«Անձնական/Личное» խորագրի պահոցը
Դե մենք գնացինք:
Sep 18
Հիշեցում N:2
Sep 17
Հարգելի ընկերներ, հիշեցնում եմ, որ առաջիկայում նախատեսվում է ուղևորություն Արցախ, և, որ մեքենայում կան երկու ազատ տեղեր, որոնք կարող եք զբաղեցնել դուք:
Ասեմ, որ նախնական երթուղին փոխվել է: Նախ շարժվելու ենք շաբաթ երեկոյան ու հասնելու ենք Քարվաճառ քաղաք, որտեղ և գիշերելու ենք: Մինչև Քարվաճառ մենք մենակ չենք գնալու. մեկ այլ մեքենայով այնտեղ է գնում նաև կոլեգաներիցս մեկը իր ընկերների հետ (որոնց թվում նաև aaghayan-ը): Իրենք այդ ճանապարհը արդեն շատ լավ գիտեն, բազմիցս գնացել են, այնպես որ առանց խնդրի տեղ կհասնենք: Դրա շնորհիվ հաջորդ առավոտյան մի քանի ժամ շահած ենք ունենում, որի շնորհիվ առաջին օրը կարող ենք այցելել մի քանի այլ վայրեր ևս. ենթադրաբար կգնանք կամ Սարսանգ, կամ Իստիսու, կամ էլ ուղղակի ավելի շատ ժամանակ անց կկացնենք Դադիվանքում և Գանձասարում: Փոփվել են նաև երթուղու այլ հատվածներ և գիշերելու վայրերը: Երթուղին այժմ ունի հետևյալ տեսքը:
Շաբաթ.
Երևան-Քարվաճառ:
Կիրակի.
Քարվաճառ-Դադիվանք-Գանձասար-Մարտակերտով Տիգրանակերտ-Նոր Մարաղա (հավանական է, որ այս երթուղում ավելանա նաև Իստիսուն կամ Սարսանգը):
Երկուշաբթի.
Նոր Մարաղա-Շուշի-Ամարաս-Հադրութ-Արաքսի ափ-նոր ջրամբար-Միջնավան-Կովսական-Կապան:
Երեքշաբթի.
Կապան-Երևան:
Գիշերակացի վայրերը Քարվաճառ, Նոր Մարաղա, Կապան:
Եթե միանալ ցանկացողներ կան, խնդրում եմ մինչև այսօր երեկոյան ինձ տեղյակ պահեք:
Ճանապարհորդություն Արցախով
Sep 16
Մի քանի ընկերներով նախատեսում ենք առաջիկա հանգստյան օրերը` սեպտեմբերի 19-ից 21-ը, կազմակերպել ճանապարհորդություն Արցախով: Նախնական մոտավոր երթուղին հետևյալն է. Երևան-Զոդ-Դադիվանք-Գանձասար-Ստեփանակերտ-Շուշի-Տիգրանակերտ-Ամարաս-Արաքսի ափ-Միջնավան-Կովսական-Կապան-Երևան: Գիշերելու ենք Շուշիում և Կապանում:
Կա հավանականություն, որ մեքենայում կլինի երկու ազատ տեղ, այնպես որ, եթե կան միանալ ցանկացողներր, ապա կարող են տեղյակ պահել ինձ կամ այս գրառման տակ, կամ անձնական հաղորդագրության միջոցով: Բոլոր ծախսերը կատարվելու են հավասար մասնաբաժիններով: Տեղյակ պահելու վերջնաժամկետն է ուրբաթ երեկոն կամ ծայրահեղ դեպքում շաբաթ առավոտյան:
Նաև շնորհակալ կլինեմ առաջարկների և խորհուրդների համար:
Մի հրաշալի անանուն եմ ձեռք բերել: Չգիտեմ ինչ է ինձնից ուզում, բայց գրածները կարդում եմ ու դեռևս ոչ օղորմածիկ Նիկոլի ասած, հոգիս հո չի փառավորվում, հո չի փառավորվում:
Մյուս անանուններից տարբերելու համար նրան որոշեցի համար վերագրել 87158:
Հավելում 1:
Իմ անանուն N87158-ի և խլուրդը Արամ անունով անանունի կռվի ընթացիք հաշիվը.
Անանուն N87158-ը վաստակել է միավորներ իսկական անանուն լինելու, 3 գրառման տակ գրելու, ռեֆրեշ անելու, հին գրառումներ կարդալու, հավատարիմ լինելու, երկու միավոր ընդդիմադիր թերթեր կարդալու, մրցունակ լինելու համար: Միաժամանակ միավորներ են հանվում մարդամոտ չլինելու, Հայկ Բալանյանին լևոնական հանելու, մեկնաբանության տակ պատասխանել չիմանալու համար: 8-3=5: Պաշտոն խոստանալու համար հավաքված միավորները կրկնապատկվում են և ստացվում է ” 10 միավոր:
Խլուրդի Արամ անանունը վաստակել է միավորներ ավելի շատ մեկնաբանություններ ունենալու, 3 գրառման տակ գրելու, ուրիշի մոտ էլ գրելու, ռեֆրեշ անելու, մարդամոտ լինելու, Թուրքիայում հանգստանալու, լատինատառ գրելու համար: 6 միավոր:
Այսպիսով ընթացիկ հաշիվը 10:6 հօգուտ անանուն N87158-ի:
Խլուրդ, եթե բան եմ մոռացել, հիշեցրու:
Хелп
Jun 27
Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:
Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:
Հ.Գ.
Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի: