ԽՍՀՄ Հայրենական պատերազմում (այսուհետ ես այս տերմինն եմ կիրառելու) Հայկական ԽՍՀ ու հայ ժողովրդի դեմոգրաֆիկ կորուստների մասին տարբեր թվեր կան։ Խորհրդային/ռուսական պատմագրության մեջ ընդունված է, որ ամբողջ ԽՍՀՄ-ից զոհվել է մոտ 83,000 հայ։ Իր հերթին հայկական աղբյուրներում նշվում են մինչև 600000 զորակոչված ու մինչև 300,000 զոհված թվերը։
«Հայաստան/Армения» խորագրի պահոցը
Որոշել եմ հատ-հատ կարդալ ու տպավորություններս գրել ընտրական մրցավազքի մասնակիցների նախընտրական ծրագրերի մասին։ Սկսեցի «Ելքից»։ Ում հետաքրքիր է, կարող է ծանոթանալ ծրագրին այստեղ։
Ընդհանուր առմամբ, երբ «Ելքի» նախընտրական ծրագրում կրկնությունները ու անիմաստ բառակույտերը ֆիլտրեցի, ապա հնարավոր եղավ առանձնացնել 92 կետ։ Այս 92 կետերը նույն նշանակությունը ու կշիռը չունեն, դրանք առանձնացվել են զուտ «ավարտուն միտք» լինելու սկզբունքով։
Այդ 92 կետից իմ կարծիքով 3-ը անիմաստ են, 10-ը` անհեթեթություն (երբեմն նույնիսկ վտանգավոր անհեթեթություն), 32-ը կենաց են, իսկ 34-ը ինչ-որ գաղափարներ, որոնք քննարկման ենթակա են։ Քննարկման արդյունքում այդ 34-ի մի մասը կարող է պարզվի, որ էլի կենաց էր կամ անհեթեթություն, բայց որոշները կարող են նաև ողջամիտ լինել։ Եվ վերջապես 13 կետի մասին կարծիք չունեմ։
Բնականաբար 92 կետին հատ-հատ չեմ անդրադառնա, այլ միայն դրանցից առավել ուշագրավներին։
Այսպես, իր ծրագրում «Ելքն» օրինակ առաջարկում էր խմել.
Ռազմական հավասարակշռությունը վերականգնման;
Բնակչության թվի կրկնապատկման;
Ծանր արդյունաբերության;
Իրան-Հայաստան երկաթուղու;
Բյուջետային հիմնարկներում աշխատավարձերի բարձրացման ու մի շարք այլ առիթներով։
Ինչ խոսք, բարի ցանկություններ և երազանքներ բոլորս էլ ունենք։ Ես օրինակ ծովից ծով Հայաստան եմ երազում։ Բայց դե նախընտրական ծրագրի 1/3-ը չարժի կենացներով լցնել. վերջիվերջո կարդացողի մասին էլ է պետք մի քիչ մտածել։
Հիմա գամ անհեթեթություններին։
Առաջնագծում մարտական հերթապահությունը միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու մասին
Սա, ըստ էության, «պրոֆեսիոնալ բանակի» մասին հանրության որոշ հատվածների ռոմանտիկ երազի մի քիչ ավելի մեղմ տարբերակն է։ Սա շատ վտանգավոր ու կեղծ թեզ է ու գալիս է պատերազմի մասին մեր ֆիլմային պատկերացումներից։ Էն որ «դե պրոֆեսիոնալ զինվորն ավելի արդյունավետ է, քան զորակոչվածը»։ Ու դրան գումարած էմոցիոնալ ջահել երեխեքը չզոհվեն (կարելի է մտածել, թե ջահել երեխեքի փոխարեն ընտանիքի հոր զոհվելը պակաս ցավալի պիտի լինի), ավելի փորձառուները լինեն (տեսնես որտեղի՞ց են այդ ավելի փորձառուները հայտնվում)։
Մարդիկ չեն հասկանում, որ մեզ պետք է պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս, որը նաև մարտական հերթապահության փորձ պիտի ունենա։ Պայմանագրային ծառայության խնդիրների մասին էլ մարդիկ առհասարակ տեղյակ չեն, բայց այդ մասին մի ուրիշ առիթով։
Խորհրդարանի 2-րդ պալատ սփյուռքի համար ու այդ պալատի իրավասությունների հարցը
Սա ոչ այլ ինչ է, քան սփյուռքի պոտենցիալի մասին ռոմանտիկ և միամիտ պատկերացումների արտացոլում նախընտրական ծրագրում։
Բանակի համար սարքավորումների և սպառազինության որոշ չափով պարտադիր գնումներ տեղական արտադրողից
Սա շատ լավ միտք է, եթե դու արդեն ունես կայացած ռազմաարդյունաբերություն։ Իսկ եթե չունես, նորը պիտի ստեղծես, ապա դու այս կետով ըստ էության բանակին պարտադրում ես գնել տեղական ինչ-որ բաներ` անկախ դրա որակից։ Օրինակ` մի քանի տարի առաջ ես ականատես եմ եղել, թե ինչպես էին «Երևան-էքսպոյի» ժամանակ Խաչատուրովի վրա փորձում սաղացնել մի սարքավորում, որի` բանակին անհրաժեշտ պարամետրերն ապահովող տարբերակը պարզվեց ահռելի չափեր կունենար և պրակտիկորեն կիրառելի չէր լինի (հենց արտադրողների իսկ ասելով)։ Ու դա այն դեպքում, երբ բանակը այդպիսի կոմպակտ սարքեր գնում էր այլ երկրից։ Հիմա պատկերացրեք, եթե Խաչատուրովը պարտադրված լիներ առնել այդ տեղական ջաբախանը։
Օրգանական մթերքի արտադրության կենտրոններ
Թեմայով մի քիչ հետաքրքրվողը գիտի, որ օրգանական գյուղատնտեսությունը նախ խաբեբայություն է, երկրորդ` արդյունավետ չէ։ Օրգանական մթերքի բիզնեսը կառուցված է այն տարածված տրամաբանական սխալի վրա, թե իբր այն ինչ բնական է, դա օգտակար է։ Բայց արդյո՞ք այդ միֆը պիտի պետական աջակցություն ստանա։ Ճիշտ հակառակը, պետությունը պիտի խրախուսի, որ գյուղատնտեսությունն ավելի առաջատար, տեխնոլոգիական դառնա, ոչ թե դեպի քարե դար վերադառնա (առանց այդ էլ քարե դարում ենք)։
Լրացուցիչ միջոցներ առաջադիմության խնդիրներ ունեցող դպրոցներին
Այո, որ մյուս դպրոցներն էլ լրացուցիչ միջոցներ ստանալու համար սկսեն թույլ առաջադիմություն ցույց տալ։ Եկեք խրախուսենք վատ արդյունք ցույց տալը։
Արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տուգանքների նշանակման վերացում
Իսկ միգուցե նախորդ կետի օրինակով «կարգապահության խնդիրներ ունեցող վարորդներին լրացուցիչ միջոցնե՞ր տրամադրենք»։ Հույս ունեմ, որ այս կետի անհեթեթ լինելը բացատրելու կարիք չկա։
Ցածրաճաշակ մշակույթի քարոզի սահմանափակում
Շատ տարօրինակ է, որ իրեն որպես առաջադեմ ներկայացնող ուժը իր ծրագրում գրաքննության մասին դրույթ է ներառում։ Իսկ օրինակ յուպկաների կարճության սահմանափակում չեն ուզո՞ւմ մտցնեն։
Կուտակային պարտադիր բաղադրիչի վերացում
Պարտադիր բաղադրիչի վերացումը նշանակում է կուտակային համակարգի չլինել։ Իր հերթին մեր դեմոգրաֆիայի պայմաններում սա նշանակում է, որ 30-40 տարի հետո կամ ունենալու ենք սովամահ լինող թոշակառուներ, կամ այլանդակ բարձր հարկեր, կամ էլ երկուսն էլ։
«Ելքի» ծրագրում կետ կա նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, բայց էդքան էլ պարզ չէր, դա պարզապես խմելու առաջարկ էր, թե անհեթեթություն։
Ինչ վերաբերում է քննարկման ենթակա կետերին, ապա դրանցից հետևյալները կառանձնացնեմ։
Քաղաքացիական-ռեզերվային բանակ
Սա երևի ծրագրի ամենաիմաստալից գաղափարն է։ Իհարկե, իրենց գյուտը չի, ինչ-որ տեղ լսել են «շվեյցարական մոդել» ու վստահ էլ չեմ, որ լավ են պատկերացնում, թե ոնց են դա անելու (եթե պատկերացնելու լինեին, սրա կողքին միաժամանակ չէին ասի, թե մարտական հերթապահություն պայմանագրայիններով)։
Հարկային/մաքսային խրախուսանքներ որոշակի ոլորտներում
Սա ընդհանրացրած եմ գրել։ Իրականում, այն ոլորտները, որոնք նշել են «Ելքում» իրենց ծրագրում, միշտ չի որ իմաստ ունի խրախուսել։ Օրինակ` 150 և ավել աշխատող ՏՏ ընկերություններին շահութահարկից ազատելը կամ վերոհիշյալ օրգանական մթերքի արտադրության խրախուսումը – սրանք անհեթեթություններ են։ Բայց կային նաև իմաստալից ուղղություններ, օրինակ` հոսքագծերի ներմուծումը խրախուսելը, հակակարկտային ցանցերի կիրառման խրախուսումը և այլն։ Ընդհանուր դեպքում հարկային/մաքսային արտոնություններով որոշ ոլորտների խրախուսումը նորմալ գաղափար է, իսկ այ թե որ ոլորտներում դա իմաստ ունի անել, որոնցում չէ, դա արդեն հաշվարկների ու քննարկումների ենթակա հարց է։
Միջազգային բակալավրիատի ներդրում դպրոցում
Միջազգային բակալավրիատն այնքան էլ այն չի, ինչ ես պատկերացնում եմ հայկական դպրոցում, բայց բավականաչափ մոտ է։ Կարծում եմ, որ գաղափարը քննարկել արժի։
Անհիմն հարստացման համար հարկ
Կուլակաթափության համատարած քարոզի ֆոնին սա կարելի է առաջընթաց և կոնստրուկտիվ առաջարկ համարել։
Այսքանով երևի սահմանափակվեմ։ Կային էլի մի շարք օգտակար կամ քննարկման ենթակա գաղափարներ` օրինակ կապված հաշմանդամների իրավունքների և շահերի հետ, դպրոցներում խմբակների ստեղծման հետ, մանկատների սաների հետ և այլն, բայց այսքանով սահմանափակվեմ։
Ընդհանուր տպավորությունս. «Ելքում» շատ են իրական խնդիրներին անծանոթ, կառավարման փորձ չունեցող մարդիկ` իրականության մասին ինչ-որ եթերային ու ռոմանտիկ պատկերացումներով։ Կես տարի առաջ ինձ թվում էր, որ քվեարկելու եմ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կամ այն դաշինքի համար, որին կմիանա։ Բայց աչքիս չէ։
Բուհական կրթության մասին
Dec 25
Որքանով որ ես եմ հասկանում, բուհական կրթության որակի հարցում մեր երկրում կա երկու հիմնական հանգամանք.
1. Բուհերը չունեն շահագրգռվածություն (առաջին հերթին ֆինանսական) բարձրացնելու կրթության որակը։ Սա նորություն չեմ ասում. օրինակ՝ մեր բուհերը ամեն ջանք գործադրում են, որ վատ ուսանողին չհեռացնեն, որովհետև նույնիսկ վատ ուսանողը վճարում է։
2. Մարդիկ էլ չունեն շահագրգռվածություն, որ էական ջանքեր թափեն՝ որակյալ կրթություն ստանալու համար։ Սա էլ նորություն չի – բուհ ընդունվելու պահին շատ քիչ թվով երիտասարդներ են մտորել, թե ինչ են ուզում աշխատել, արդյո՞ք այդպիսի աշխատանք կկարողանան գտնել ու այդ աշխատանքի համար ինչ մասնագիտություն արժի ընտրել։
Ու անկախ՝ մասնագիտությունն ընտրելու շարժառիթներից, ուսումնական պրոցեսի ժամանակ մարդիկ շատ քիչ են իրենց վրա աշխատում – քիչ են կարդում, քիչ են պարապում ու այդ քիչն էլ անում են առավելապես քննության նախաշեմին, որից հիմնավոր գիտելիքներ չեն մնում։
Ու ինչքան ուզում ես քարոզիր, թե դիպլոմն օժիտ չի, թե պետք է ամեն օր պարապել, ոչ թե քննության նախօրեին, մարդու (և ուսանողի, և նրա ծնողների) գլուխը չի մտնի։ Մարդն առհասարակ ու հայ մարդը հատկապես կոմֆորմիստ արարած է, իսկ իրերի առկա դրվածքը կոմֆորտ ապահովում է բոլորի համար։ Տեսեք՝ ուսանողն ինքը կայֆավատ է լինում, ցքցքում է։ Ուսանողի ծնողները, չնայած ֆինանսապես ճկռում են, բայց փոխարենը հարևանների «բերանը կարող են փակել». «էրեխես լրիվ իրա ուժերով ընդունվեց»-ով, իսկ, ինչպես ասում է ռազմավարական դաշնակիցը՝ понты дороже денег։
Դժվար չէ նկատել, որ արդյունքում ունենում ենք փակ շղթա։ Որովհետև՝ այն պատճառով, որ ուսանողի համար կրթության որակը վճռորոշ չի, բուհն էլ կարող է իրեն թույլ տալ դրա վրա ուշադրություն չդարձնել – ուսանողը դրա պատճառով իր մոտից այլ բուհ չի գնա։
Ու հետևաբար, եթե մենք ուզում ենք դուրս գալ այս շղթայից, պիտի առաջին հերթին մտածենք այն մասին, թե ինչպես և բուհին, և ուսանողին ստիպենք, որ կենտրոնանան կրթության որակի վրա ու անընդհատ աշխատեն այդ ուղղությամբ։
Այն մտքերը, որ այդ ուղղությամբ ունեմ, դեռ լավ չեմ կարողանում ձևակերպել ու դրանք թերի են, բայց դրանք կառուցվում են երկու հիմնական գաղափարի վրա.
1. Բուհը պիտի եկամուտ ստանա ոչ միայն ու ոչ այնքան ուսանողից, որքան՝ աշխատանքի անցած իր շրջանավարտից։
2. Ուսանողի «տարեկան/կիսամյակային» գնահատականը պիտի ձևավորվի ոչ այնքան քննությունների, որքան՝ իր ամենօրյա աշխատանքի արդյունքում։
Առաջին կետը կստիպի, որ բուհն այսուհետ մտածի որակյալ ու աշխատաշուկայում մրցունակ կադրեր պատրաստելու մասին, որովհետև դա կապահովի նրա համար եկամուտ։ Պայմանական ասած՝ այն ուսանողը, ով 4-6 տարի ուսման վարձ է վճարել, իսկ հետո էլ գնացել է ընդունվել է աշխատանքի ու ևս մի 10-15 տարի իր բուհին պարտադիր որոշակի տոկոս է վճարել աշխատավարձից, կլինի ավելի նախընտրելի, քան այն ուսանողը, ով մի կերպ այդ 4-6 տարին գլորել է՝ վճարելով ուսման վարձը ու ավարտելուց հետո գնացել է տունը նստել ծնողների վզին։
Սրա իրականացման դետալների վրա հիմա չկենտրոնանամ, բայց դա օրինակ կարող է արվել հատուկ կրթական վարկերի միջոցով կամ նմանատիպ որևէ այլ մեխանիզմով։ Սա էլ ասում եմ զուտ որպես օրինակ այն բանի, որ ցանկության դեպքում նման մեխանիզմ կարելի է մտածել։
Բացի այդ, բուհը նաև շահագրգռված կլինի, որ իր ուսանողների ընտրությունը համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին, քանի որ այդ դեպքում իր եկամուտներն աճելու են։ Ու ջանքեր կգործադրի, որ հենց պահանջված մասնագիտությունները դառնան մոդայիկ։
Երկրորդ կետը պիտի ստիպի ուսանողին ամենօրյա աշխատանք կատարել։ Յուրաքանչյուր առարկայի համար կարող են լինել նախապես սահմանված որոշակի քանակով միավորներ, որոնք ուսանողը կարող է վաստակել ուսումնական օրվա (կամ միգուցե ավելի նպատակահարմար է ուսումնական շաբաթվա) ընթացքում կատարված աշխատանքի համար։ Որոշակի քանակով միավորներ կտրվեն նաև առանձին, երկարատև աշխատանքների համար (ռեֆերատ, կուրսային, էքսպերիմենտներ, գիտական հոդվածներ ևն, ևն)։ Տարվա/կիսամյակի վերջում այդ միավորների ընդհանուր տարեկան/կիսամյակային գումարն էլ կլինի ուսանողի գնահատականը (իրականում լավ կլինի որոշակի ճշգրտումներ մտցնել, ասենք՝ հաշվի առնել, թե որքան հավասարաչափ է ուսանողը վաստակել իր միավորները, ավելացնել միջին միավորներ հարգելի բացակայությունների համար ևն, բայց դետալների մեջ հիմա չխորանանք)։
Արդյունքում՝ ուսանողի գնահատականը այլևս կախված չի լինի ոչ քննության օրը դասախոսի տրամադրությունից, ոչ բախտից, ոչ էլ նախորդ գիշերները նրա խմած սուրճի քանակից, այլ կախված կլինի առավելապես ամբողջ տարվա/կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքից։ Որովհետև չի լինի մի որևէ կոնկրետ իրադարձություն, որը կերաշխավորի վերջնական բարձր արդյունք։
Բացի այդ, էն, որ բուհն ավարտելուց հետո ինքը դեռ բուհին պարտքեր պիտի տամ լրացուցիչ խթան է ուսանողի համար, որ անգյալություն չանի։ Իսկ այն ուսանողները, ովքեր կլինեն վատագույն N-յակում կամ կվաստակեն նվազագույն X-ից ցածր միավոր, հրաժեշտ կտան բուհին։ Ուսման ընթացքում պիտի լինեն նաև բարձր միավոր հավաքելու համար խրախուսանքներ, օրինակ՝ ինչ-որ Y և ավելի միավոր հավաքած ուսանողները կարող են օգտվել տարատեսակ ծրագրերից, այդ թվում՝ արտերկրում ուսումը շարունակելու, կոնֆերանսների մեկնելու ևն, ևն։ Այդ խրախուսական ծրագրերի դետալներն էլ կարելի է քննարկել ու լիքը բան մտածել։
Մի քանի բան էլ պետպատվերի մասին։ Պետպատվերի հարցում պիտի հասկանալ, որ պետությունը բարեգործական ճաշարան չի։ Եթե նա ինչ-որ մի մարդու համար ծախս է տեսնում, էդ մարդուն մասնագիտություն է տալիս, ապա դա որոշակի նպատակ պիտի ունենա, ոչ թե պայմանավորված լինի միայն այն հանգամանքով, որ այդ մարդը լավ է սովորում։ Է սովորում է, իր համար է սովորում, պետությունն ըտեղ ի՞նչ գործ ունի։
Մի խոսքով, պետպատվեր պիտի լինի որոշակի պայմաններում միայն.
1. Ֆունդամենտալ գիտություններում աշխատել պատրաստվողների համար։
2. Այն մասնագիտությունների գծով, որոնց մասով պետական ապարատում կա չբավարարված պահանջարկ։
3. Այն մասնագիտությունների գծով, որոնք նորություն են, նոր ձևավորվող ու հեռանկարային ոլորտ են ու պետությունը որոշակի ջանք է ցանկանում գործադրել՝ այդ ուղղությունն աշխուժացնելու համար (այս մի կետը կարող է լինել միայն որպես կարճաժամկետ ծրագիր)։
Ըստ այդմ՝ պետպատվեր ստանալու համար դիմողը պարտավորվելու է ավարտելուց հետո որոշ ժամանակ կամ զբաղվել գիտական հետազոտություններով, կամ աշխատանքի անցնել պետական ապարատում։ Այդ պարտավորություններից հրաժարվելու դեպքում մարդը պարտավոր կլինի պետությանը տոկոսներով հետ վերադարձնել իր ուսման վրա ծախսված փողերը, որից հետո ինչ ուզում է, թող անի։ Ինքնստինքյան հասկանալի է, որ եթե պետպատվերով սովորող ուսանողը որոշակի միավորներից ցածր է հավաքում տարվա/կիսամյակի ընթացքում, ապա նա զրկվելու է պետպատվերից։
Այսպիսով՝ պետպատվերը լինում է ոչ թե վերևից իջեցված տեղերով, այլ՝ դիմորդի կամ ուսանողի հայտի համաձայն։ Մարդը բուհ ընդունվելուց առաջ կամ նույնիսկ սովորելու ընթացքում դիմում է գրում, թե «պետություն ջան, ուզում եմ ֆունդամենտալ գիտությամբ զբաղվեմ, ուսման վարձս կտա՞ս»։ Պետպատվերի հայտերը կարող են քննվել ընդունելության քննությունների արդյունքների կամ ուսանողների դեպքում՝ հավաքած միավորների հիման վրա։
Հատուկ նշեմ, որ էս ամեն ինչը, այո, ենթադրում է, որ բուհական կրթությունը զգալի ֆինանսական ներդրում է պահանջելու մարդուց։ Ավելի շատ ու ավելի երկարատև, քան այսօր։ Բայց դե լավ ապրանքը պիտի թանկ արժենա։ Հիմա կասեք – բա սոցիալապես անապահովները, բա զինծառայողները ևն, ևն։ Այդ ու մի շարք այլ կատեգորիաների քաղաքացիների համար կարող են առանձին խրախուսող ծրագրեր լինել։ Դա լրիվ առանձին թեմա է։
Հ.Գ.
Իհարկե, նշվածս երկու խնդրից բացի կան նաև այլ խնդիրներ, օրինակ՝ հնացած տեխնիկա ու մասնագիտական գրականություն ևն, ևն, բայց դրանք ավելի տեխնիկական բնույթի հարցեր են, իսկ նշածս երկու խնդիրը համակարգային ու մշակութային բնույթ ունեն, դրա համար էլ դրանց վրա եմ կենտրոնացել։
Էն հարցի մասին, թե ինչի ա շատերի կողմից ապրիլյան պատերազմը որպես պարտություն ընկալվում ահագին ժամանակ ա մտածում եմ։
Իրականությունում որպես պարտություն ընկալելու պատճառներ, իհարկե, կան էս պատերազմի արդյունքներում, բայց ես պնդում եմ, որ էլ ավելի շատ ու էլ ավելի էական են որպես հաղթանակ ընկալելու պատճառները։
Բայց, կա նաև մի հանգամանք, որը կապված չլինելով պատերազմի արդյունքների հետ, այնուամենայնիվ էական դեր է խաղացել պարտության ընկալման համար – պատերազմից մեր սեփական ակնկալիքները։
Տարիներ շարունակ կերտված «մի շաբաթում կհասնենք Քռի ափ», «ուզենք` մինչև Բաքու կհասնենք», «ադրբեջանցին վախկոտ է ու ոչխար» միֆալոգիան 4 օրում բախվեց իրականությանը. ոչ Քռի ափ դուրս գալու, ոչ էլ առավել ևս Բաքու հասնելու ցրցամն էլ չերևաց։
Ու քանի գնում, այնքան ավելի եմ համոզվում, որ սպասելիքների այս չարդարանալն է բերել այն լոմկային, թե պարտվել ենք։ Եթե տարիներ շարունակ մեզ խոստանային ոչ թե Բաքու հասնել, այլ` թշնամուն հետ մղել, լրիվ այլ ձև էր ամեն ինչ այսօր ընկալվելու։
Ընդ որում, եթե իրականության հետ բախվելու արդյունքում առաջին երկու միֆերն առնվազն որոշ ժամանակով կորցրին իրենց ակտուալությունը (թեև ես տեսնում եմ բոլոր հիմքերը, որ դրանք նորից ռեանիմացվեն – այդ մասին ստորև), ապա վերջինը դեռ ծլում ու ծաղկում է։ Ու դա էլ մի օր կարող է շատ ավելի ծանր լոմկել, երբ հազարավոր երիտասարդներ` ակնկալելով դիմացը վախկոտի տեսնել, հոգեբանորեն պատրաստ չեն լինի, երբ պարզվի, որ այդպես չէ։
Հիմա մի շաբաթում Քուռ հասնելու ու Բաքուն գրավելու մասին։ Էս միֆերը նոր կյանք են ստանում Իսկանդերի շնորհիվ. մարդկանց թվում է, թե դրանցով սաղ հարցերը կլուծվեն։ Ոմն մարդամեկ էլ ասում էր, թե Ադրբեջանի կեսը ավերակի է վերածվելու։
Ու սա էլ է ձևավորում սխալ, հեշտ, արագ հաղթանակի չարդարացված ակնկալիք հանրության մոտ հենց հիմա, որովհետև վաղը, մյուս օրը կարող է ապրիլյանի կարգի 10 հատ էլ պատերազմ ունենանք ու դրանցից ոչ մեկում Իսկանդերները իսկի գարաժից չեն դուրս գալու։ Ու մարդիկ հարց են տալու, թե ինչո՞ւ չհաղթեցինք, ինչո՞ւ չկիրառեցինք Իսկանդերները։ Ու հետևելու է այդ իրավիճակում ակնհայտ պատասխանը, որովհետև վերևներում դավաճան են, հողերն էլ արդեն ծախել են։
Մի խոսքով ” մի արեք տենց, մի ձևավորեք կեղծ ակնկալիքներ։ Թող հանրության ակնկալիքները լինեն համեստ, բայց իրական ու հասանելի։ Ի դեպ – նույնը բոլոր ոլորտներում, էդ «Հայաստանը կովկասյան վագր», «մենք մեր գիտական ներուժով էսօր չէ, էգուց Սինգապուր ենք անելու» բան, էս կարգի ախմախությունները օրինաչափորեն չիրականանալով` լոմկում են։ Էդքանից հետո ինչ էլ անես, չի ընկալվելու որպես հաջողություն, որովհետև` երկրային դրախտ էր խոստացվել։
Հ.Գ.
Կա կարծիք, թե պարտություն ենք համարում առավելապես տարածքային կորուստների պատճառով։ Իմ համոզմամբ դա այդպես չէ։ Նախ տարածքային կորուստն ինքնին պարտություն չէ։ Տվյալ պարագայում տարածքային կորուստը հոգեբանական լոմկային ընդամենը նյութական տեսք է տալիս – ուրիշ ոչ մի բան։ Ես կարող եմ օրինակներ բերել, երբ տարածքային կորուստը հաղթանակ է ընկալվել. օրինակ` խորհրդա-ֆիննական պատերազմը։
Ինչո՞ւ է այդպես։ Այն պատճառով, որ ոչ միանշանակ ու անորոշ ելքով պատերազմներում հաղթանակ թե պարտություն – սա հոգեբանական զգացողություն է, ոչ թե օբյեկտիվ իրողություն։ Ավելի պարզ ասած` եթե համարում ես, որ հաղթել ես, ուրեմն հաղթել ես։ Իսկ եթե համարում ես, որ պարտվել ես, ուրեմն պարտվել ես։
Անձամբ ես համարում եմ, որ եթե հոգեբանական ֆակտորը մի կողմ դնենք, ապա գոյություն ունեն ծանրակշիռ հիմքեր ի օգուտ այն բանի, որ հաղթել ենք։ Մանրամասն այդ մասին գրել եմ այստեղ։
Ապրիլյան հաղթանակի մասին
Aug 1
Ֆեյսբուքում Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումներից մեկի տակ բուռն բողոք էր, թե ապրիլյան պատերազմում չենք հաղթել, պարտվել ենք։
Որպես պարտության ապացույց, բնականաբար, առաջին հերթին դիտարկվում էր տարածքային կորուստը, բայց ես բացարձակ համոզված եմ, որ հաղթանակ թե պարտություն գնահատական տալու համար միայն կորուստները հաշվելը բավարար չէ։ Վերջիվերջո կարող էր նաև պատահել այնպես, որ տարածք չկորցնեինք, բայց ավելի շատ մարդ զոհվեր, հիմա դա կլիներ հաղթանա՞կ, թե՞ պարտություն։ Սա հռետորական հարց է։
Իրականում ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ խնդրի էր բախվել մեր բանակը ու ինչ չափով կարողացավ այդ խնդիրը լուծել։ Այսինքն՝ նախ և առաջ պիտի հասկանալ ադրբեջանցիների նպատակները ու հարձակման մասշտաբները։
Ստորև իմ տեսակետն է՝ առանց ճշմարտության վերջին հանգրվան լինելու հավակնությունների։ Տեսակետս հիմնված է հանրությանը հայտնի դարձած փաստերի, ադրբեջանցիների գործողությունների ու դեպքերի ընդհանուր ընթացքի վրա։
Ընդհանուր գծերով ադրբեջանցիների պլանը ունեցել է հետևյալ տեսքը. շեղող հարվածներ հասցնելով հյուսիսում ու հարավում, ստիպել հայկական հրամանատարությանը ռեզերվները ցաքուցրիվ տալ այդ հարվածները հետ մղելու համար, որից հետո հասցնել հիմնական հարվածը կենտրոնով։
Այս երկէտապանի ծրագրի էությունը հնարավոր է բացահայտել, եթե քայլ առ քայլ հիշենք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները։
1. Ե´վ հարավում, և´ հյուսիսում առաջինը հարձակման են անցել թշնամու հատուկջոկատայինների խմբերը։ Այս եզրակացության հանգում ենք, եթե հիշենք, որ մեր ձեռքում կամ մեր դիրքերին մոտ մնացած ադրբեջանցիների դիակները հիմնականում հատուկջոկատայիններ էին՝ դատելով հանդերձանքից ու զենքից։ Բացի այդ, ադրբեջանցիների հայտնաբերված կորուստների առնվազն կեսը նույնպես իդենտիֆիկացվել են որպես հատուկջոկատայիններ։
Հատուկջոկատայինների խմբերը միաժամանակ երկու նպատակ են ունեցել։ Առաջին. նրանք պիտի անսպասելի հարձակումով գրավեին մեր առաջնագծի դիրքերը։ Երկրորդ, պիտի ներթափանցեին մեր պաշտպանության թիկունք՝ այնտեղ դիվերսիաներով խառնաշփոթ ու խուճապ ստեղծեին մեր թիկունքում։
Որպես թիկունքում դիվերսիաների օրինակ՝ Թալիշի դիրքերին զինամթերք տանող մեր ավտոմեքենայի վրա հարձակումը։ Ինչպես նաև հարձակումը Թալիշ գյուղի վրա։
2. Հատուկջոկատայինների կողմից մեր առաջնագծի դիրքերի գրավումից հետո հրետանու ու օդուժի աջակցույթամբ հարձակման են անցել մոտոհրաձգային բրիգադները։ Հարավում ամենայն հավանականությամբ գործել է 1 բրիգադ, որն առաջադրանք է ունեցել առաջին օրվա մարտերի արդյունքում դուրս գալ Ֆիզուլու մատույցներ։ Այս նպատակի մասին մենք հաստատ գիտենք ադրբեջանական ոչնչացված ուղղաթիռի մարտական փաստաթղթերից։
Հյուսիսում ամենայն հավանականությամբ հարձակմանը մասնակցել է 2 բրիգադ՝ մեկը հյուսիսից, մյուսը՝ արևելքից։ Այս բրիգադների նպատակների մասին փաստաթղթային տվյալներ հայտնի չեն, բայց ըստ ամենայնի նրանք նպատակ են ունեցել գրավել Սեյսուլան, Թալիշ, Մատաղիս բնակավայրերը։ Այսպիսի եզրակացության հիմք տալիս է ինչպես հարվածների ուղղությունը, այնպես էլ առաջին օրերին ադրբեջանցիների տարածած տեղեկությունները, երբ հերթով հայտարարվում էր այդ բնակավայրերի «ազատագրման» մասին, չնայած այն բանին, որ տեղում իրավիճակը բոլորովին այլ էր։ Ադրբեջանցիների այդ վարքն, իհարկե, կարելի է բացատրել հայերի մոտ խուճապ առաջացնելու ձգտումով, բայց, իմ կարծիքով շատ ավելի լավ է բացատրվում, եթե ուղղակի տեղեկություն տվողները նախապես ունեցել են սցենար, թե որ ժամին պիտի տարածել այս կամ այն բնակավայրի «ազատագրման» լուրը։ Այն, որ ռեալ մարտադաշտում իրադարձություններն իրենց նախատեսած սցենարով չեն գնում, ինֆորմացիոն բաղադրիչի համար պատասխանատու ադրբեջանցիներին պարզ դարձավ միայն ավելի ուշ։
Այսքանով, ադրբեջանական պլանի առաջին էտապն ավարտվելու էր։ Այս էտապը, իմ համոզմամբ, շեղող նպատակ ուներ։ Եթե այն հաջողվեր և ադրբեջանցիները կարողանային մեր պաշտպանությունը ճեղքելով խորանալ մինչև 8-10կմ, ապա, ենթադրվում էր, որ այդ ճեղքումները փակելու համար հայկական բանակի հրամանատարությունը ստիպված կլինի մարտի մեջ մտցնել առկա ռեզերվները։ Ընդ որում մարտի մեջ մտցնել երկու, իրարից մոտ 120կմ հեռավորությամբ ուղղություններով։ Բայց, չնայած հարձակման անսպասելիությանը, չնայած այն բանին, որ ադրբեջանական բանակը բավականին գրագետ էր գործում ու չնայած այն բանին, որ և հյուսիսում, և հարավում մեր մոտ որոշակի խառնաշփոթ կար, այնուամենայնիվ վերջնական արդյունքում ադրբեջանցիները կարողանում են գրավել և պահել երկու հենակետ հյուսիսում ու մեկ հենակետ հարավում։
Չնայած այն փաստին, որ առաջին էտապում դրված խնդիրները չեն կատարվել, ադրբեջանական հրամանատարությունն այնուամենայնիվ որոշում է շարունակել գործողությունը։ Դժվար է ասել, թե ինչ ակնկալիքներով, բայց կարելի է ենթադրել, որ հույս ունեին, որ այնուամենայնիվ հայկական կողմն իր ռեզերվներն արդեն հասցրել է ցաք ու ցրիվ անել։ Ընդ որում՝ չի կարելի ասել, թե այդ հույսերը անհիմն էին – ադրբեջանցիները շատ լավ գիտեն, որ մեր մարդկային ռեսուրսները սահմանափակ են ու ապրիլի 2-4-ը անընդհատ մեծացնելով ճնշումը և հարավում, և հյուսիսում ու լուրջ դիմադրության հանդիպելով, իրավունք ունեին կարծելու, որ հայերը ռեզերվներ են մտցրել մարտ։
3. Երկրորդ, հիմնական էտապի իրականացմանն ադրբեջանցիներն անցնում են ապրիլի 4-ից, սակայն այս էտապը մեր հրետանավորների շնորհիվ ձախողվում է հենց սկզբից։ Կենտրոնով ադրբեջանական հարձակմանը գոնե սկզբնական ժամանակահատվածում պիտի մասնակցեին առնվազն 1 մոտոհրաձգային բրիգադ ու 2 տանկային գումարտակ (իրականում հավանաբար ավելի շատ ուժեր, բայց ես տեղեկություն հանդիպել եմ միայն այսքանի մասին)։ Բայց, что-то пошло не так ©։ Մեր հրետանին՝ թշնամու հրետանու հետ մենամարտելուն զուգահեռ, հարվածներ է հասցնում նաև ադրբեջանական զորքի կուտակումներին, ինչպես նաև առաջնագծին մոտեցող վերոհիշյալ տանկային երկու գումարտակներին (մոտ 60 տանկ)։ Այս գործողության տեսագրություններից որոշ հատվածներ մերոնք նաև հրապարակեցին։ Ավելին, մեր հրետանավորներին հաջողվում է ոչնչացնել նաև հարձակման անցնող 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարական կետը՝ հուրիների մոտ ուղարկելով բրիգադի ողջ հրամկազմին, ներառյալ բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Ռագուբ Օրուջովին։
Արդյունքում արդեն ապրիլի 5-ի առավոտյան պարզ էր, որ ադրբեջանական «Բարբարոսայի» երկրորդ էտապը ձախողվել է դեռ չսկսված։
Այսպիսով` հայկական բանակին ադրբեջանցիների առաջադրած խնդիրը եղել է բավականին բարդ ու հայկական բանակը կարողացել է հիմնականում խափանել ու հետ մղել թշնամու` խնամքով նախապատրաստված ու գրագետ իրականացված լայնամասշտաբ և անսպասելի հարձակումը։
Իսկ ադրբեջանցիներն իրենց առջև դրված ամբիցիոզ, բայց նաև իրատեսական խնդիրը չեն կատարել։ Այդ պատճառով այո, մենք հաղթել ենք, իրենք` պարտվել։
Հին զենքերի մասին
Apr 8
Եվ ուրեմն, Սերժ Ազատիչի թեթև ձեռամբ, ազգս իր վրդովմունքն է հայտնում մեր բանակի հին սպառազինության (օրիգինալում 80-ականների զենք) մասով։
Մի կողմ թողնելով կոնկրետ Սերժ Սարգսյանի ասածի իմաստի, նրբերանգների, մոտիվների, կոնտեքստի ու նման այլ բաների մեջ խորանալը ուրիշներին` որովհետև հավես չկա. ուզում եմ մի երկու բառ ասեմ բուն «հին զենքեր» թեզի մասին, որովհետև էդ խոսակցությունները եղել են, կան ու դեռ կլինեն։
Նախ, մի հատ հասկանանք, թե ինչ ըսել է «հին զենք»։ Էդ արահայտությունը իրականում նշանակում ա մի քանի տարբեր ու իրարից անկախ բան։ Հերթով թվարկեմ (բաժանումը ու անվանումները պայմանական են, ինչպես ցանկացած դասակարգման դեպքում)։ Նախ, հին կարա լինի ինչպես զենքի մոդելը, այնպես էլ կոնկրետ միավորը։
1. Հին կարա նշանակի, որ կոնկրետ զենքը մաշված է։ Ու եթե մաշված մասը նորոգման կամ փոխարինման ենթակա չէ, զենքը սպառազինությունից հանվում է։
2. Հին կարա նշանակի, որ կոնկրետ զենքը արտադրվել է (գործարանից դուրս է եկել) շատ վաղուց։ Օրինակ՝ նույն 80-ականներին։
3. Եվ վերջապես հին կարա նշանակի, որ տվյալ կոնկրետ զենքի արդիականացման պոտենցիալը չի օգտագործվել։ Օրինակ՝ չի թարմացվել էլեկտրոնիկան։
4. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը բարոյապես է հին։ Օրինակ՝ ժամանակակից պատերազմում գործում է շատ ցածր արդյունավետությամբ։ Օրինակ՝ փոքր տրամաչափի հակատանկային թնդանոթները այսօրվա պայմաններում բարոյապես հին են։
Վստահ չեմ, որ սրան ճիշտ է անվանել բարոյապես մաշված, բայց այս պահին ավելի հարմար բառ չգտա։ Եթե մեկը ավելի լավ բան առաջարկի, կընդունեմ։
5. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը գաղափարապես, կամ եթե կուզեք՝ փիլիոփայությամբ է հին։ Սա նշանակում է, որ այն գաղափարը կամ գաղափարները, որոնք դրված էին զենքի ստեղծման հիմքում, իրենց ժամանակիը ընթացքում չարդարացրին կամ մասամբ արդարացին։ Այդպիսի օրինակ է Մի-24 ուղղաթիռը, որը ստեղծվում էր որպես «թռչող հետևակի մարտական մեքենա», բայց ռեալ մարտերում այդ ուղղաթիռը դեսանտ գրեթե չկրեց։ Ինչն, ի դեպ, չխանգարեց մեքենայի կոմերցիոն հաջողությանը ու մինչև հիմա էլ չի խանգարում։
6. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը ստեղծվել է շատ վաղուց։ Օրինակ՝ М1911 լեգենդար ատրճանակը հին է. ստեղծվել է 1908 թվականին։ Ու ի դեպ, այդ հին ատրճանակ ԱՄՆ բանակում ծառայեց 70+ տարի։ Հիմա էլ, եթե չեմ սխալվում, ծովային հետևազորում դեռ ծառայում է։
Հիմա, ամեն անգամ, երբ խոսակցություն է բացվում զենքի հին լինելու մասին, պիտի հասկանալ, թե էս 6 կետից որի մասին է խոսքը, որովհետև այս կետերը կարող են ինչպես լինել միասին, այնպես էլ՝ ոչ։
Ընդ որում՝ բոլոր 6 կետերից միայն 1-ինն է, որ բավարար պատճառ է զենքը սպառազինությունից հանելու կամ զենքը սպառազինության չվերցնելու համար։ Սա միակ դեպքն ա, երբ հին նշանակում է վատ։
Հիմա գանք մեր բանակին։ Մաշված զենքեր, իհարկե, կլինեն մեր բանակում, բայց հաստատ չի կարելի խոսել դրանց քիչ թե շատ զգալի տոկոս կազմելու մասին։ Եղածներն էլ պետք ա հանվեն սպառազինությունից։ Կամ էլ օգտագործվեն ուսումնական, ցուցադրական, ճանաչողական ևն նպատակներով միայն։
Եթե անցնենք մնացած բոլոր կետերով, ապա այո, մեր բանակի սպառազինությունը մեծամասամբ այդ բոլոր կետերով հին է, բայց, ինչպես ասեցի, այդ 5 կետերը ինքնին պատճառ չեն զենքը սպառազինությունից հանելու կամ զենքը չգնելու համար։ Այստեղ արդեն էական են այլ հանգամանքներ. թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, ինչքանով է հեշտ սպասարկել զենքը, ինչքանով են հասանելի պահեստամասերն ու զինամթերքը ևն։ Ու, իհարկե, ֆինանսական հնարավորությունները։
Օրինակ՝ մեր բանակն ունի Դ-1 հաուբից, որը նույնիսկ ոչ թե 80-ականների, այլ առհասարկ 40-ականների հրանոթ է (մոդելն էլ է հին, գործարանից էլ է շատ վաղուց դուրս եկել)։ Այդքանով հանդերձ, փողի մաշված չլինելու դեպքում ու ֆինանսների գյոլ չլինելու պայմաններում այդ հրանոթից հրաժարվելու ոչ մի պատճառ չկա։ Զինամթերքի մասով այն ունիֆիկացված է մեր ունեցած բոլոր 152մմ հրանոթների հետ (բացառությամբ մի քանի ավելի հզոր լիցքերի, ամեն ինչ էլ կարող է կրակել), ճշգրտությամբ էլ նույն սահմաններում է, ինչ ավելի ուշ ստեղծված հաուբիցները (բալիստիկայի օրենքները չեն փոխվել)։ Ու նույնիսկ արդիականացման պոտենցիալ ունի դեռ։
Սա որպես օրինակ, որ զենքի մոդելի կամ կոնկրետ զենքի հին արտադրության լինելը դեռ դրանից հրաժարվելու պատճառ չէ։
Մեկ այլ օրինակ՝ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան։ Ինչպես խորհրդային գրեթե ամբողջ սպառազինությունը, սա էլ է գաղափարապես արդեն հնացած։ Փոխարինե՞նք այս մեքենան։ Սրա փոխարինելը շատ ցանկալի կլիներ, բայց ինչո՞վ ու ամենակարևորը ո՞ւմ հետույքով։ Նույնիսկ Ադրբեջանն այդպիսի ֆինանսական միջոցներ չուներ։ Նրանց գնած ԲՄՊ-3-ներն էլ գաղափարապես ԲՄՊ-2-ից լավը չեն (դեռ ավելին, գոյություն ունի բավականաչափ հիմնավոր կարծիք, որ վատն են)։
Ստացվում է, որ նույնիսկ գաղափարապես հնացած զենքը օբյեկտիվ պատճառներով կարող է մնալ սպառազինության մեջ։
Կամ բարոյապես հնացած զենքերը դիտարկենք։ Օրինակ՝ հակատանկային հրանոթները ժամանակակից տանկերի դեմ ոչինչ անել չեն կարող։ Բայց դրանք առաջվա պես արդյունավետ են թեթև զրահատեխնիկայի դեմ։ Հետևաբար, լրիվ իմաստ ունի գոնե որպես ռեզերվ պահել։
Կարող եմ ամեն կետով այսպես տասնյակ օրինակներ բերել։ Ի դեպ, ոչ միայն մեր, կամ խորհրդային մոդելի բանակներից, այլև ՆԱՏՕ-ական, այդ թվում՝ ամերիկյան բանակից։ Բավական է հիշել ասենք, որ ամերիկացիները ծովային հետևազորի համար գնեցին բրիտանական օգտագործված «Harrier II» ինքնաթիռները։
Նենց որ, խնդիրը բնավ էն չի, որ մենք «80-ականների զենքով ենք կռվում»։ 80-ականների զենքով են կռվում նաև ադրբեջանցիները, համենայն դեպս և մեր, և իրանց բանակում այդպիսի զենքերի քանակը 90%-ից ավել է։
Խնդիրն այն է, որ մեր այդ 80-ականների զենքի արդիականացման պոտենցիալը մենք չենք օգտագործել։ Ու հաշիվը իշխանություններից սրա համար է պետք պահանջել, ոչ թե 2015 թիվ դեկտեմբեր տանկեր չառնելու։ Ու սա կարևոր դաս է, որը պիտի հաշվի առնվի ապագայի համար։
Հ.Գ.
Նոր զինատեսակների (ԱԹՍ-ներ, բաներ) մասով տրվող հարցերը կոռեկտ են, այնպես որ դրանց չեմ անդրադառնում։
Սերժ Սարգսյանի մասին
Dec 4
Լրագրողներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը նայելը առիթ դարձավ, որ ի մի բերեմ նրա մասին տպավորություններս։
Դե, նախ և առաջ, Սերժ Սարգսյանը մեր լավագույն մեմաստեղծն է։ «Թարս աճած խիարը», «որ ինչ անեսը», «դրա համար ե՞նք այստեղ հավաքվելը», «Տարոն, սիրուն չին» ևն, ևն, հայրենական մեմերի լավագույն նմուշներից են։
Բայց միաժամանակ, նա նաև ահավոր վատ հռետոր է։ Մասնավորապես, բրիտանացի գիտնականները ապացուցել են, որ նրա ելույթները անքնության դեմ լավագույն միջոցներից են։
Բայց լավ, կատակը մի կողմ։ Եթե լուրջ, ապա Սերժի հասցեին բոլոր տիպի քամահրական ու ծաղրական խոսքերը իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Չէ, դրանք էլ գոյության իրավունք ունեն, օրինակ` որպես կատակ կամ որպես պոպուլիստական քայլ, բայց ոչ ավել։
Իրականության մեջ, իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը որպես քաղաքական գործիչ հիացմունքի է արժանի։ Հիմա բացատրեմ թե ինչու։
Ուրեմն, եթե գեղարվեստական կերպարների հետ համեմատելու լինենք, ապա Սերժին կարելի կլինի համեմատել ասենք` Վոլանդի կամ «Devil’s Advocate»-ում սատանայի կերպարի հետ։ Ստեղ մի հատ հոպ, բոլոր նրանք, ովքեր ստեղ ասեցին. «հա, էդ տականք սատանա Սերժիկը», կարող են սառը ջուր խմել ու հանգստանալ, քանի որ համեմատությանս հիմքում բնավ չարի ու բարու հասկացությունները չեն։
Պարզապես, Սերժ Սարգսյանը մի մարդ է, ով շատ լավ, ամենայն խորությամբ ճանաչում է մարդկային թուլությունները (ինչպես և վերոհիշյալ գեղարվեստական հերոսները) ու օգտագործում է դրանք ուղղակի արդյունաբերական և ապշեցնող մասշտաբներով։ Արդյունքում բոլորը, այդ թվում և առաջին հերթին նրա հակառակորդներն անում են այն, ինչ նրան պետք է։
Լավագույն օրինակը «այո-ոչ» հեռուստաշոուն էր, որին մասնակցում էին նույնիսկ Սերժի սկզբունքային հակառակորդ համարվող շատ մարդիկ, թերևս նույնիսկ չզգալով էլ, որ ընդամենն իրենց հատկացված դերն են կատարում Սերժ Սարգսյանի խաղում։ Ընդ որում, երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ հանրաքվեն կենաց-մահու հարց չի, իմա – իր համար էական չի կանցնի, թե չէ, վստահ եմ, որ նա դա բացարձակ անկեղծ է ասում։ Ինչո՞ւ։ Որովհետև «Devil’s Advocate»-ի վերջին կադրերից պարզ է դառնում, որ սատանայի համար «այո»-ն ու «ոչ»-ն առանձնապես չեն տարբերվում. երկու տարբերակն էլ խաղի մի մասն են։ Իսկ խաղում, հիշեցնեմ, հիմնական օգտագործվող ռեսուրսը մարդկային թուլություններն են։ Ու հենց այդ թուլությունները շահագործելով է Սերժ Սարգսյանը բոլորին շարել իր խաղատախտակի վրա, որտեղ ոնց ուզում է, շարժում է, թեև ֆիգուրները համոզված են, որ իրենք են որոշում (ինչպես և փաստաբանն էր համոզված, որ ինքն էր որոշողը), թե ինչ անել։
Ավելին, Սերժը ոչ միայն մարդկանց թուլություններն է լավ ճանաչում, այլև լավ ճանաչում է նաև իր ժողովրդին։ Ու, ի տարբերություն շատերի, ովքեր ճանաչում են զուգահեռ տիեզերքների «աշխատասեր, շինարար ու ուսման ծարավ» հային, Սերժը գիտի իրական հային ու էլի` նրա բոլոր թերություններով։
Ու այս ամենն իմացող և այդքան հմտորեն օգտագործող քաղաքական գործիչն, իսկապես, հիացմունքի է արժանի։
Էս ասվածն, իհարկե, Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքների գնահատական չէ։ Այդ մասով նրա գործունեության ու մասնավորապես նախագահ աշխատելու ընդհանրական գնահատական ես որ չունեմ առայժմ։ Առանձին-առանձին, ամեն կոնկրետ դրվագի մասով կարող եմ ունենալ դրական, բացասական կամ նեյտրալ գնահատական/կարծիք, բայց ընդհանրական` չգիտեմ։
Էս ասվածը նաև որևէ կապ չունի ոչ իմ քաղաքական կողմնորոշման, ոչ էլ սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին վերաբերմունքիս հետ։ Առաջինի մասով երբևէ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ Սերժ Սարգսյանի օգտին չեմ քվեարկել ու չեմ պատրաստվում (դրա համար իմ պատճառներն ունեմ, բայց էդ այլ թեմա է, մի օր երևի կգրեմ), իսկ երկրորդի մասով կողմ եմ քվեարկելու (դա էլ է այլ թեմա ու դրա մասին արդեն գրել եմ)։
Վազգեն Բրուտյանի հետ անձնական նամակագրությունում չսպանած արջի մորթի ենք բաժանում։ Հա ի՞նչ։ Բոլորին կարելի է, մեզ ո՞չ։
Հիմա, ըստ նվաստիս կարծիքի, սպանվելիք արջի մորթուց մենք պիտի փորձենք չամփել հետևյալ կտորները (ամեն հաջորդ կտորում ավելի մեծ մասնաբաժին է)։
1. Լեռնաշխարհի արևելյան հատվածի վրա վերահսկողություն։
2. Նախորդը + վրաց-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածի նկատմամբ վերահսկողություն (որտեղով անցնում են հիմնական կոմունիկացիաները ” կոմունիկացիաների մնացած մասը Զաքաթալայի հատվածում են, տես 7-րդ կետը)։
3. Նախորդը + Նախիջևան (թեև Նախիջևանը բոլոր նշվածներից շատ ավելի հրատապ խնդիր է, բայց կարծում եմ, որ այն չամփելու շանսն ավելի ուշ կներկայանա, քան վերոնշյալները)։
4. Նախորդը + Գանձակը ու Շամխորի ջրամբարը։
5. Նախորդը + մինչև Ղարաբաղյան մեծ ջրանցք ընկած հատվածները։
6. Նախորդը + մինչև Քուռ գետն ընկած տարածքները (էն որ մի շաբաթում գրավող ենք 😉 )։
7. Նախորդը + Բաքվին չենթարկվող, բայց նաև չճանաչված Ավարական պետական կազմավորում, որը Հայաստանի աջակցությունն է վայելելու (որպեսզի Բաքուն ֆիզիկապես կտրված լինի Վրաստանից)։
8. Նախորդը + ներկայիս Ադրբեջանի մնացորդների հիմքի վրա կոնֆեդերատիվ պետություն, թույլ կենտրոնով։ Լեզգիստան, Թալիշիստան, հնարավոր է` թաթական կազմավորում ևն (Ավարստանն այս կետում կարող է ինչպես ընդգրկվել այդ կոնֆեդերացիայի կազմում, այնպես էլ որևէ այլ ստատուս ստանալ)։
Էն էլ ասեմ, որ առանց 1-2,3 կետերի իրականացման Հայաստանի հանգիստ շունչ քաշելը բավականին բարդ բան է։
«Հասնենք Բաքու» կետ, ինչպես տեսնում եք, նշված չի։ Դա ես ավելորդ եմ համարում։ Համենայն դեպս չեմ տեսնում որևէ լրացուցիչ benefit դրանում ի համեմատ 8-րդ կետի (բացի վրեժի ծարավի հագեցումից)։
Ինքնին հասկանալի է, որ ամեն հաջորդ կտորի չամփումը շատ ավելի բարդ բան է լինելու։ Մասնավորապես` 8-րդ կետն այսօր գրեթե ֆանտաստիկա է թվում։
Հ.Գ.
Ֆակտիշեսկի, մեզ մի 8 հատ պատերազմա պակասում Ադրբեջանի հետ 😉
Երևանում զինված խմբի վնասազերծման թեման առաջին հայացքից ահագին տարօրինակ ռեակցիա առաջացրեց շատերի կողմից։ Իրավապահ ու արդարադատության համակարգերի նկատմամբ ավանդական (ու արդարացված) թերահավատությունից բացի կա նաև ձերբակալվածների նկատմամբ որոշակի համակրանք։ Մոտավորապես «ռեժիմի դեմ պայքարող խեղճ էրեխեք»։
Սկզբից մի քանի պայմանավորվածություն։ Էն, ինչ կգրեմ, սահմանադրության նախագծի ոչ իրավագիտական, ոչ քաղաքագիտական և ոչ էլ այլ -գիտական վերլուծության հավակնություններ չունի։ Տենց բարդ մատերիաները դուրս են նվաստիս ոչ միայն կոմպետենտության, այլև` հետաքրքրության սահմաններից։
Էն ինչ կգրեմ, ոչ մի կապ չունի նաև էդ «այո-ոչ» կլոունադայի հետ, քանի որ այդ կլոունադան էլ իմ հետաքրքրության շրջանակներից դուրս։
Սա բացառապես իմ անձնական տպավորություններն ու կարծիքն են։ Ու մի բան էլ, այս փոփոխությունների մասին իմ կարծիքն ընդհանուր առմամբ դրական է, այնպես որ եթե սկզբունքային «ոչ» եք ասելու, կարող եք ժամանակ չծախսել գրածիս վրա։
Գրածիս մասին ցանկացած կոնստրուկտիվ առարկություն, քննադատություն, նախագծում իմ կողմից չնկատված խնդիրներ հետաքրքրությամբ կկարդամ։