Շարունակելով նախորդ գրառումներիս թեման։ Նախ ասեմ, որ պարզվեց, որ Սամվել Կարապետյանն այնքան էլ չի հերքել, այլ ասել է, թե Կաթողիկոսը այդ արտահայտությունն արել է 5 տարի առաջ։ Մանրամասներն այստեղ։ Ասեմ, որ էլի շատ լղոզված ու խուսափողական հարցազրույց է ու դժվար է գլուխ հանել, թե վերջիվերջո պարոն Կարապետյանի բերնի գոլը որն է։
Ինչևէ։ Շարունակելով վերոհիշյալ գրառումս, ուզում եմ որոշ մտորումներ արտահայտել հարցի էության հետ կապված, թե ով պիտի զբաղվի այս կամ այն տաճարի վիճակով։ Նախ, ի՞նչ է եկեղեցական շինությունը ” վանքը, մատուռը, եկեղեցին։ Եկեղեցական շինությունը մի կողմից կարող է լինել պատմամշակույթային հուշարձան, իսկ մյուս կողմից` պաշտամունքային որոշակի ֆունկցիաներ կատարող շինություն։ Բոլոր եկեղեցիները, վանքերը ու մատուռները, որոնք կառուցվել են, կառուցվել են հենց պաշտամունքային ֆունկցիաներ կատարելու համար, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով որոշ եկեղեցիներ կորցրել են այդ հատկությունը։ Օրինակ` նույն Սանահինը, եթե չեմ սխալվում, միայն վերջերս է կրկին սկսել գործել, այսինքն` մինչ այդ, այն պաշտամունքային ֆունկցիաներ չէր կատարում։ Որոշ եկեղեցիներ ընդհակառակը, պատմամշակույթային հուշարձաններ չեն, բայց պաշտամունքային ֆունկցիաներ կատարում են։ Օրինակ` ասենք Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարը (չնայած չգիտեմ, միգուցե մշակույթային է, բայց հաստատ դեռ պատմական չի)։
Այսքանից հետո Հայ Առաքելական Եկեղեցու առաջնայնությունները պիտի որ պարզ լինեն ” նախ զբաղվել եկեղեցիների պակասը լրացնելով, այսինքն` լուծել իր այսօրվա գործնական խնդիրը, ապահովել սեփական հետևորդների համար բավարար քանակով գործող եկեղեցիներ, հետո այլ հարցերով։
Իսկ ի՞նչ անել այն եկեղեցիների հետ, որ չեն գործում, հեռու են բնակավայրերից, բայց հանդիսանում են պատմամշակույթային արժեքներ։ հայ Առաքելական Եկեղեցին, իհարկե, կարող է դրանց պահպանման համար միջոցներ տրամադրել, բայց այդ եկեղեցիները, որպես պատմամշակույթային հուշարձաններ արդեն պիտի լինեն պետության առաջնահերթությունների ցանկում։
Մի անալոգիա բերեմ։ Այսօր ոչ ոքի մտքով էլ չի անցնի պահանջել ՊՆ-ից, որ վերանորոգի ու ամրացնի Հայաստանի տարածքում գտնվող ամրոցներն ու բերդերը։ Ասենք դիրքերի ինժեներական ծախսերի գոնե մի մասն ուղղի այս կամ այն ամրոցի նորոգմանը։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, այսօրվա պայմաններում ամրոցներն ու բերդերը կորցրել են իրենց պաշտպանական նշանակությունը և ներկայացնում են միայն պատմամշակույթային արժեք։ Պատմամշակույթային արժեքների պահանմամբ էլ պետք է զբաղվի պետական համապատասխան մարմինը, իսկ այդ մարմինը ՊՆ-ը չի։
Եվ վերջապես, եթե մենք, չնայած այն բանի, որ ունենք պետությունը, ուզում ենք ամեն հարցով դիմել Եկեղեցուն, ապա դա անելու երեք տարբերակ կա.
1. Հրաժարվել անկախ պետությունից ու մտնել որևէ պետության կազմի մեջ, ցանկալի է ստրուկի ու ճնշվածի կարգավիճակով, որ հետո էլ գնանք, Կաթողիկոսին ասենք. «Ձերդ Սրբություն, մի խնդրագիր չե՞ք հասցնի կառավարությանը, որ մեզ շատ քոլլուխ չտա»։
2. Եկեղեցու հետ պայմանավորվել, որ այս, այս, այս հարցերով սրանից հետո ինքն է զբաղվելու, լուծարել այդ հարցերով զբաղվող պետական կառույցները, իսկ այդ կառույցների ֆինանսավորումն էլ հատկացնել Եկեղեցուն ու նոր դրանից հետո Եկեղեցուն պահանջներ ներկայացնել։
3. Հայաստանը հռչակել կրոնապետություն. ասենք Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն, որտեղ Կաթողիկոսը ի պաշտոնե կլինի պետության գլուխ, որտեղ կառավարությունը կձևավորվի Եկեղեցու կողմից, որտեղ օրենքների հիմքում կլինեն եկեղեցական ժողովների որոշումները և այլն։ Ու դրանից հետո էլ պահանջել Եկեղեցուց, թե. «պետություն ջան, մեր հարցերը լուծի»։
Ինձ այս երեք կետերից և ոչ մեկը դուր չի գալիս, իսկ Ձե՞զ։
Պիտակներ. Հայ Առաքելական Եկեղեցի, Հայաստան