Հայաստանում նորից խոսում են ԼՂՀ ճանաչման մասին: Այնպիսի տպավորություն է, որ ոչ ոք այլևս չի հասկանում, թե ինչի մասին են խոսում: Մառազմի համաճարա՞կ է, ինչ է: Ի՞նչ ասես, մարդիկ մոռացել են, թե ինչից սկսվեց արցախյան պայքարը և անկեղծորեն հավատացել են, որ մենք պայքարում ենք Արցախի անկախության համար: Անկախություն ումի՞ց: Ադրբեջանի՞ց: Եվ նույնիսկ սրան հակասող պաշտոնական թեզը, թե Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել, մարդկանց մոտ դիսկոմֆորտ չի առաջացնում: Մինչդեռ Արցախը ընդամենը Հայաստանի մարզ է: Եվ ուրիշ ոչինչ:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, … հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա …
Սա հատված է Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրից: Ինչ-որ մի պահ, ինչ-որ մեկը մեզ ասեց. “ժողովուրդ ջան, տակտիկական նկատառումներով մենք աշխարհին պիտի ասենք, թե իբր Արցախն անկախ պետություն է, մենք կապ չունենք”: Աշխարհը չհավատաց, բայց հավատացինք մենք ինքներս: Եվ հիմա լրջորեն քննարկում ենք արժի՞ արդյոք ճանաչել ԼՂՀ անկախությունը … Հայաստանից, թե՞ ոչ:
Բայց դա այս իրավիճակի միակ անհեթեթությունը չի: ՀՀՇ-ական հանցագործ վերնախավի կողմից շրջանառության մեջ դրված ‘անկախ Արցախ’ գաղափարը հանգեցրել է մեկ այլ անհեթեթության ևս. այսօր Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, որպեսզի վերջինս ճանաչի Հայաստանի տարածքի մի մասի անկախությունը Հայաստանից: Հետաքրքիր է, թե դիվանագիտության ամբողջ պատմության մեջ եղե՞լ մեկ այլ այս կարգի անհեթեթ իրավիճակ: