Վանաձորում, մեր հարևան թաղամասում մի ծերունի էր ապրում: Հաշմանդամ էր. երկու ձեռքերի դաստակներն էլ կտրված էին: Չգիտեմ, թե երբ և ինչպես էր կորցրել ձեռքերը, չգիտեմ, թե ինչ էր այդ ծերունու անունը: Մենակ էր ապրում, երեխաներ կարծես թե չուներ: Կարծեմ մի ինչ-որ բարեկամուհի ուներ, որ ժամանակ առ ժամանակ այցելում էր. երևի տնային գործերն անելու համար” Բայց վստահ չեմ, որ ճիշտ եմ հիշում. այն ժամանակ երեխա էի, կարող է բարեկամուհի էլ չուներ:
Հետո եկան 90-ականները, տնտեսական ճգնաժամ, ցուրտ, մութ, սով ու չնչին կենսաթոշակներ, որոնցով ոչ թե մարդ, մի ճնճղուկ էլ չէր կարող ապրել: Կառավարությունն էլ երևի որոշել էր, որ այդ կենսաթոշակով միևնույնն է ապրել չի լինի ու ամիսներով մարդկանց չէր վճարում: Այս պայմաններում, եթե այդ ծերունին համալրեր մուրացկանների մեծաքանակ բանակը, դա ոչ ոքի չէր զարմացնի, և ավելին, հաշվի անռնելով նրա վիճակը, շատ շատերը պատրաստակամ կլինեին օգնության ձեռք մեկնել իսկապես անօգնական այդ մարդուն: Անօգնակա՞ն: Մուրացկանությամբ այդ ծերունին չզբաղվեց: Ինչ-որ մեկը նրա համար փայտից ու կաշվից “դաստակներ” էր պատրաստել, որոնց դրսի կողմից նաև դանակներ էին ամրացվում: Ու այդ “դաստակները” ձեռքերին կապած, դրանց վրայի դանակներով այդ ծերունին ծառերից բարեհաջող ազատված գազոների հողն էր կռացած փորում ու այնտեղ կանաչի, կարտոֆիլ, պոմիդոր ցանում: Նաև գնում էր անտառում հաճար էր հավաքում: Երբևէ հաճար հավաքած կա՞ք: Պիտի չոքեչոք ծառից ծառ անցնեք ու ամեն մի սանտիմետր հողը սակրավորի զգուշությամբ փորփրեք, որ տեսնեք կա՞ն արդյոք այդտեղ հաճարի հատիկներ: Ու այդպես այդ մարդն ապրեց սովի ու մթի բոլոր տարիները, ապրեց առանց իր բախտից դժգոհելու ու տրտնջալու, առանց որևէ մեկից որևէ բան մուրալու: Չգիտեմ, թե ինչ եղավ այդ մարդու հետ հետո. լույսերը տվեցին ու լուսավորված քաղաքում նա հանկարծ դարձավ աննկատ, հետո էլ մենք տեղափոխվեցին ուրիշ թաղամաս: Հիմա այդ մարդը մի 80-90 տարեկան պիտի լինի ու հավանաբար արդեն մահացել է: Ինչու՞ եմ սա պատմում: Թող համացանցի անհունում լինի նաև պատմություն այն մասին, որ ահա այսպիսի մի մարդ է ապրել Վանաձոր քաղաքում ու այսպես է ապրել:
Հ.Գ.
Մանվելը հուշեց, որ ծերունու անունը Վիտյա էր: Մի տաս տարի առաջ մահացել է: Աստված հոգին լուսավորի: