ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ-Ի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
- Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում:
1 դեկտեմբերի 1989 թվականի,
քաղ. Երևան
N 1650-XI.