Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ

(վարդավառի տոնի առթիվ)

Հրաչ Մարտիրոսյան

Հայոց հնագույն տոներից ամենաուշագրավը, թերևս, վարդավառն է, որի գրեթե բոլոր տարրերը, ցավոք, մոռացության են մատնվել: Այս ակնարկի նպատակն է որոշ չափով լուսաբանել տոնակատարության իմաստաբանությունը և դրա ձևավորման ընթացքը: Տոնի անվանման ստուգաբանությունը վիճահարույց է, ուստի այստեղ դրան չեմ անդրադառնա: Ուշադրության կենտրոնում կլինի վարդավառի դիցաբանական հենքում զգալի դեր խաղացող Դիցուհու անվանումների ու նրա պաշտամունքային տարրերի քննությունը: Շատ ուրախ կլինեմ, եթե այս ակնարկս գոնե մի փոքր նպաստի այս հրաշալի տոնի ժողովրդականության վերականգնմանը:

1. Աստղիկ և Անահիտ դիցուհիները

Հայոց հնագույն դիցարանի կարևորագույն աստվածություններից մեկը Աստղիկն է` սիրո և պտղաբերության դիցուհին, որի անունը ածանցված է բնիկ հայկական աստղ բառից և արտացոլում է նրա առնչությունը Արշալույսի աստղի` Լուսաստղի հետ, որը հիմա հայտնի է որպես Վեներա մոլորակ: Այս առնչությունը հանդիպում է մի շարք հնագույն մշակույթներում, մասնավորապես` սեմականում (Իշտար, Աստարտե ևն) և իրանականում (Արդվիսուրա Անահիտա):

Հնագույն հայկական Աստղիկ դիցուհին ավելի ուշ` իրանական ազդեցության շրջանում, համադրվել է ջրերի ու Վեներա մոլորակի դիցուհու` Անահիտայի հետ, ձեռք է բերել նրա անունը` Անահիտ, և այս անվամբ հայոց պաշտոնական դիցարանում ձևավորվել է որպես առանձին աստվածուհի[1]: Ագաթանգեղոսի հայտնի վկայության (§ 53) համաձայն Անահիտը մեր ազգի փառքն ու կենսատուն է, պաշտվում է բոլոր թագավորների կողմից (որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամենայն պատուեն) և է մայր ամենայն զգաստութեանց: Ագաթանգեղոսից իմանում ենք, որ նրանով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց, և նրանից ակնկալել են խնամակալութիւն (§§ 68, 127): Նրան անվանել են Ոսկեմայր, Ոսկեծին ու Ոսկեհատ[2] (Ագաթանգեղոս § 809), և նրան նվիրաբերվել են պսակս և թաւ ոստս ծառոց (Ագաթանգեղոս § 49), ինչպես նաև ճակատին աստղանշան ունեցող երինջներ[3]:

Որպես արքայական փառք/ֆառնի հովանավոր դիցուհի, Անահիտը, որի պաշտամունքը հատկապես ուժեղ էր Բարձր Հայքում, կարող էր նաև որևէ կերպ առնչվել Հանի / Անի ” Կամախ սրբավայրի հետ (թեև այստեղ նրան նվիրված տաճարի վերաբերյալ պատմական տեղեկություն չունենք), որտեղ արքայական դամբարանն էր` փառք/ ֆառնի հայտնի զետեղարանը: Գայթակղիչ է այս տեղանունը բխեցնել վաղնջահայկական *Հանի ‘Մեծ մայր’ չվկայված դիցանունից, հմմտ. հայ. հան(ի) ‘տատ, մեծ մայր’, որը սերում է հնդեվր. *ani(H) ‘տատ, մեծ կին’ նախաձևից, հմմտ. հուն. ἀννίς ‘տատ’, լատ. anus ‘ծեր կին’, լիտվ. anýta ‘ամուսնու մայրը’, խեթ. ḫanna‑ ‘տատ’ և հատկապես Ḫannaḫanna ‘մայր դիցուհի’[4]: Իրանական ազդեցության շրջանում այս *Հանի անունը հեշտորեն կարող էր փոխարինվել Անահիտ նմանահունչ համարժեքով:

Անահիտին նվիրաբերվող երինջների ճակատի աստղանշանը խորհրդանշում է Արշալույսի աստղը (Վեներա) և բարեբերության այսպես կոչված ֆառնը[5]: Որպես Արշալույսի աստղի ու ջրերի աստվածուհի, ինչպես նաև թագավորական փառք/ֆառնի հովանավոր ու ազգի կեցուցիչ, մարմնավորել է Երկնային կենսաբեր հեղուկ բխեցնող աստվածային կովին, որի կերպարը քաջ հայտնի է, օրինակ, վեդայական դիցաբանությունից: Մեր այս Աստղիկ/Անահիտի պաշտամունքին, երկնային ծովի ֆառն-ակունքին ու դրանից բխող կենսատու ջրերի հոսքի մոտիվին են առնչվում Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերը, որոնք մինչև 5 մ բարձրության հասնող զոհասյուն-քարակոթողներ են: Դրանց վրա պատկերված են զոհաբերվող ցլի կամ կովի գլուխն ու կաշին` վերջույթների հետ միասին, կենդանու բերանից հոսող ջրի ալիքները, երբեմն նաև Տիեզերական ծառի գաղափարին առնչվող զույգ թռչունը[6]:

2. Դիցուհին և վարդավառը

Նշված համատեքստում հրաշալիորեն տեղավորվում է նաև Աստղիկի առնչությունը ջրի ցողման տոնի` վարդավառի հետ: Այս տոնի կարևորագույն տարրերն էին լեռնային երթը, մատաղ-զոհաբերությունը, ջրի ցողումը, վարդը, խնձոր խորովելը[7] և այլն: Այն քրիստոնեական ծիսակարգում համադրվել է Քրիստոսի Պայծառակերպությանը` Թաբօր լեռան վրա: Հետաքրքիր է Մոկաց բարբառի թափուռ բառը, որ նշանակում է ‘Վարդավառի տոնին խնձոր խորովելու արարողությունը’ և ծագում է թափօր ‘եկեղեցական հանդես շրջագայությամբ’ բառից[8], որն էլ, իր հերթին, կարծես, արտացոլում է Աստվածաշնչի վերոհիշյալ Թաբօր լեռնանունը: Կարելի է ենթադրել, որ տոնակատարության նախնական տարբերակում լեռնային ուխտագնացության համատեքստում հանդես եկող խնձորը խորհրդանշել է լեռնային ակունք-ֆառնը: Այս կապակցությամբ ուշագրավ է, որ ճրագի հանելուկի իմաստաբանական հենքում ջրային վիշապն է, բերանին` թանկագին ակ կամ հուլունք, որը Վանի ու Մոկսի տարբերակներում փոխարինվում է մերթ խնձորով, մերթ` վարդով[9], որոնք երկուսն էլ վարդավառի կարորագույն տարրերից են:

Իսկ եթե այս ամենին հավելենք մեր էպոսի Քառսուն-ճուղ-ծամ Դեղձունի սիրո հմայքի մատնիքը, որը Սանասարը հանում է ծովի վիշապի բերանից ու դրանով հարուցում ծովի կատաղությունը[10], ապա ակնհայտ կդառնա, որ այստեղ էլ գործ ունենք սիրո ու պտղաբերության դիցուհու հետ, որ առնչվում է Լեռնային լճի ֆառն-ակունքի առասպելույթին:

3. Դիցուհիների վերապրուկները հայ բանահյուսության և ազգագրության մեջ

Քրիստոնեության ընդունումից հետո հին հայկական դիցանունները հիմնականում մոռացության են մատնվել կամ փոխարինվել են սրբերի անուններով, իսկ որոշ դեպքերում այս կամ այն կերպ պահպանվել են բանահյուսական տեքստերում կամ ազգագրական տվյալներում: Աստղիկը վերածվել է ջրահարս-քաջքուհու[11], իսկ Անահիտը Արցախի բանահյուսության մեջ հանդես է գալիս գորգագործական համատեքստում. տիպաբանորեն հմմտ. հունական Աթենաս դիցուհու հայտնի կերպարը (Martirosyan 2010. 678-680):

Քննվող դիցուհու պաշտամունքի մի ուշագրավ վերապրուկ գտնում ենք Վանա բանահյուսության մեջ: Արճակի լճում ապրում է հրեղեն ջրահարսը, որի ճակատին վառման աստըղ կա: Նրա աղբյուրից ջուր խմողը կբորբոքվի անարատ սիրով, նրա ձայնը անուշ կլինի, երգը՝ դյութող: Ուշագրավ է, որ Արճակը, ըստ տեղացիների հավատալիքների, արար-աշխըրքի ծովերաց ծնող մերն ի, ինոր մեչտեղ անտակ ախպուր կա, արար-աշխրքի ծովերաց մեչ կերթա էտը ախպրի ճրից (Ավագյան 1978. 110-111): Առկա են Աստղիկ/Անահիտ դիցուհու պաշտամունքի բոլոր էական գծերը` ճակատի աստղը, ջրահարս լինելը, համաշխարհային ջրերի հոսքի մոտիվը, սիրո հետ առնչությունը և այլն:

Սանահին գյուղում 1915 թվականին գրառված մի հեքիաթում (ՀայԺողՀեք 8, 1977. 91-96) երինջը մորթում են ու խաշ դնում, երեխան ուտում է այդ խաշից, ու երինջի ճակատի դովլաթ-բախտն ընկնում է երեխայի ճակատին: Շատ գայթակղիչ է սա դիտարկել որպես Անահիտին նվիրաբերված աստղաճակատ երինջի զոհաբերման ծեսի ու դրանում ոտուգլխի (ու մորթու) ունեցած հատուկ դերի մի մնացուկ: Հիշենք նաև վիշապակոթողների իմաստաբանության մեջ արտացոլված վերոհիշյալ զոհաբերական ծեսը:

Մի առանձին նյութ է Ծովինար-ը, որին կանդրադառնամ այլ առիթով:

4. *Այգ դիցուհին Վանա հարսանեկան ծիսական համակարգում

Բազմաթիվ ազգագրագետներ Վանի ու Մոկսի տարածաշրջանում գրանցել են մի խիստ ուշագրավ հարսանեկան ծես: Հարսանիքի հաջորդ (կամ երրորդ) օրվա առավոտյան նորապսակները, երաժիշտները, ազապները և որոշ այլ հարսնևորներ, երբեմն նաև քահանան, արևածագից առաջ բարձրանում էին տանիքը և արևածագը դիմավորում «Էգ, բարև» երգով, զուռնայի նվագակցությամբ ու պարով, որպեսզի արևն իր նորածագ ճառագայթներով արևշատություն ու կանաչ-կտրիճ զավակներ պարգևի նորապսակներին[12]: Երգն սկսվում էր այս տողերով.

Էգ, բարև, (այ) էգ, բարև,

Էգն արևուն տէր (var. տանք) բարև,

Մեր թաքվորին շատ արև, և այլն:

Աճառյանը և մյուսներն իրավացիորեն այս էգ բառը մեկնաբանել են որպես հայերեն այգ ‘առավոտ’ բառի օրինաչափ արտացոլում: Այս արմատը բարբառներում անկախաբար վկայված չէ. հանդես է գալիս միայն որոշ բառերի կազմում` էքուց ‘վաղը, լուսաբացին’ (< այգ-ուց), էքնահող ‘թաղման հաջորդ օրվա ծեսը’ (*այգ-ա-հող), իքնարօտ ‘լուսաբացից առաջ նախիրն արոտավայր տանելը’ (*այգ-արօտ) ևն:

Հայերեն այգ ‘առավոտ’ բառը բնիկ հայկական ծագում ունի: Սերում է հնդեվր. *aus- > *aw(h)- ‘արշալույս’ արմատից և այդպիսով ցեղակից է սանսկր. uṣás‑, հուն. ἕως, αὔως, լատ. aurōra բառերին, բոլորը` ‘առավոտ, արշալույս’ նշանակությամբ իգական սեռի գոյականներ: Հայերեն բառն արտացոլում է հնդեվրոպական տեղի հոլովի (locative) քարացուկը` *aw(h)i̯o‑ > այգ[13]: Իսկ պարզական *աւ- արմատը, ամենայն հավանականությամբ, արտացոլված է առ-աւ-աւտ ‘առավոտ’ բառի կազմում[14]:

Ամենաուշագրավն այն է, որ այս հնդեվրոպական *aus- ‘արշալույս’ արմատի վեդայական, հունական, լատինական և բալթիկ-սլավոնական ժառանգները հանդես են գալիս նաև որպես Արշալույսի (հիմնականում` իգական) աստվածության անվանումներ (West 2007. 220-221): Սա հնարավորություն է տալիս այդ նույն արմատի ժառանգ այգ ‘առավոտ’ բառն արտացոլող *Այգ (> էք) դիցանունը դիտարկել որպես համահնդեվրոպական ժառանգություն:

Ամփոփում

Հնդեվրոպական Արշալույսի դիցուհին արտացոլված է հնագույն հայկական սիրո, պտղաբերության, ջրերի հոսքի ու արշալույսի դիցուհու կերպարում: Նրա հնագույն` բնիկ անվանումն էր` *Այգ (= այգ ‘առավոտ’), որը պահպանվել է Վանի ու Մոկսի հարսանեկան «Էգ, բարև» վաղորդյան հիմներգում և, ամենայն հավանականությամբ, ուղղակիորեն ներկայացնում է այդ հնդեվրոպական դիցուհու անունը` *Aw(s)o- ‘Արշալույս’: Հայոց լեզվի պատմության որևէ փուլում կերտվել է նաև Աստղիկ անվանումը (նախապես` գուցե իբրև մակդիր): Այս դիցուհին պատկերացվել է երկնային կենսատու հեղուկ հոսեցնող կովի տեսքով, և նրան նվիրաբերվել են ճակատին աստղանշան ունեցող երինջներ: Աստղը, բնականաբար, խորհրդանշել է Արշալույսի աստղը (Վեներա մոլորակը), որը սերտորեն առնչվում է բարօրության խորհրդանիշ ֆառնի` երկնային ջրերի ակունքի գաղափարին: Դիցուհու պաշտամունքի ծիսական գործառույթների հստակ վկայություններն են վիշապակոթողները, որոնց վրա պատկերված է զոհաբերված ցուլ կամ երինջ` բերանից բխող ջրի ալիքներով, ինչպես նաև վարդավառի տոնը, որի ատրիբուտները` վարդն ու խնձորը, նույնպես ներդաշնակում են ջրերի` վիշապի բերանում գտնվող ակունքի մոտիվին:

Հետագայում դիցուհին համադրվել է իրանական ծագման Անահիտ դիցանվան հետ, բայց պահպանել է հնագույն` բնիկ հայկական դիմագծերը, իսկ ավելի ուշ Անահիտ ու Աստղիկ անվանումներն առանձնացել են, թեև նրանց երբեմնի միասնությունը դեռ ինչ-որ չափով նշմարվում է Աշտիշատի մեհյանի համատեքստում: Հետագայում դիցուհու պաշտամունքի վերապրուկները գտնում ենք Դեղձունի ու Ծովինարի կերպարներում: Ուշագրավ է նաև աշխարհի ջրերի մայր Արճակ լճում բնակվող հրեղեն հարսը, որի ճակատին վառման աստղ կա, և որի աղբյուրի ջուրը, ըստ տեղական հավատալիքների, շնորհել է անարատ սեր:

Հրաչ Մարտիրոսյան

2011 հուլիսի 15 (վարդավառ), Լեյդեն

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբեղյան, Մանուկ

1941 «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ. Երևան. ԱրմՖԱՆ-ի հրատարակչություն:

Ալիշան, Ղևոնդ

1910 Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք Հայոց. Վենետիկ. Ս. Ղազար:

Աճառյան, Հրաչյա Հակոբի

1942‑62 Հայոց անձնանունների բառարան [ԱճառԱնձն 1‑5]. 1, 1942; 2, 1944; 3, 1946; 4, 1948; 5, 1962. Երևան. Երևանի համալսարանի հրատարակչություն [1‑4 հատորները = Գիտական աշխատություններ 21, 24, 25, 26]:

1952 Քննություն Վանի բարբառի. Երևան. Երևանի համալսարանի հրատարակչություն:

1971‑79 (ՀԱԲ), Հայերեն արմատական բառարան, 4 հատորով (2-րդ հրատ.). Երևանի համալսարանի հրատարակչություն [1-ին հրատ. 1926‑1935, 7 հատորով]:

Ավագյան, Սերինե Մովսեսի

1978 Արճակ. Հայ ազգագրություն և բանահյուսություն. հտ. 8. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:

Բդոյան, Վարդ Հարությունի

1986 Հայկական աղամաններ. Անահիտ դիցուհուն խորհրդանշող կանացիակերպ աղամաններ. Երևան. «Սովետական գրող»:

Լալայեան, Ե.

1910 Վասպուրական. ազգագրութիւն. Ազգագրական հանդէս, 12-րդ տարի, XX գիրք. Թիֆլիս. 116-196:

1914 Վասպուրական. հաւատք. Ազգագրական հանդէս, 15-րդ տարի, XXV գիրք. Թիֆլիս. 21-60:

ՀԱԲ, տես Աճառյան 1971-79

Հայկունի, Ս.

1906 Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք և այլն. Էմինեան ազգագրական ժողովածու, հտ. Զ, Մոսկուա-Վաղարշապատ:

ՀայԺողՀեք 1-,

1959- Հայ ժողովրդական հեքիաթներ. հտ. 1, 1959 – հտ. 14, 1999, Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն; հտ. 15, 1998, Երևան. «Ամրոց»:

Հարությունյան, Սարգիս Բ.

1965 Հայ ժողովրդական հանելուկներ. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն:

2000 Հայ առասպելաբանություն. Բեյրութ. «Համազգային», Վահէ Սէթեան տպարան:

Ղանալանյան, Արամ Տիգրանի

1969 Ավանդապատում. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:

Մելիք-Փաշայան, Կարեն Վ.

1963 Անահիտ դիցուհու պաշտամունքը. Երևան. ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն:

Պետրոսյան, Արմեն

2006 Սիրո կրակ և վիշապամարտ. առասպելի ծաղկային կոդը. Հայ ժողովրդական մշակույթ 13 (նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի). Երևան. «Գիտություն» հրատարակչություն. 209-219:

Պետրոսյան, Լուսինե

2001 Մի հին պաշտամունքի հետքերը միջնադարյան Անիում. Գիտական աշխատություններ. Գյումրի. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. հտ. 4. 97-101:

ՍասԾռ

1936- Սասնա ծռեր. խմբ. Մ. Աբեղյան և Կ. Մելիք-Օհանջանյան (հտ. Ա, 1936; Բ 1-2, 1944 և 1951), Երևան. Պետական հրատարակչություն; խմբ. Ս. Հարությունյան և Ա. Սահակյան (հտ. Գ, 1979; Դ, 1999), Երևան. ՀՍՍՀ ԳԱ (ՀՀ ԳԱԱ) հրատարակչություն:

Տեր-Մկրտչյան, Ե.

1970 Վանեցոց հարսանիքը. Հայ ազգագրություն և բանահյուսություն 1. 143-198:

Տէր-Սարգսենց, Արիստակէս

1875 Պանդուխտ վանցին. նամակներ, երգեր, առածներ, առեղծուածներ. Կ. Պօլիս. Տպագրութիւն Ե. Մ. Տնտեսեան:

Арутюнян, С. Б.

1976 Мифологический образ солнца в загадке о лампаде. ИФЖ 1976, № 1: 237-242.

Орбели, И. А.

2002 Избранные труды, том 2. Ереван: Изд. “Гитутюн” НАН РА.

Kortlandt, Frederik H. H.

1996 Arm. caɫr ‘laughter’. In: Annual of Armenian linguistics 17: 55‑59.

2003 Armeniaca: comparative notes; with an appendix on the historical phonology of Classical Armenian by Robert S. P. Beekes. Ann Arbor: Caravan Books.

Martirosyan, Hrach K.

2010 Etymological dictionary of the Armenian inherited lexicon. Leiden, Boston: Brill. (Leiden Indo-European Etymological Dictionary Series; 8).

Olsen, B. A.

1999 The noun in Biblical Armenian: origin and word‑formation: with special emphasis on the Indo‑European heritage. Berlin, New York: Mouton de Gruyter. (Trends in linguistics. Studies and monographs; 119).

Petrosyan, Armen

2007 State pantheon of Greater Armenia: earliest sources. In: Aramazd: Armenian journal of Near-Eastern studies 2: 174-201.

West, M. L.

2007 Indo-European poetry and myth. Oxford: University Press.

[1] Աստղիկի ու Անահիտի երբեմնի նույնականության շուրջ տես Աբեղյան 1941. 75:

[2] Սովորաբար Անահիտի Ոսկեհատ մակդիրը մեկնաբանվում է որպես ‘ոսկուց հատված` ձուլված’ և վերագրվում է նրա ոսկե արձանին: Սակայն, իմ կարծիքով, այն մեկն է դիցուհու «ոսկյա» մակդիրներից և պետք է մեկնաբանվի որպես «ոսկու հատը` նմանակը, ճիշտ ոսկու նման», ճիշտ ինչպես բոլորիս լավ հայտնի Ոսկեհատ իգական գեղեցիկ անձնանունը (տես ԱճառԱնձն Դ, 1948. 189-190): Տիպաբանորեն հմմտ. Արև-հատ անձնանունը:

[3] Անահիտ դիցուհու մասին տես հատկապես Մելիք-Փաշայան 1963; Բդոյան 1986; Հարությունյան 2000 passim; Petrosyan 2007. 179-181:

[4] Նմանատիպ վարկած առաջադրվել է Լ. Պետրոսյանի (2001) կողմից, սակայն ոչ թե Անի-Կամախի, այլ մյուս` համանուն Անի քաղաքի վերաբերությամբ:

[5] Հմմտ. ավեստ. xwarənah, որի միջին իրանական farr- տարբերակից հայերենը փոխառել է փառ-ք բառը (հմմտ. նաև թշ-ուառ): Հիշենք, որ Ագաթանգեղոսի վերոհիշյալ վկայության համաձայն Անահիտը մեր ազգի փառքն է:

[6] Այս հարցը հանգամանորեն քննել եմ վիշապաքարերին նվիրված գիտաժողովի զեկուցմանս մեջ:

[7] Խնձոր խորովելու ծեսի, վարդավառի, սիրո աստվածուհի Աստղիկի և հարակից հարցերի շուրջ տես Ա. Պետրոսյան 2006:

[8] ՀԱԲ 2. 167a; Աճառյան 1952. 260: Ըստ Օրբելու (Орбели 2002. 230)` թա¨փօ¨ռ «кушанье: яблоки, сваренные или спаренные в род каши. Это блюдо едят на праздник Вардавар»:

[9] Տես Հարությունյան 1965. 152-155; Арутюнян 1976:

[10] ՍասԾռ Ա, 1936. 321-322: Հմմտ. նաև «Ծամթել» պարերգը:

[11] Ալիշան 1910. 225, 300-301; Ղանալանյան 1969. 153-154:

[12] Տես Տէր-Սարգսենց 1875. 115-116; Հայկունի 1906. 30, 32-33; Լալայեան 1910. 157-159, 1914. 52-53; ՀԱԲ 1. 166a; Աճառյան 1952. 46, 244; Տեր-Մկրտչյան 1970. 182-183:

[13] Հիշենք, որ հնդեվրոպական *-u̯- հնչույթը հայերենում տալիս է գ, օրինակ` հնդեվր. *u̯(e/o)in(y)o- > գինի, *dayu̯er- (հմմտ. ռուս. деверь ‘տեգր’, սանսկր. devár- և այլն) > տայգր/տագր ‘տեգր, ամուսնու եղբայրը’, *dr̥u̯- ‘փայտ’ > տարգալ ‘(փայտե) գդալ’ (հմմտ. նույն արմատից` հին եկղց. սլավ. drъva n. pl. ‘փայտ’, սանսկր. dárvi և darvī́ f. ‘գդալ’ և հատկապես խեթ. GIŠtaru̯-āli- ‘սանդ’), արեւ-ի կողքին հին սեռականի արեգ- ձևը այլն:

[14] Այս բառերի բանասիրական և ստուգաբանական քննության շուրջ տես ՀԱԲ 1. 165-166, 256; Clackson 1994. 22398, 226136; Kortlandt 1996. 58 = 2003. 119; Olsen 1999. 108; Martirosyan 2010. 54-56, 109: