«Հայաստան/Армения» խորագրի պահոցը

Այլընտրանքային ծառայության մասին

Եհովականները պնդում են, թե իրենց կրոնական համոզմունքներն արգելում են զենք բռնելը (չնայած` համոզված եմ, որ տանը դանակ վերցնում են, բայց դե) ու դրա համար իրանք բանակ չպտի գնան։ Լավ, ենթադրենք, հարց չկա։ Է թող իրանք բանակում զենք չբռնեն, այլ ուղարկվեն ականազերծման աշխատանքներ անելու։ Ազատագրված տարածքներում էնքան ական ու բեկոր կա, որ Հայաստանի բոլոր եհովականները մի 15-20 տարի անընդհատ մաքրեն, էլի չի պրծնի։

Ու հլը ու թող մեկը ասի, թե ական վնասազերծելն իրա աստված նույնպես արգելումա։

Պիտակներ. , ,

Երկու Հայաստան

Գոյություն ունի երկու Հայաստան, որոնց որոշ պայմանակնությամբ անվանենք վիրտուալ և իրական։

Վիրտուալ Հայաստանը մինչև կոկորդ հագեցած է իրադարձություններով։ Ինքներդ դատեք. խայտաբղետ հասարակական շարժումներ, արյունահեղ հեղափոխություններ, Բաքվի գրավումը, ծպտյալ հայերի ապստամբության նախապատրաստական աշխատանքները և այլն, և այլն։ Ու այդ ամենը ժողովրդի անունից, ժողովրդի համար և ժողովրդի միահամուռ մասնակցությամբ։

Հետո ֆեյսբուքից դուրս եմ գալիս ու նայում եմ շուրջս. ծանոթներիս, բարեկամներիս, հարազատներիս, ընկերներիս և այլն։ Մարդիկ, որքան էլ դա տարօրինակ է շուրջը եռացող հեղափոխությունների պայմաններում, հիմնականում զբաղված են ոչ թե այդ հեղափոխություններով, այլ իրենց առօրյա հոգսերով. ինչ ուտել, ինչ հագնել, երեխաների դասերը ստուգել, դպրոցում ծնող են կանչել, գնալ, վերևի հարևանը էլի ջուր է լցրել, գնալ կռվել և այլն, և այլն։

Արա, ու ինչքա՜ն են տարբերվում այդ երկու հայաստանները ու ինչքա՜ն իրար հետ ոչ մի կապ չունեն։

Հ.Գ.
Պետք չի գրել, թե «վիրտուալ Հայաստանը ռեալում էլ է բաներ փոխել, բլաբլաբլա»։ Նախ` դրա համար էլ գրել եմ «որոշ պայմանականությամբ»։ Երկրորդ` միևնույնն է, այդ երկու հայաստանները լրիվ տարբեր երկրներ են։ Մեկ-մեկ նույնիսկ սկսում եմ կասկածել, որ տարբեր մոլորակների վրա են։
Հ.Հ.Գ.
Այո, սույն գրառումը պատվիրված է իշխանությունների կողմից ահագնացող ժողովրդական շարժման դեմն առնելու և իշխանությունների դիրքերն ամրապնդելու համար։

Պիտակներ. , ,

Անդրանիկ Օզանյան 148

Երբ փոքր էի ու մայրս իմ համար երգում էր Անդրանիկին նվիրված երգեր կամ նույնիսկ ինքս էի ինչ-որ բաներ կարդում (իսկ կարդալ ես շուտ եմ սովորել), համոզված էի, որ այդ ամենը կատարվել է բոլորովին վերջերս, բառացիորեն մի քանի տարի առաջ։ Հետո արցախյան պատերազմն էր թափ հավաքում ու երգված պատմություններն իմ ուղեղում միահյուսվում էին ռադիոյով, իսկ ավելի հազվադեպ` հեռուստացույցով մեզ հասնող տեղեկություններին։ Երբ հաջողվում էր հատուկենտ կադրեր տեսնել պատերազմից, մորս հանգիստ չէի տալիս, մինչև չասեր, թե այդ կադրերում ով է Անդրանիկը, ով է Գևորգը, ով Քեռին և մյուսները։ Ու այդպես երկար տարիներ Անդրանիկն իմ համար անցյալ չէր, իմ ժամանակակիցն էր։ Նա կռվել էր Սասունի համար, Մուշի համար, Վանի համար, հիմա էլ կռվում էր Արցախի համար։

Իսկ հետո … է հետո դասագրքեր, ծննդյան և մահվան թվականներ ու մանկական ֆանտազիայիս ծնած էպիկական սյուժեները մեկը մյուսի հետևից փլվեցին, կորան։

148 տարի առաջ այս օրը ծնվեց Անդրանիկ Օզանյանը։ Շնորհավոր ծնունդդ, զորավար։

Պիտակներ. , , ,

Ընտրությունների մասին

Իզայի մոտ գրեցի, բայց առանձին գրառում էլ անեմ ու մի քիչ ավելի բացված գրեմ։

Րաֆֆին հավաքել է մոտ 539 կիլո ձայն (համեմատության համար ԼՏՊ-ն 2008-ին հավաքել էր 359 կիլո ձայն)։ Ով ումից քանի ձայն գողացավ ” էդ թեմաներն ինձ չեն հետաքրքրում։ Ասեմ, որ Րաֆֆիի մասին բացասական կարծիքս էլ, բնականաբար, չի փոխվել, բայց …

Բայց նաղդ մարդուն կողմ է քվեարկել կես միլիոնից ավել քաղաքացի։ Ու 5 տարի շարունակ մարդը չի ունենալու իշխանական լծակ, բայց կրելու է էդ կես միլիոն ձայնի պատասխանատվությունը։ Ես չգիտեմ «Ժառանգությունում» ընդհանրապես հասկանու՞մ են, թե ինչ ահռելի ռեսուրս է իրենց ձեռքում հիմա, թե ոչ։

Հիշենք, որ մինչև այժմ նախագահի որևէ թեկնածուի այդպես էլ չի հաջողվել մինչև հաջորդ ընտրություն չփոշիացնել իր նկատմամբ եղած այդ վստահությունը։ Անխտիր բոլորն այդ ռեսուրսը մսխել են. սկսած Վազգեն Մանուկյանից, վերջացրած` Լևոն Տեր-Պետրոսյանով։ Ոմանք այդ ռեսուրսը հենց այնպես ջուրն են լցրել (օրինակ` Ստեփան Դեմիրճյանը), մյուսներն այդ ռեսուրսը բիրիքով վաճառել են (օրինակ` Արթուր Բաղդասարյանը), բայց վերջին հաշվով բոլորն էլ այս կամ այն կերպ մսխել են` վերածվելով քաղաքական դիակների։

Հիմա տեսնենք, թե ինչ կբաշարի անել իրեն վստահված կես միլիոն ձայնի հետ Րաֆֆին։ Ասեմ, որ սկիզբն առայժմ ստանդարտ սցենարով է գնում, իսկ հետոն էլ կապրենք, կտեսնենք։ Հինգ տարի հետո չմոռանամ, կարդամ էս գրառումս։

Պիտակներ. , , ,

Թե ինչու չեմ ընտրելու

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ սույն գրառումը պատվիրված է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀՇ-ի, «Ժառանգության», ԿաԳէԲէ-ի, Մոսադի, ՑեԷռՈւի, Ֆրանսիական Մեծ Օթյակի, Մոսադի մի այլ բաժնի, Սերժ Սարգսյանի փեսայի, Ռոբերտ Քոչարյանի և Ապազգային Ուժերի Համաշխարհային Կոնգրեսի կողմից։ Եթե դուք քաղաքականապես ակտիվ եք և հատկապես երիտասարդ ու արդեն որոշել եք, թե ում եք տալու ձեր ձայնը, ապա սույն գրառումը կարող է առաջացնել ձեր արդարացի զայրույթը, վրդովմունքը, սակայն դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, քանի որ ничего личного, только бизнес։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Սյունիքի արոտավայրերի մասին

Հենց սկզբից ասեմ. այդ գործարքը ես խնդիր եմ համարում, բայց առայժմ չեմ համարում լուրջ խնդիր, ինչպես նաև չեմ համարում, որ բարձրացված աղմուկը համարժեք է խնդրի կարևորությանը։ Մյուս կողմից, ես դեռևս չմարած հույս ունեմ, որ այս աղմուկը առիթ կդառնա, որ հասարակական քննարկման առարկա դառնան Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները։

Մանրամասները cut-ի տակ։ Զգուշացնեմ, որ տեքստը շատ երկար է ստացվել։
Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , , ,

Խլուրդն աաայ, այստեղ բոչկա է գլորում, թե «մեր խոտը մեր ոչխարներին»։

Մի քիչ բացատրեմ հա՞ իրավիճակը։
Արոտավայրեր, որտեղ անասունը գարուն-ամառ-աշուն շրջանում արածում և չաղանում է, Հայաստանում կան ու հերիք են։ Ու այդ «ամառոտ» շրջանում չի, որ անասունն ուտելու բան չի ունեցել։ Խնդիրը ձմեռվա կերն է եղել։ 2012-ին խոտը մի կողմից քիչ էր, մյուս կողմից` «բոյ չէր տվել»։ Էդ «բոյ չէր տվելը» մասնավորապես նշանակում է, որ եթե ասենք մի հեկտարից 2011-ին կարելի էր հնձել X զանգավծով խոտ, ապա 2012-ին նույն հեկտարից հնարավոր էր հնձել ենթադրենք` 0.4X զանգվածով խոտ, եթե ոչ ավելի քիչ։ Ընդ որում, ինչը շատ կարևոր է, 2011-ի այդ X զանգվածը հնձելու և 2012-ի 0.4X զանգվածը հնձելու համար նույն ծախսերն են պահանջվում (մարդկային ռեսուրս, ժամանակ, տեխնիկա ևն)։

Էլի եմ ասում ‒ ամռան կերը չէր հարցը, անասունն ինչքան իրեն պետք էր, կգտներ, կուտեր։ Հարցը ձմռան պաշար կուտակելն էր։ Ու պակասությունը այդ ձմռան պաշարն էր անում։

Հիմա այդ կուտակելու հարցը։ Խլուրդը կասի, է թող կողքի արոտավայրերից հավաքեին։ Թող, Խլուրդ ջան, գիտես հե՞շտ գործ է։ Դժվարը մի կողմ, լրացուցիչ մարդաժամեր են պետք, դրանք որտեղի՞ց ճարենք։ Ժամանակը սուղ է, իսկ լրացուցիչ մարդ գյուլլա քցես, չես ճարի։ Չէ, կա մի տարբերակ ‒ պրոցեսի մեխանիզացիա։ Ով հնձող տրակտոր ուներ (տենց պուճուրիկ տրակտորներ կան օրինակ), նա այս տարի պապա էր։ Մի ամսվա հունձը մի 4-5 օրում արեց, վերջացրեց, խոտը ամբարեց, գնաց իրա կնգա կողքը պառկեց։ Բայց, էդ տրակտորը տենց մի 8000 դոլար արժի, ամեն մարդու գրպանի բան չի։ Էդ նույն մարդիկ էս գարնանը կլինեն էլ ավելի շատ պապա, որովհետև, հա, միսը բեսամփ թանկանալու ա, իսկ իրենց ծախսերը մնացել են 2011-ի մակարդակին։

Իսկ մնացածը մնացին բոռտին։ Կամ թանկ ու կրակ պետքա անասնակեր առնեին էդ «պապաներից», կամ անասունը մորթեին։ Եթե պարսիկներին տված արոտավայրերը էդ բոռտին մնացածներին էլ տաս, մեկ է, դա խնդիրը չի լուծի։

Այլ բառերով ասած` եթե նախորդ տարի մարդն ամռան ընթացքում առանց տեխնիկայի հասցնում էր անհրաժեշտ խոտը հնձել, չորացնել ու ամբարել, ապա հիմա ուղղակի չէր կարող հասցնել։

Առակս ի՞նչ կցուցանե, իրականում անասնապահության խնդիրը արոտավայրերի պակասը և նույնիսկ երաշտը չի։ Խնդիրները սրանք են.

1. Անասնապահների մեծ մասը չունի սեփական կերային բազա։ Նույնիսկ քիչ թե շատ խոշոր տնտեսություն ունեցողները (սկսած մի քանի տասնյակ գլխից)։ Շատերը ուղղակի սովորել էին, որ խոտը էժան է ու նույնիսկ չէին էլ փորձել արոտավայր վարձակալել, էն հույսով, որ ձմռան խոտը կառնեն։ Այս կատեգորիան ամենաշատը տուժեց։

2. Անասնապահությունում մեխանիզացիայի մակարդակը շատ ցածրա։ Նույնիսկ նրանք, ովքեր սեփական արոտավայր ունեին կամ ֆայմել էին վարձել, չունենալով տեխնիկա, ի վիճակի չեղան այս տարի անհրաժեշտ անասնակերը ամբարել։ Այս կատեգորիան էլ տուժեց, բայց կորուստները տանելի էին։

Ա ծեպեռ վապռոս ‒ նաֆիգ մեզ էդ պարսկական տրակտորները, որոնց համար էդ տականք Լիսկան մեր հայոց արոտավայրերը լցնումա պարսիկներով։ Ես իհարկե չգիտեմ, թե հատկապես ինչ տրակտորներ են դրանք ու առավել ևս ինչ պայմաններով են օգտագործվելու, բայց մեխանիզացիայի ցածր մակարդակը, որքան հասկանում եմ, խնդիր է գյուղատնտեսության բոլոր ոլորտների համար։

Հ.Գ.
Էս գրառումն արված է անձնական փորձի հիման վրա, այնպես որ ոչ մի հակափաստարկ, առարկություն և այլն ուղղակի չի ընդունվում։ Պարզաբանող հարցերին կպատասխանեմ, բայց բանավիճել մտադիր չեմ։
Հ.Հ.Գ.
Բլոգնյուզ ու այլ «շնորհակալություն, ձեր գրառումը տեղ գտամ եսիմ որտեղ» գրողներ, ՔԸ՛Շ։

Պիտակներ. , ,

Նժդեհի մասին ֆիլմը չեմ նայել ու դեռ պարզ չի կնայեմ թե չէ։ Առայժմ կսպասեմ ֆիլմի մասին կարծիքների, իսկ որ ավելի լավ է` ռեցենզիաների, եթե լինեն։ Հա, ի դեպ, Հայաստանում կինոքննադատ հասկացություն գոյություն ունի՞, երբևէ լսե՞լ եք այդպիսի բան։ Եթե չէ, ինքս ինձ հայտարարում եմ հայ կինոքննադատության հայր։ Խի՞ չէ որ։

Վերադառնամ ռեցենզիաներին. ահա ֆիլմի մասին ինձ հանդիպած առաջին ռեցենզիան ։ Ու կարծես վատ չի գրված, թեև հեղինակն ինքն էլ չի կարողանում խուսափել պաթոսից, բայց Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից հաստատված թույլատրելի չափաբաժինը չի խախտում։ Որպես ռեցենզիայի մինուս կարելի է նշել նաև մարտական տեսարանների ռեալիստիկության հարցին չանդարադառնալը, իսկ դա իմ կարծիքով պատմական-ռազմական թեմայով ֆիլմի համար շատ կարևոր հարց է, բայց դե չմոռանանք, որ գրողն աղջիկ է։

Սպասենք այլ ռեցենզիաների։

Հ.Գ.
«Ժողովուրդ, շատ լավնա, անպայման նայեք»-ը իմ համար ոչ ուշադրության արժանի կարծիք է, ոչ էլ առավել ևս ռեցենզիա։

Պիտակներ. , ,

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։

Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։

Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։

Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։

Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։

Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։
Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։

  1. Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
  2. Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
  3. Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
  4. Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։

Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։

Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։

Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։

Հ.Գ.
Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։

Պիտակներ. , , , , , ,

Կարդում եմ Լույսը բրենդային գիտելիքը Հայաստան է բերում և մոտս հարցերա առաջանում։

1. Կա՞ արդյոք վստահություն, որ այդ ներմուծվող գիտելիքն իսկապես բրենդային է, այլ ոչ թե Չինաստանում կարված պադդելկա։ Փորձաքննությունա, բանա, արվու՞մ են։

2. Փաստորեն «Լույսը» բրենդային գիտելիքի գործա անում։ Արդյո՞ք տնտեսական մրցակցության հանձնաժողով էր, ինչ էր, հետևում է այս ոլորտին։ Չկա՞ն արդյոք ոլորտում մոնոպոլ դիրք ունեցողներ, չե՞ն չարաշահում արդյոք նրանք իրենց այդ դիրքը ևն։

3. Ինչ մաքսատուրքեր են նախատեսված ինչպես բրենդային, այնպես էլ ոչ բրենդային գիտելիքների համար։

4. Որպես հայ ազգայնականի ինձ նաև հետաքրքրում է, թե արդյո՞ք պաշտպանված է տեղական արտադրողը։ Օրինակ` տեղական էլիտար գիտելիքներ արտադրողները չե՞ն տուժի։

Հ.Գ.
Իսկ դու կփոխեի՞ք մեկ բրենդային գիտելիքը երկու հատ էլիտար գիտելիքի հետ։

Պիտակներ. , , ,