«Վանաձոր» պիտակով գրառումները
Մաքրման կայանի մասին
Sep 5
Հետ եկա Երևան: Մոտ մի շաբաթ չէի երևում, ասեմ, որ այդ մի շաբաթում փորձնականորեն ապացուցվել է, որ կյանք առանց ինտերնետի գոյություն ունի, համենայն դեպս այն վայրերում, որտեղ կա հեռուստացույց ու մեկ էլ ներքևի հարկի հիստերիկ հարևան ում հիստերիկայի շնորհիվ ու պատճառով ահագին խողովակ փոխվեց:
Անինտերնետ կյանքի որոշ մանրամասներ cut-ի տակ:
Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:
Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:
Հ.Գ.
Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի: