Ուրբաթ օրը ընկերներիցս մեկի հետ բավականին երկար քննարկում էինք օտարալեզու դպրոցների հարցը: Մասնավորապես քննարկում էինք այդ նախագծի կողմնակիցների կողմից բերվող փաստարկները: Արդյունքում եկանք ինչ-որ եզրահանգումների, որոնց հիման վրա հիմա կփորձեմ մի փոքր ֆորմալիզացնել ու ընդհանրացնել խնդիրը:
Այսպես. դիցուք ունենք որոշակի ոլորտ, որտեղ ցանկանում ենք ռեֆորմ իրականացնել: Առաջարկվող ռեֆորմը, պետք է անցնի որոշակի պարտադիր փուլերի միջով և որից հետո այն միայն պետք է մեկնարկվի.
1. Պետք է մատնանշվեն տվյալ ոլորտի առավել էական խնդիրները, որոնք նշանակենք ա, բ, գ … փ, ք տառերով: /Կրկնում եմ, խոսքը միայն առաջնային և հրատապ խնդիրների մասին է. ոլորտը կարող է ունենալ նաև երկրորդական խնդիրներ:/
2. Պետք է մատնանշվեն այն համապատասխան ա’, բ’, գ’ … փ’, ք’ թիրախները, որոնց մենք ցանկանում ենք հասնել: Այսինքն, խնդիրը ինչ-որ Վ(ա, բ, գ … փ, ք) վիճակից Վ'(ա’, բ’, գ’, … փ’, ք’) վիճակին անցում կատարելն է: /Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ ենք ուզում արդյունքում ունենալ, որպեսզի ցանկացած պահին կարողանանք գնահատել ընթացող կամ ավարտված ռեֆորմի արդյունավետությունը:/
3. Պետք է առաջարկվի Ռ ռեֆորմը, որն իրականացնում է Վ->Վ’ անցումը և ապացուցվի, որ Ռ ռեֆորմն իսկապես իրականացնում է այդ անցումը:
4. Ռ ռեֆորմի համար պիտի նշվի, թե ինչ ռեսուրսներ (նյութական-ֆինանսական, մարդկային, ժամանակային և այլն) կպահանջի այն իրականացվելու համար: /Հնարավոր է, որ նշված բոլոր խնդիրները լուծելու համար պահանջվեն անընդունելի ծախսեր կամ գոյություն չունեցող ռեսուրսներ:/
5. Ռ ռեֆորմի համար պիտի հիմնավորվի, որ այն չի առաջացնում անցանկալի կողմնակի հետևանքներ: /Հնարավոր է, որ առաջարկվող ռեֆորմը լուծելով առկա խնդիրները` առաջացնում է շատ ավելի լուրջ և դժվար լուծելի խնդիրներ:/
6. Պիտի հիմնավորվի, որ գոյություն չունի Ռա, Ռբ, Ռգ … Ռփ, Ռք ռեֆորմների հավաքածու, որոնք միասին իրականացնում են Վ->Վ’ անցումը ավելի քիչ ընդհանուր ռեսուրսներով, ավելի քիչ անցանկալի կողմնակի հետևանքներով և ավելի քիչ ռիսկերով, քան Ռ ռեֆորմը: /Եթե գոյություն ունի առկա խնդիրների լուծման առավել արդյունավետ ճանապարհ, ապա ակնհայտորեն պիտի ընտրվի այդ ճանապարհը:/
7. Վերը նշված բոլոր կետերով անցնելուց հետո, Ռ ռեֆորմը պիտի փորձարկվի փոքր մասշտաբների վրա, որի արդյունքում պիտի ստուգվի ռեֆորմի արդյունավետությունը և ճշտությունը, հայտնաբերվեն հնարավոր թերությունները, մինչ այդ անհայտ մնացած խնդիրները և այլն: /Տեսական դատողությունները միշտ էլ կարող են սխալ դուրս գալ գործնականում:/
8. Ռ ռեֆորմի փորձարկումից հետո, պետք է ևս մեկ անգամ վերանայվեն 1-6 կետերը` համոզվելու համար, որ Ռ ռեֆորմը շարունակում է մնալ նպատակահարմար: /Փորձարկման արդյունքում կարող են հայտնաբերվել խնդիրներ, որոնք փոխել են 1-6 կետերից որևէ մեկում նախկինում արված եզրահանգումները:/
Ես համարձակվում եմ պնդել, որ քանի դեռ այս բոլոր կետերը չեն բավարարվել, ցանկացած ռեֆորմ ուղղակի արկածախնդրություն է:
Վերադառնալով օտարալեզու դպրոցներին` ասեմ որ այս պահին նույնիսկ չեն նշվել այն խնդիրները, որոնք լուծելու համար առաջարկվում է այս ռեֆորմը: Համենայն դեպս ես ոչ մի տեղ չեմ հանդիպել հստակ ձևակերպված խնդիրներ և նպատակներ: Կարող եմ ենթադրել, որ որպես նպատակ դիտարկվում է այլ լեզուների իմացության մակարդակի բարձրացումը, բայց արդյո՞ք դա է այն օպտիմալ ճանապարհը, որով այդ նպատակին պետք է հասնել: