Համար 1:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Վանաձոր: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք` մայրս ու ազգականներիցս մեկը:

Մայրս.
– Գործ չե՞ս ճարել:
– Չէ, այ ցավդ տանեմ, ու՞րա ստեղ գործ: Էս տարի հլը գնամ Ռուսաստան, տենամ ի՞նչ եմ անում:
– Լսի, ստե պոլիտեխնիկի մոտ շինարարությունա, ամիսը տենց մինչև 40–50 փող են տալիս ու մարդ են ուզում, ձեր տներից էլ 20–30 րոպեի ոտի ճամփայա, մի հատ գնա:
– Ի՞, այ ցավդ տանեմ, խի էտ ի՞նչ փողա որ, որ ես դրա հմա գնամ ստեից պոլիտեխնիկ հասնեմ:

Ոչ, ոչ, ազգականս ոչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, ոչ էլ բիոինֆորմատիկայի մասնագետ: Միջնակարգ կրթությամբ, երբեք բանվորից բացի ուրիշ բան չաշխատած մարդ էր:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 2:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Լոռու գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` սրանից տենց մի 2 տարի առաջ: Գործող և չգործող անձիք`մի հատ կին, մի հատ խեղճ ու կրակ ամուսին, լրագրողներ, երեխաներ:

Կինը տեսախցիկին ուշադիր նայող երեխաների, մեջքը կորացրած ամուսնու, չորացած, ճաք տված հողի և բառացիորեն տան կողքով անցնող առվակի ֆոնին.
– Ստեղ տուն-մուն ծախեցինք, գնացինք Ռուսաստան, էն էլ ընտեղից քշեցին, հիմա հետ ենք եկել, ոչ ապրելու տեղ ունեինք, ոչ աշխատանք, լավա գոնե բարեկամներիցս մեկը գյուղի ծայրին էս ազատ տունը մեզ տվեց: Բայց ոչ մի ապրուստ չունենք, ոչ կարող ենք այստեղ ապրել, ոչ էլ Ռուսաստան գնալ, գոնե մի հարուստ մարդ լինի, մեզ օգնի:

Զանավես:

_______________________________________________________________________________

Համար 3:

Աբսուրդ մեկ անգործությամբ: Անգործության վայրը` Սյունիքի կամ Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկը: Անգործության ժամանակը` “դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել”–ից մինչև տենց մեր օրերը (տենց մի 30–40 տարի): Գործող և չգործող անձիք` ընտանիքի արդեն ծերացող հայր, մի քանի արդեն հասուն և նույնիսկ ամուսնացած որդիներ, ընտանիքի այլ անդամներ, լրագրողներ:

Ընտանիքի հայրը պատմում է.
– Դե երկրաշարժը, որ եղավ, դե Սպիտակի երկրաշարժից առաջ հլա շատ տարի առաջ մի հատ երկրաշարժ էլ մեր մոտ էր էղել, 19** թվին, էս մեր տունը լավ վնասվեց: Ուժեղ չէր, գյուղում տենց մի էրկու–իրեք տուն վնասվեց, մեկը մերը,– ցույց է տալիս խախուտ, հսկայական ճաքերով տունը: Էկան, տեսան, խոստացան, որ կօգնեն վերանորոգել կամ նոր տուն կտան ու տենց էլ հա ձգձգեցին, ձգձգեցին, քանի տարի, մինչև որ սովետը քանդվեց, էս մեր երկիրն էլ մեր մասին հեչ չի մտածում, ոչ հիշում են, ոչ մի բան խոստանում են, մեզ վաբշե մոռացել են, հիմա էս տան մեջ, ոչ երեխա ունենալա էղնում, ձմեռները ճաքերից, ինչքան ուզումա բան խցկենք, քամի, ցուրտ:

Զանավես:
_______________________________________________________________________________