Այսօր կորեոլան.օրգ-ում առաջին սփամ-մեկնաբանությունը հայտնվեց այն օրից, ինչ սկսել եմ հայերեն գրել: Մինչ այդ օրեկան գոնե մի 8-10 հատ հայտնվում էր ռեգուլյար: Ճիշտ է, ես այ-փիները բլոկ էի անում, բայց միևնույնն է, ստաբիլ 8-10 մեկնաբանություն օերեկան լինում էր: Մի խոսքով, հայերենը լավագույն հակասփամն է, օգտագործեք և չեք փոշմանի:
«Հայոց լեզու» պիտակով գրառումները
Օտարալեզու դպրոցների հետ կապված շատ հաճախ եմ լսում, որ դրանք սպառնալիք են ազգային անվտանգությանը, խաթարում են լեզվամտածողությունը և այլն: Համաձայն եմ, որ դա այդպես է, բայց ախր չի կարելի այդպիսի բաներ ասել: Մարդկանց մեծ մասի համար այդ փաստարկներն ուղղակի անհասկանալի են և հետևաբար ինչ էլ անես, այդ փաստարկները մարդիք ուղղակի չեն ընդունի, եթե ընդհանրապես ծաղրի չենթարկեն:
ԱԺ կայքում գտա Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու տխրահռչակ նախագիծը ու նրա լրամշակված տարբերակը: Պարզվում է, այնտեղ կա նաև օրինագծի հիմնավորում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
Ներկայացված նախագծերի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական՝ կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Դեռեւս 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքում օգտագործված են «միջնակարգ-մաuնագիտական»,«մաuնագիտական-տեխնիկական» հասկացությունները, որոնք հետագայում վերանվանվել են: «Բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացությունը նախկինում ներառում էր նաեւ ասպիրանտական կրթությունը, իսկ ներկայումս դա սահմանված է որպես հետբուհական կրթություն եւ այլն։
ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականություն կրթության բնագավառում: Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:
Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։ Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:
Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։
Օրենքի նախագիծը “հիմնավորմամբ”
Օրենքի լրամշակված տարբերակը
Լեզվի մասին գործող օրենքը
Տեխնիկական հակասություններ, եթե այդպիսիք կան. խնդրեմ, թող հարթեն ինչքան ուզում են: Ինչ վերաբերում է իմաստային մասին, ապա իմ կարծիքը cut-ի տակ (ի դեպ, cut բառի համար մի հատ հայերեն հարմար տարբերակ առաջարկեք էլի):
Ուրբաթ օրը ընկերներիցս մեկի հետ բավականին երկար քննարկում էինք օտարալեզու դպրոցների հարցը: Մասնավորապես քննարկում էինք այդ նախագծի կողմնակիցների կողմից բերվող փաստարկները: Արդյունքում եկանք ինչ-որ եզրահանգումների, որոնց հիման վրա հիմա կփորձեմ մի փոքր ֆորմալիզացնել ու ընդհանրացնել խնդիրը:
Այսպես. դիցուք ունենք որոշակի ոլորտ, որտեղ ցանկանում ենք ռեֆորմ իրականացնել: Առաջարկվող ռեֆորմը, պետք է անցնի որոշակի պարտադիր փուլերի միջով և որից հետո այն միայն պետք է մեկնարկվի.
1. Պետք է մատնանշվեն տվյալ ոլորտի առավել էական խնդիրները, որոնք նշանակենք ա, բ, գ … փ, ք տառերով: /Կրկնում եմ, խոսքը միայն առաջնային և հրատապ խնդիրների մասին է. ոլորտը կարող է ունենալ նաև երկրորդական խնդիրներ:/
2. Պետք է մատնանշվեն այն համապատասխան ա’, բ’, գ’ … փ’, ք’ թիրախները, որոնց մենք ցանկանում ենք հասնել: Այսինքն, խնդիրը ինչ-որ Վ(ա, բ, գ … փ, ք) վիճակից Վ'(ա’, բ’, գ’, … փ’, ք’) վիճակին անցում կատարելն է: /Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ ենք ուզում արդյունքում ունենալ, որպեսզի ցանկացած պահին կարողանանք գնահատել ընթացող կամ ավարտված ռեֆորմի արդյունավետությունը:/
3. Պետք է առաջարկվի Ռ ռեֆորմը, որն իրականացնում է Վ->Վ’ անցումը և ապացուցվի, որ Ռ ռեֆորմն իսկապես իրականացնում է այդ անցումը:
4. Ռ ռեֆորմի համար պիտի նշվի, թե ինչ ռեսուրսներ (նյութական-ֆինանսական, մարդկային, ժամանակային և այլն) կպահանջի այն իրականացվելու համար: /Հնարավոր է, որ նշված բոլոր խնդիրները լուծելու համար պահանջվեն անընդունելի ծախսեր կամ գոյություն չունեցող ռեսուրսներ:/
5. Ռ ռեֆորմի համար պիտի հիմնավորվի, որ այն չի առաջացնում անցանկալի կողմնակի հետևանքներ: /Հնարավոր է, որ առաջարկվող ռեֆորմը լուծելով առկա խնդիրները` առաջացնում է շատ ավելի լուրջ և դժվար լուծելի խնդիրներ:/
6. Պիտի հիմնավորվի, որ գոյություն չունի Ռա, Ռբ, Ռգ … Ռփ, Ռք ռեֆորմների հավաքածու, որոնք միասին իրականացնում են Վ->Վ’ անցումը ավելի քիչ ընդհանուր ռեսուրսներով, ավելի քիչ անցանկալի կողմնակի հետևանքներով և ավելի քիչ ռիսկերով, քան Ռ ռեֆորմը: /Եթե գոյություն ունի առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհ, ապա ակնհայտորեն պիտի ընտրվի այդ ճանապարհը:/
7. Վերը նշված բոլոր կետերով անցնելուց հետո, Ռ ռեֆորմը պիտի փորձարկվի փոքր մասշտաբների վրա, որի արդյունքում պիտի ստուգվի ռեֆորմի արդյունավետությունը և ճշտությունը, հայտնաբերվեն հնարավոր թերությունները, մինչ այդ անհայտ մնացած խնդիրները և այլն: /Տեսական դատողությունները միշտ էլ կարող են սխալ դուրս գալ գործնականում:/
8. Ռ ռեֆորմի փորձարկումից հետո, պետք է ևս մեկ անգամ վերանայվեն 1-6 կետերը` համոզվելու համար, որ Ռ ռեֆորմը շարունակում է մնալ նպատակահարմար: /Փորձարկման արդյունքում կարող են հայտնաբերվել խնդիրներ, որոնք փոխել են 1-6 կետերից որևէ մեկում նախկինում արված եզրահանգումները:/
Ես համարձակվում եմ պնդել, որ քանի դեռ այս բոլոր կետերը չեն բավարարվել, ցանկացած ռեֆորմ ուղղակի արկածախնդրություն է:
Վերադառնալով օտարալեզու դպրոցներին` ասեմ որ այս պահին նույնիսկ չեն նշվել այն խնդիրները, որոնք լուծելու համար առաջարկվում է այս ռեֆորմը: Համենայն դեպս ես ոչ մի տեղ չեմ հանդիպել հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ: Կարող եմ ենթադրել, որ որպես նպատակ դիտարկվում է այլ լեզուների իմացության մակարդակի բարձրացումը, բայց արդյո՞ք դա է այն օպտիմալ ճանապարհը, որով այդ նպատակին պետք է հասնել:
Ինտերնետում զանազան կռիվ-կռիվների պարտադիր բաղկացուցիչ մաս է հակառակորդ ճամբարի ներկայացուցիչների “աբսուրդային” մեկնաբանությունների հավաքածուների կազմումը: Օտարալեզու դպրոցների կռիիվ-կռիվն էլ բացառություն չեղավ և տարբեր մարդկանց մոտ հանդիպեցի այդպիսի հավաքածուների: Իհարկե, աբսուրդային որակումը ստացած ոչ բոլոր մեկնաբանություններն են իրականում այդպիսին, իսկ մյուսներն, իսկապես, աբսուրդային են, բայց այս մեկնաբանությունը, ինձ մի տեսակ շշմեցրեց: Այն ինչ-որ բանով առանձնանում է մյուս աբսուրդայիններից: Նախ այն հնչել է ոչ “հակառակորդ” ճամբարից (յազվիտ անել ցանկացողներին. հակառակորդ բառը հենց այնպես չի չակերտների մեջ): Երկրորդ` մինչ այս իմ տեսած աբսուրդային մեկնաբանություններում գոնե կարելի է տեսնել կենցաղային տրամաբանություն կոչվածը կամ այդ մեկնաբանությունները կարելի է հասկանալ զգացմունքային տեսանկյունից, երբ մարդու զգացմունքները ակտիվ վիճաբանության ժամանակ ուղղակի երկրորդ պլան են մղել սթափ մտածողությունը, բայց այս մեկում նման բաներ կարծես թե չկան: Մի խոսքով հղումը որպես հուշ թող մնա:
Հայերեն
May 15
gost_474_90-ի թասիբի քցող մեկնաբանությունից հետո վերջնականապես որոշեցի հետևել shamset-ի օրինակին ու անցնել հայերենի: Այսուհետև այլալեզու գրառումներ կլինեն միայն այն դեպքերում, երբ կլինի օբյեկտիվ անհրաժեշտության, որ գրառումը հասկանալի լինի ոչ միայն հայերին:
Պարզվում է, որ մերոնք ծրագրավորման կոնստրուկտոր և դեստրուկտոր տերմինները վերցրել, թարգմանել են կառուցիչ և փլուզիչ : Լավ, կառուցիչը ենթադրենք հասկացանք, օբյեկտ է կառուցում, բա փլուզիչը՞: Չէ չէ մի կործանարար երկրաշարժ: Տենց էլ պատկերացնում եմ փլուզված օբյեկտի մնացորդները մեքենայի հիշողության մեջ` բայթերի ջարդոտված կույտի տեսքով: Ես չեմ հասկանում, այդ տերմինները մտցնողը գոնե մոտավոր պատկերացում ունեցե՞լ է, թե ինչ բան է դեստրուկտորը: Լավ հասկացանք, որ ուզում են հայերեն տերմիններ մտցնեն, բայց ախր չի կարելի մասնագիտական տերմինները վերցնել ու խոսակցականից բառացի թարգմանել: Չէ՞ որ այդ տերմինները նկարագրում են որոշակի երևույթներ, օբյեկտներ, առարկաներ. վերջիններս ունեն որոշակի հատկություններ և տերմինները բացահայտում են այդ առարկայի առավել էական հատկությունը կամ հատկությունները ու տերմինը թարգմանելիս պետք է ոչ թե բառացի թարգմանության հետևից ընկնել, այլ ձգտել, որ հայերեն տերմինը նույնպես բացահայտի նկարագրվող առարկայի բնույթը. բառացի թարգմանությունը միշտ չի, որ ապահովում է դա: Իսկ այսպես ուղղակի զավեշտ է դառնում: