Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի “Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ պատմաբանների պրպտումները ուրարտերենը հայերենի հետ նույնացնելու, հայերի էթնոգենեզը մինուս անվերջության ձգտեցնելու և նմանատիպ այլ բաներն իմ կողքով էլ էին անցել, Դյակոնովն իր տեսությամբ իմ աչքերում ոչ ավել, ոչ պակաս հայ պատմագրության համար մեկ թշնամին էր, ով պաշտպանում էր “հայերի եկվորության” թեզը, ծախված էր ես շատ գիտեմ ում (ի դեմս թուրքերի), մասնակից էր հայերի դեմ համաշխարհային դավադրության և այլն, և այլն: Հետո ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շատ բան իմացա պատմագրության ու լեզվաբանության մասին և արդյունքում նախկին ծայրահեղ վերաբերմունքս մեղմացավ ու վերացավ: Ու հիմա, կարդալիս, երբ որևէ նախատրամադրվածություն հեղինակի և աշխատության նկատմամբ չկա, այն լրիվ ուրիշ կերպ է ընկալվում: Նախ, եթե համեմատելու լինենք “հայերեն=ուրարտերեն” և այդ կարգի այլ արատտաների տեսությունների հետ, ապա … է համեմատելու բան ուղղակի չկա: Եվ մոտեցումների գիտականության, և փաստերն ու ենթադրությունները հնարավորինս շատ գիտությունների և գիտական ուղղությունների հետ բարեխղճորեն համաձայնեցնելու, և “իդեա ֆիքսի” ու աճպարարությունների բացակայության առումներով բոլոր այդ արատտաները մի քանի շրջանով զիջում են Դյակոնովի տեսությանը, նույնիսկ այդ տեսության ստեղծումից ավելի քան 40 տարի անց: Եվ բոլորովին զարմանալի չի, որ հենց Դյակոնովի տեսությունն է համընդհանուր ընդունվում ու ոչ մի դավադրության հարց էլ այստեղ չկա: Մի խոսքով, հայ ռևիզիոնիստներն այսօրվա դրությամբ ուղղակի ոչ մի շանս չունեն իրենց տեսությունները համընդհանուր ընդունելի դարձնելու առումով ու պատճառը այդ տեսությունների ակնհայտ թույլ և անհամոզիչ լինելն է, ոչ թե հակահայ համաշխարհային դավադրությունները:

Անգամ, եթե մի օր Դյակոնովի տեսությունը հերքվի (հա, հա գիտեմ, կլինեն մարդիկ, որ սրան կուզենան պատասխանել “արդեն հերքվել է, դա հնացած տեսություն է” և այլն ” ախպոր պես, էլի), այդ գիրքը պետք է կարդալ ու դրանով սովորել, թե ինչպես պետք է աշխատել եղած նյութերի հետ, ինչպես գրագետ կառուցել տեսություններ ու առաջ քաշել հիպոթեզներ և այլն:

Եվ վերջապես ստերի մասին: Սուտ է, թե Դյակոնովի տեսությունը հակահայկական է: Մինչև հիմա կարդացածս որևէ ուսումնասիրություն ավելի հայամետ չի եղել, քան Դյակոնովի տեսությունը: Սուտ է նաև (սրա մասին նախքան կարդալն արդեն գիտեի), թե ըստ Դյակոնովի տեսության հայերը Հայկական լեռնաշխարհում եկվոր են: Դյակոնովի տեսությունը պնդում է, որ եկվոր էին նախահայերենի կրողները, որոնք նոր ձևավորվող հայ ժողովրդին փոխանցեցին իրենց լեզուն, բայց բիոլոգիապես հայերը հիմնականում լեռնաշխարհի բնիկների ժառանգներն են, իսկ նախահայերենի կրողները քանակապես շատ ավելի քիչ են եղել, քան բնիկները: Բոլոր այն կարգի հարցերին, թե “այդ ինչպես փոքրաքանակ մուշկերը կարող էին իրենց լեզուն փոխանցել ավելի մեծաքանակ զանգվածի” համոզիչ և հիմնավոր բացատրություններ տեսությունը տալիս է: