Տանը մի թեթև շինարարական գործ կար, վարպետներից մեկի հետ ձեռի հետ դեսից դենից զրից ենք անում։

Զրույցի մոտավոր բովանդակությունը.

-Արա, այ ախպեր, էնքան գործ կա, ըսկի չենք էլ հասցնում մեկից մյուսը։ Շատ վախտ չենք վերցնում։
-Հա՞,- արդեն մթնում էր և, եթե այդ պահին վարպետը նայեր դեմքիս, հաստատ կվախենար, քանի որ աչքերս ճակատիս էին։
-Հա բա, հենա Սոչիից փախել եմ, եկել։
Աչքերս մարմնիս երկայնքով պտույտ կատարելով վերադարձան իրենց բնական տեղը։
-Խի՞ բա, Սոչիում լավ չէ՞ր։
-Չէ հա, որդու՞ց էր լավ։
-Բա Օլիմպիադա, բան, պտի որ լավ ըլնի,- հուսախաբ մի փորձ եմ անում ես մոլորված այդ մարդուն ճիշտ ուղղուն ետ բերելու համար։
-Ա չէ, այ ցավդ տանեմ, հմի ընդե ըսկի մասնավորի մոտ ես գնում, բան չեն տալի,- ես չփորձեցի էլ ճշտել, թե ի՞նչ էր նշանակում «մասնավորի մոտ գնալը», քանի որ ակնհայտ էր, որ Սոչիի գովքը լսելու որևէ հույս չկա։- Իսկ որ առանց դակումենտ բռնեցին էլ է, էդ էլ մի պատմությունա։
-Պարզա։
-Էդա լավա, ստեղ հմի գործ շատ կա։

Նոկդաունից ուշքի գալուց հետո, որոշեցի ռևանշ վերցնել մյուս՝ տարիքով ավելի ավագ վարպետից։

-Փաստորեն գործ շատա էղնում, հա՞։
-Հա։ Առաջ լավ չէր, թե էղնում էր Էրևան մի բան անել, էղնում էր, թե չէ, էնա պտի Ռուսաստան գնայիր,- ինքս իմ մեջ մտածեցի, որ սա էլ է անհույս։
-Ես սովետի վախտ շատ լավ եմ ապրել։
-«Ջա՜ն, էսա կսկսվի»,- ուրախացա ես։
-Բայց դե սովետի վախտ սաղ էլ լավ էին ապրում,- շարունակեց կյանքը պատմել տարիքով ավագը։
-«Թուուուու»,- հուսախաբ եղած մտածեցի ես։
-Հետո մի մոմենտ կար, շատ վատ էի, Էրևան մի քանի տեղ գործ էղավ արեցի, բան, գիտե՞ս որտեղ, էդ Կոմիտասի վրա Երիցյանների խանութ կա, ըտեղ, Հարսնաքարում, հետո մի հատ պատգամավոր կար, դրա տանը ” էդ սաղ մենք ենք սարքել։ Բայց հմի լավա, էսա էս քանի վախտը տղես Ռուսաստանա էլի, հետա գալու, էլ ոչ էլ թողալու եմ, որ գնա։

Երկրորդ նոկդաունից ուշքի գալուց հետո, էլ նոր փորձեր որոշեցի չանեմ։

Հ.Գ.
Մարդիկ պայմանավորված ժամից համարյա չէին ուշացել (դե մի ժամը հայկական մասշտաբներում ուշանալ չի, հատկապես, եթե մի ուրիշ գործից են գալիս)։ Գործը շատ որակով արեցին։ Մի փոքր կոսմետիկ բան մնաց, արդեն մութ էր, ասեցին, որ կիրակի կգան, կանեն, կգնան, պայմանավորված գումարի կեսը վերցրեցին ու գնացին։

Հ.Հ.Գ.
Երկնքից երեք խնձոր չսպասեք, որովհետև հեքիաթ չէր։