«Ժառանգ» հասարակական կազմակերպություն
«Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց
Երևան, հոկտեմբերի 4 — դեկտեմբերի 11, 2010
Դպրոցի նպատակն է քննել քարոզչության դասական և ժամանակակից մեթոդները, ուսումնասիրել զանազան հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական-հոգեբանական գործողություններն, ինչպես նաև քարոզչության և հանրային կարծիքի ձևավորման ոլորտում միջազգային փորձը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրներին։
Ուսումնասիրվող առարկաներն են.
- Տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն և հանրային կարծիքի ձևավորում, ժամանակակից հակամարտություններում տեղեկատվական և հոգեբանական գործողություններ։
- Տարածաշրջանային հակամարտություններ. դրանց պատմաքաղաքական և ժողովրդագրական արմատները։ Ռազմավարական աշխարհագրություն։ Տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
- Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն։
Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը ներառյալ։
Մանրամասներն ու դիմումի ձևն այստեղ. «Քարոզչության անատոմիա» երեկոյան դպրոց
* * *
Պաշտոնական հայտարարությունից զատ մի երկու խոսք էլ ավելացնեմ.
ա. Սա արդեն վեցերորդ նմանատիպ դասընթացն է։ Նախորդ անգամները մրցույթը եղել է մեկ տեղի համար երեքից վեց դիմորդ։
բ. Դպրոցից հետո շրջանավարտները մի քիչ այլ ձևի են նայում աշխարհին։ Այդ պատճառով մեզ երբեմն մեղադրում են, թե «աղանդ» ենք 
գ. Մենք աշխատում ենք շատ լարված գրաֆիկով, «ձեռքի հետ մասնակցել» չի ստացվում։
դ. Դպրոց գալիս են տարբեր մասնագիտությունների և քաղաքական հայացքների տեր մարդիկ՝ ֆիզիկոսներից մինչև քաղաքագետներ, ՀԱԿ-ի անդամներից մինչև դաշնակցականներ։
* * *
Իմ կարծիքով դպրոցն առավել օգտակար կլինի հետևյալ ոլորտներով զբաղվողների համար.
ա. Քաղաքականությունով զբաղվողներին, քաղաքագետներին, քաղաքականությունը լուսաբանող լրագրողներին և բլոգգերներին։
բ. Սոցիալ հոգեբաններին, սոցիոլոգներին, զանգվածային հաղորդակցություններով և հակամարտություններով հետաքրքրվողներին։
գ. Զանազան հասարակական շարժումների ակտիվիստներին։
դ. Արևելագետներին։
Իմաստ չունի դիմել. երիտչինովնիկներին, սպամերներին, արագ հարստանալու դեղատոմսեր որոնող անձանց։ Սա գրում եմ՝ հաշվի առնելով նախորդ դպրոցների որոշ դիմումներ։
* * *
Ժառանգի գործունեությանը կարելի է հետևել նաև Ֆեյսբուքի միջոցով։ Ուրախ կլինեմ դպրոցին վերաբերող հարցերին պատասխանել այստեղ կամ Ֆեյսբուքում։