացա): Մի կողմ դնենք այն փաստը, որ նամակի սկզբում խոսվում է Հայաստանի “չմեկուսանալու” և այլ բաների մասին, իսկ վերջում Սփյուռքում հայապահպանման խնդրի մասին: Դրանք չափազանց տարբեր բաներ են, նույն ծրագրի շարժառիթ լինելու համար, բայց դե հիմա: Սփյուռքահայ երեխաներին Հայաստանում կրթելու գաղափարն ինքն իրենով, կարող է օգտակար լինել ” խոսք չունեմ, բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Նախ, նախագծի հեղինակներն իրենք են խոստովանում, որ ի սկզբանե նախագծի ապագան շատ կասկածելի էր (ինչը չի խանգարում 60 մլն. դոլար ներդրում անելուն): Բայց լավ, դա էլ ենթադրենք: Երկրորդ, եթե նպատակը սփյուռքի երեխաներին հայկական կրթություն ստանալու հնարավորություն ապահովելն է, ապա դա կարելի է և անհրաժեշտ է անել հայրենադարձության առանձին պետական ծրագրի շրջանակներում: Ուշադրություն է գրավում նաև նամակի մեկ այլ մեսսիջ. “ժողովուրդ ջան, մեզ կրթության մասին օրենքը չէր խանգարում, էտ կառավարությունը տենց որոշեց”: Միգուցե դա այդպես էլ կա, բայց եթե նախաձեռնողները էն գլխից համոզված չէին, որ դրսից կկարողանան աշակերտ բերել, իսկ ներսում օրենքը թույլ չէր տալիս … մի տեսակ անտրամաբանական է այս ամենը: Իսկ նամակի ամփոփումն էլ ուղղակի ասում է. “դե արի ու էսքանից հետո ձեր նմաններին լավություն արա” ” հավանաբար հիմա մենք պիտի մեղա գանք, ներողություն խնդրենք, որ այսքան ապերախտաբար վարվեցինք:

Որպես ամփոփում. ես չեմ բացառում, որ նախաձեռնողները լրիվ անկեղծ մղումներ են ունեցել ինչ-որ օգուտ բերելու համար, բայց լավ գաղափարը մեր այստեղի չինովնիկներն են փչացրել, չնայած նամակի բովանդակությունը որոշակի կասկածներ է առաջացնում նախաձեռնողների հրեշտակ լինելու վերաբերյալ: Դա թողնեմ իրենց խղճին: Նաև չեմ կարծում, որ սրանով օտարալեզու դպրոցների հարցը վերջացավ:

Պիտակներ. , , ,

Օտարալեզու դպրոցների հետ կապված շատ հաճախ եմ լսում, որ դրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, խաթարում են լեզվամտածողությունը և այլն: Համաձայն եմ, որ դա այդպես է, բայց ախր չի կարելի այդպիսի բաներ ասել: Մարդկանց մեծ մասի համար այդ փաստարկներն ուղղակի անհասկանալի են և հետևաբար ինչ էլ անես, այդ փաստարկները մարդիք ուղղակի չեն ընդունի, եթե ընդհանրապես ծաղրի չենթարկեն:

Պիտակներ. , , ,

Ուրբաթ օրը ընկերներիցս մեկի հետ բավականին երկար քննարկում էինք օտարալեզու դպրոցների հարցը: Մասնավորապես քննարկում էինք այդ նախագծի կողմնակիցների կողմից բերվող փաստարկները: Արդյունքում եկանք ինչ-որ եզրահանգումների, որոնց հիման վրա հիմա կփորձեմ մի փոքր ֆորմալիզացնել ու ընդհանրացնել խնդիրը:

Այսպես. դիցուք ունենք որոշակի ոլորտ, որտեղ ցանկանում ենք ռեֆորմ իրականացնել: Առաջարկվող ռեֆորմը, պետք է անցնի որոշակի պարտադիր փուլերի միջով և որից հետո այն միայն պետք է մեկնարկվի.
1. Պետք է մատնանշվեն տվյալ ոլորտի առավել էական խնդիրները, որոնք նշանակենք ա, բ, գ … փ, ք տառերով: /Կրկնում եմ, խոսքը միայն առաջնային և հրատապ խնդիրների մասին է. ոլորտը կարող է ունենալ նաև երկրորդական խնդիրներ:/
2. Պետք է մատնանշվեն այն համապատասխան ա’, բ’, գ’ … փ’, ք’ թիրախները, որոնց մենք ցանկանում ենք հասնել: Այսինքն, խնդիրը ինչ-որ Վ(ա, բ, գ … փ, ք) վիճակից Վ'(ա’, բ’, գ’, … փ’, ք’) վիճակին անցում կատարելն է: /Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ ենք ուզում արդյունքում ունենալ, որպեսզի ցանկացած պահին կարողանանք գնահատել ընթացող կամ ավարտված ռեֆորմի արդյունավետությունը:/
3. Պետք է առաջարկվի Ռ ռեֆորմը, որն իրականացնում է Վ->Վ’ անցումը և ապացուցվի, որ Ռ ռեֆորմն իսկապես իրականացնում է այդ անցումը:
4. Ռ ռեֆորմի համար պիտի նշվի, թե ինչ ռեսուրսներ (նյութական-ֆինանսական, մարդկային, ժամանակային և այլն) կպահանջի այն իրականացվելու համար: /Հնարավոր է, որ նշված բոլոր խնդիրները լուծելու համար պահանջվեն անընդունելի ծախսեր կամ գոյություն չունեցող ռեսուրսներ:/
5. Ռ ռեֆորմի համար պիտի հիմնավորվի, որ այն չի առաջացնում անցանկալի կողմնակի հետևանքներ: /Հնարավոր է, որ առաջարկվող ռեֆորմը լուծելով առկա խնդիրները` առաջացնում է շատ ավելի լուրջ և դժվար լուծելի խնդիրներ:/
6. Պիտի հիմնավորվի, որ գոյություն չունի Ռա, Ռբ, Ռգ … Ռփ, Ռք ռեֆորմների հավաքածու, որոնք միասին իրականացնում են Վ->Վ’ անցումը ավելի քիչ ընդհանուր ռեսուրսներով, ավելի քիչ անցանկալի կողմնակի հետևանքներով և ավելի քիչ ռիսկերով, քան Ռ ռեֆորմը: /Եթե գոյություն ունի առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհ, ապա ակնհայտորեն պիտի ընտրվի այդ ճանապարհը:/
7. Վերը նշված բոլոր կետերով անցնելուց հետո, Ռ ռեֆորմը պիտի փորձարկվի փոքր մասշտաբների վրա, որի արդյունքում պիտի ստուգվի ռեֆորմի արդյունավետությունը և ճշտությունը, հայտնաբերվեն հնարավոր թերությունները, մինչ այդ անհայտ մնացած խնդիրները և այլն: /Տեսական դատողությունները միշտ էլ կարող են սխալ դուրս գալ գործնականում:/
8. Ռ ռեֆորմի փորձարկումից հետո, պետք է ևս մեկ անգամ վերանայվեն 1-6 կետերը` համոզվելու համար, որ Ռ ռեֆորմը շարունակում է մնալ նպատակահարմար: /Փորձարկման արդյունքում կարող են հայտնաբերվել խնդիրներ, որոնք փոխել են 1-6 կետերից որևէ մեկում նախկինում արված եզրահանգումները:/

Ես համարձակվում եմ պնդել, որ քանի դեռ այս բոլոր կետերը չեն բավարարվել, ցանկացած ռեֆորմ ուղղակի արկածախնդրություն է:

Վերադառնալով օտարալեզու դպրոցներին` ասեմ որ այս պահին նույնիսկ չեն նշվել այն խնդիրները, որոնք լուծելու համար առաջարկվում է այս ռեֆորմը: Համենայն դեպս ես ոչ մի տեղ չեմ հանդիպել հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ: Կարող եմ ենթադրել, որ որպես նպատակ դիտարկվում է այլ լեզուների իմացության մակարդակի բարձրացումը, բայց արդյո՞ք դա է այն օպտիմալ ճանապարհը, որով այդ նպատակին պետք է հասնել:

Պիտակներ. , , ,