Այս թեմային փակ գրառումով մի անգամ անդրադարձել եմ, բայց երևի պետք էր բաց գրառումով: Չգիտեմ, կամռադներից մեկի գրառումը դրդեց, որ նորից գրեմ այս թեմայով, որը, ասեմ, իմ համար շատ տհաճ է: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասին է: Կենտրոնում ամեն օր կատարվողը, թող չափազանցություն չլինի, մի երկու դյուժին պոտենցիալ քրեական գործ է: Կենտրոնն ինքն իրենով մռայլ ու դեպրեսիվ տեղ է ” նույնիսկ պատերի տեսքն է արագացնում քաղցկեղի բջիջների բազմացումը, իսկ պատուհաններից բացվող տեսարանը դեպի Քանաքեռի ու Զեյթունի գերեզմանոցներ, անկասկած, հույսի լրացուցիչ լիցքեր է հաղորդում հիվանդներին: «Ե՞րբ պիտի մեռնենք, պրծնենք սրանցից» ” սա ի նկատի ունեմ «հույսի լրացուցիչ լիցքեր ասելով»: Այո, այո, ահա այս բառերը կարելի է կարդալ բազմաթիվ ու բազմաթիվ հիվանդների երեսներին ու այդ շատերին կյանքի հետ կապող միակ բանը, ըստ էության, հարազատների սերն է: Բայց այդպիսի դեպրեսիայի ու աշխարհից զզվելու պատճառը պատերը և սոսկ գերեզմանոցները չեն, դրանք երկրորդական պատճառներ են ու եթե չլինեին հիմնական պատճառները, մարդիկ պատերին բանի տեղ չէին էլ դնի, իսկ գերեզմանոցները կլինեին միայն սիրված սև հումոր: Իսկ աշխարհից զզվելու հիմնական պատճառը պրիմատներն են: Մատներս հրաժարվում են հիվանդանոցի բուժանձնակազմի վերաբերյալ տպել «մարդ» բառը. ես անկեղծորեն փորձեցի, չստացվեց, այնպես որ ստիպված եմ բավարարվել «պրիմատ» բառով: Չէ, բուժանձնակազմի մեջ, հավանաբար հանդիպում են նաև մարդիկ, համենայն դեպս մի 4-5 մարդու այնտեղ տեսել եմ, բայց այդ 4-5-ը ուղղակի աննկատելի էին այն մի քանի տասնյակի ֆոնին ում տեսա ու ում մասին լսեցի:
Տեսա այնտեղ մի կնոջ: Արդեն չեմ հիշում, թե Սյունիքի որ գյուղից էր: Ես գյուղացի տեսած մարդ եմ ու այդ կնոջը նայելն իսկ բավարար եղավ, որ իմանամ, թե ինչ պայմաններում է նա պայքարում կյանքի համար: Երևանում մնալու տեղ չունի, ստիպված է գնալ գալ, իսկ դա ծախսեր, ծախսեր, վիրահատության համար, որը պիտի անվճար արվեր պետպատվերի շրջանակներում, վճարել է մի 200-300 հզ. դրամ, գումարած անալիզներ, դեղեր, դեղեր, թերապիաներ, գումարած ամեն քայլափոխի փողի պահանջ: Մեկ օրվա մեջ հիվանդանոցում երևի մի 20-30 հոգի փող է պահանջում: Կնոջ ընտանիքն այդպիսի գումարներ ուղղակի չունի, միակ կովն են վաճառել կամ տղան է ռուսաստաններում օրը 25 ժամ գումար ու գումարի հետ հիվանդություններ վաստակում, մի քիչ էլ հարևաններն ու հարազատներն են օգնել, որ ահա գա ու ապրելու շանս ստանա: Չեմ հարցրել ոչինչ, միայն թե որտեղից է, մնացածը կարդացել եմ դեմքին:
Տեսա մի ուրիշին, ում բախտը բերել էր և 3 տարի առաջ ժամանակին էր հայտնվել հիվանդանոցում, այնքան ժամանակին, որ եթե վիրահատվեր, այլևս ոչ մի խնդիր չէր ունենա, բայց …, բայց մինչև պահանջվող գումարը հավաքել էին, ժամանակն անդառնալիորեն անցել էր, և կինն ու իր հարազատները երեք տարի շարունակ պայքարում էին մահվան ու չքավորության դեմ: Մանրամասները չեմ հարցրել, միայն այն, որ 3 տարի առաջ չկարողացան ժամանակին գումարը հավաքեն: Մնացած ամբողջը գրված էր դեմքին: Ո՞վ հաղթող դուրս եկավ այդ անհավասար պայքարում:
Մի այլ օր ուշ գնացի ու տեսա, որ հիվանդանոցում անսովոր առնետավազք էր: Պարզվեց՝ մարդ էր մահացել: Սրտի վիրահատություն տարած մեկը: Ընդամենը եկել էր անալիզներ հանձնելու: Ուղարկել էին ինչ-որ ստուգման, ինչ-որ ռենտգենոտ մի տեղ: Սրտի վիրահատություն տարածներին այդ ստուգումից առաջ պիտի ուրիշ ստուգումներ անեին, որ համոզվեին, որ անվտանգ է, չէին արել, իսկ մարդու սիրտը չէր դիմացել: «Օրներս հարամ եղավ». դժգոհ, դժգոհ շպրտեց բուժ ” ձեռքս նորից հրաժարվում է «քույր» սուրբ բառը գրել ” բուժպրիմատներից մեկը: Այո, օրները հարամ եղավ, իսկ մարդն ընդամենը եկել էր անալիզներ տալու: Տանը երևի ասել էր. «տենց մի ժամից կգամ»:
Տեսա մի ինչ-որ օրգանի աշխատակցի. մորն էր բերել: Հիվանդանոցի պայմաններին ծանոթանալուց հետո, զայրացած հանել էր վկայականը ու բոլոր հարցերն անմիջապես այլ ընթացք էին ստացել: Պրիմատները վազվում էին շուրջը, ինչպես հավատարիմ շան քոթոթներն են վազվզում իրենց կերակուր բերած տիրոջ շուրջը, լիզում էին ձեռքերը, կոշիկները ու որ պահանջեր, տարբեր բնույթի սեռական ծառայություններ էլ կմատուցեին: Իր մոր առողջության հարցերը իրավապահ մարմինների այդ աշխատակիցը, անշուշտ, լուծեց, իսկ իր ծառայողական պա՞րտքը: Վատ մարդ չէր երևում տեսքից, բայց դե … :
Ու այդպես տասնյակ-տասնյակ դեպքեր, տեսարաններ, մարդկային ողբերգություններ ու ճակատագրեր, անելանելիությունից պատին գամվածներ ու … քարացած սրտեր, զարհուրելի ու արհեստավարժ ընչաքաղցություն և բացարձակ անտարբերություն մարդկայինի որևէ բանի նկատմամբ ” ի՞նչ անտարբերություն, մարդկայինի ի սպառ բացակայություն: Ու այդ պրիմատները, հավանաբար, ունեն ընտանիքներ, գիշերները գնում ու հանգիստ քնում են, սիրում են իրենց երեխաներին ու չեն էլ մտածում, որ ամեն օր, երբ տուն իրենց զավակներին հաց են տանում, այդ հացի հետ հարյուրավոր անեծքներ են տանում: Գուցե ինչ-որ մարդկանց մոտ տողերս կարդալիս կարծիք ստեղծվի, թե գեղարվեստական չափազանցություններ են … շատ կուզեի, որ գոնե մի տառ չափազացություն լինի, բայց ցավոք ոչ: Գնացեք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն ու տեսեք ամեն ինչ ինքներդ: Այնտեղ գիրք կա դրված, բաց գիրք, այդ բոլոր ողբերգություններով, տառապանքներով, ճակատագրերով, պետք ուղղակի նկատել այդ գիրքը ու կարդալ: Չէ, էս ի՞նչ եմ ասում: Աստված չանի, որ կարիք ունենաք գնալ: Առողջ եղեք դուք էլ, ձեր հարազատներն էլ: