ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ և «ՀՀՇ» վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի խնդրանքը` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-14:00-ը հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները` ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար:

Ինչպես tert.am-ին տեղեկացրեց Արթուր Պողոսյանը, հանձնաժողովը որոշել էր քաղաքացիական հոգեհանգիստը կազմակերպել Ալ.Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահից` հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը և այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում: Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է և որոշել, որ վրանները չեն հանելու:

«Նրանք նշեցին, որ լավագույն դեպքում հնարավոր է աջ և ձախ տեղաշարժել վրանները ու միջանցք բացել կամ արգելափակոցներով ուղղություն բացել դեպի «Մեղեդի» սրճարան: Ես հարցը պետք է զեկուցեմ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Հնարավոր է` հրավիրվի հանձնաժողովի նիստ` քննարկելու, թե ինչպես կլուծվի հարցը»,-ասաց փոխնախարարը:
Արթուր Պողոսյանը բարոյական տեսակետից անհասկանալի որակեց ՀԱԿ-ի պատասխանը, քանի որ «Վանուշ Խանամիրյանը ողջ հանրության կողմից սիրված անձնավորություն է, ժողովրդական արտիստ, և անհրաժեշտ է նրա հոգեհանգիստը պատշաճ կազմակերպել»:

«Ես ներքին համոզմունք ունեի, որ այս ինչ-որ իմաստով ֆորս-մաժորային իրավիճակում նրանք կընդառաջեն», ” նշեց փոխնախարարը` տարակուսելի համարելով ՀԱԿ-ի արձագանքը:

Tert.am

Մեկնաբանություններ պե՞տք են, թե՞ մնամ ցենզուրայի սահմաններում։