Ժամանակ առ ժամանակ հայոց ինտերնետներում ինչ-որ ցուցակներ են կազմվում. ազգի դավաճանների, տականքների, հող հանձնողների ևն ևն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա կազմում են ամենաանկեղծ մղումներից ելնելով, բայց եկեք տեսնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել ոչ պակաս անկեղծ մղումներով այլ ցուցակագիրներ։

Եկեք օրինակ` ուշադրություն դարձնենք ընկեր Եժովի վրա։ Ցուցակների կազմումն ընկեր Եժովը սկսել էր առնվազն 1934-1935թթ.։ Կազմել էր պատասխանատվության և պարտքի լուրջ զգացումով ու անօրինակ աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ կազմված ցուցակն ավելի քան 700 կիլո մարդկանց անուններով, հիրավի, արժանի է Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելուն։

Բայց ոչինչ հավերժ չէ և 1938-ին ԽՍՀՄ գլխավոր ցուցակագրի պաշտոնում ընկեր Եժովին փոխարինեց ընկեր Բերիան։ Վերջինս էլ իր սեփական ցուցակում գրանցեց նաև ընկեր Եժովին։ Դե ի՞նչ ասենք, հողը բետոնից լինի վրան։

Ընկեր Բերիայի կարիերան շատ ավելի երկար տևեց, մոտ 15 տարի, բայց 15 տարի անց անսպասելիորեն պարզվեց, որ նա ևս ցուցակագրված է։

Ընկեր Բերիային ցուցակագրած Սերգեյ Նիկիֆորովիչ Կռուգլովի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց։ Նրան չգնդակահարեցին, մարդն ինքը սեփական նախաձեռնությամբ ընկավ գնացքի տակ։

Եթե կարծում եք, թե սա զուտ խորհրդային ֆենոմեն էր, առաջարկում եմ ծանոթանալ քաղաքացիներ Ժան-Պոլ Մարատի, Ժորժ Դանտոնի, Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և այլոց կենսագրություններին։ Սրանք բոլորն անվանի և փորձված ցուցակ կազմողներ էին։

Եվ այս բոլոր բարի մարդիկ դեռ ամենահայտնի ցուցակագիրներն են, սիրելի մեծիկներ և փոքրիկներ։ Մինչդեռ նրանց բազմաթիվ օգնականների, խորհրդականների, ենթակաների և պարզապես համակիրների անունները, ովքեր անմասն չէին մնում ցուցակ կազմելու հայրենանվեր գործից, այսօր չի հիշում նույնիսկ Ինտերնետը։

Հ.Գ.
Ի դեպ, բրիտանացի գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են այն փաստով, որ ցուցակագիրը ցուցակի վերջում գրում է նաև իր անունը, օրինակ` «կազմեց` այսինչը», իսկ գնդակահարողներն էլ հասնում են ցուցակի վերջին, կարդում են անունը և ցուցակագրողին էլ են գնդակահարում։ Թյուրիմացաբար։