Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի դրոշներին։ Եթե այո, ապա չէիք կարող չնկատել, որ այդ երկրների դրոշների գույները մեր եռագույնի գույներն են. կարմիր, կապույտ, դեղին, միայն հակառակ դասավորությամբ (դասավորության խնդրին շուտով կանդրադառնանք)։
Ոմանք կառարկեն, որ մեր եռագունում ոչ թե դեղին է, այլ նարնջագույն։ Այո, այսօր դա այդպես է, բայց այդպես չէր ոչ առաջին հանրապետության օրերին և ոչ էլ մեր անկախության առաջին տարիներին։ Կարմիր, կապույտ, դեղին` սրանք էին մեր դրոշի գույները և միայն հետագայում ինչ-ինչ Մութ Ուժեր դավադրաբար նենգափոխեցին դրանք` դեղինը դարձնելով նարնջագույն։ Թե ինչու՞ էր այդքան կարևոր նենգափոխել բնիկ հայկական դրոշը, շուըտով պարզ կդառնա։
Իսկ այժմ վերադառնանք Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի դրոշներին։ Մանկությունից բոլոր գիտենք ծիածանի յոթ գույների մասին։ Իրականում այդ յոթ գույների բաժանումը խիստ պայմանական է, իսկ գույների քանակը բնության մեջ անհամեմատ ավելի շատ է` հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գույներ։ Իսկ այժմ հարց, հնարավո՞ր է արդյոք, որ այդ հազարավոր գույների մեջ չորս տարբեր պետություններ հանկարծ ընտրեն միևնույն գույները որպես դրոշի գույն։ Պետք չի ակադեմիկոս լինել հասկանալու համար, որ նման «պատահականության» հավանականությունն ուղղակի չնչին է։
Համեմատության համար դիտարկենք Ռուսաստանի, Սերբիայի, Չեխիայի, Սլովենիայի, Սլովակիայի և այլն դրոշները։ Այստեղ ևս նույն գույներով դրոշներ են, և, ինչպես գիտենք, դա ամենևին էլ պատահական չի. այդ երկրների ժողովուրդներին միավորում է ընդհանուր սլավոնական ծագումը։
Այսպիսով, ինչպես համոզվեցինք, դրոշների գույների համընկնումները պատահական չեն լինում և մատնանշում են ընդհանուր ծագում։ Ի դեպ, սլավոնական ժողովուրդների դրոշների վրայի կարմիր, կապույտ, սպիտակ գույները հենց այդպես էլ կոչվում են` սլավոնական գույներ։ Կարծում ենք, որ կարմիր, կապույտ և դեղին գույները ճիշտ կլինի անվանել հայ-արիական գույներ։
Փաստորեն Հայաստանին, Կոլումբիայի, Վենեսուելայի և Էկվադորի հետ կապում է ժողովուրդների ընդհանուր ծագումը, ինչն անհերքելիորեն հետևում է այդ երկրների դրոշների հայ-արիական գույներից։ Սա միանգամայն ակնհայտ է պաշտոնական պատամագրության կարծրատիպերով չկաշկանդված յուրաքանչյուր գրագետ մարդու համար։
Թյուրիմացություններ չստեղծելու համար հստակեցնենք, որ ինքնին հասկանալի է, որ «ընդհանուր ծագում» ասելով, պիտի նկատի ունենալ ոչ այնքան Վենեսուելայի ու Կոլումբիայի այսօրվա բնակչությունը, որքան այդ երկրների բնիկ, այսպես կոչված հնդկացիական բնակչությունը (թեև այդ երկրներում բնիկների բիոլոգիական ժառանգներն այսօր էլ մեծամասնություն են)։ Հիշեցնենք, որ մինչև այսպես կոչված Ամերիկայի հայտնագործումը այդ աշխարհամասում արդեն իսկ գոյություն ուներ զարգացած քաղաքակրթություն, որի ժառանգությունը մինչև այսօր ապշեցնում է գիտնականներին ու հետազոտողներին։ Քաղաքակրթություն, որի զարգացվածության աստիճանին դեռ չի հասել նույնիսկ մեր այսօրվա քաղաքակրթությունը և որը փորձ արվեց բարբարոսաբար ոչնչացնել ու աղավաղել։
Այսպիսով, անհերքելի է, որ Ամերիկայի բնիկներին և հայերին միավորում է ընդհանուր ծագումը։ Այսինքն` կարող ենք փաստել, որ ինչ-որ ժամանակ, Կոլումբոսի «հայտնագործությունից» դեռ հազարամյակներ առաջ մեր նախնիները արշավանքներ են կազմակերպել դեպի Ամերիկա աշխարհամաս (ցավոք սրտի այս պահին մենք դեռևս չենք կարող պարզել, թե ինչպե՞ս էին անվանում մեր նախնիները Ամերիկա աշխարհամասը և ստիպված ենք առայժմ օգտագործել աշխարհամասին տրված կեղծ անվանումը) և հիմնել են այնտեղ բարձր զարգացած քաղաքակրթություն։
Մենք ենթադրում ենք, որ այդ մեծ ծովային արշավանքը մեր նախնիները կազմակերպել են ամենաուշը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Այդ հիպոթեզի համար հիմք է ծառայում այն փաստը, որ Ամերիկայում ու Եգիպտոսում մենք հանդիպում ենք միանման կառույցների` բուրգերի։ Ակնհայտ է, որ երկու` հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու վայրերում, միևնույն նշանակության ու տիպի կառույցների հայտնվելը չի կարող պատահական լինել։ Եվ Եգիպտոսում (թյուր կարծիք կա, թե իբր Եգիպտոսում հայերն առաջին անգամ հայտնվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին հայքսոսների արշվանքներից հետո, իրականում Եգիպտոսի հայկական քաղաքակրթությունը հիմնադրվել է հայքսոսներից դարեր, եթե ոչ հազարամյակներ առաջ) ու Ամերիկայում բուգերը միևնույն քաղաքակրթության ժառանգությունն են։
Այսօր նույնիսկ պաշտոնական գիտության տվյալներով Եգիպտոսի հայկական բուրգերը կառուցվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Ճիշտ է, կան հիմնավոր և անհերքելի փաստեր այն բանի օգտին, որ դրանք իրականում առնվազն 10-12 հազար տարվա պատմություն ունեն, բայց պաշտոնական պատմագիտությունն անտեսում է այդ փաստերը, ավելին, տասնամյակներ շարունակ պաշտոնական գիտությունը խնամքով ոչնչացնում կամ աղավաղում է եղած փաստերը, իսկ այն, ինչ չի հաջողվում անել, անառարկելի տոնով պիտակավորում է որպես կեղծիք։ Եթե մենք ուսումնասիրենք Ամերիկայի եվրոպական օկուպացիայ պատմությունը, կտեսնենք, որ առաջինը, ինչ արեցին եվրոպացիներն այնտեղ, դա հենց փաստերի ոչնչացնումն էր. հազարավոր գրքեր ու հուշարձաններ մենք անվերադարձ կորցրել ենք և եվրոպացիները սա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Նպատակը մեկն էր. թաքցնել այդ «հնդկացիական» քաղաքակրթության իրական ծագումը և իրական արմատները։
Վերադառնալով դրոշների գոյների հակառակ դասավորության խնդրին։ Բնական է, որ նման հսկայական արշավ կազմակերպող ազգը տեղյակ էր, որ Երկիրը գնդաձև է (սրանից դեռ 10-12 հազար տարի առաջ), ինչը ևս մի անգամ ապացուցում է, թե ինչ հզոր քաղաքակրթություն են ստեղծած եղել մեր նախնիները և որքան զարգացած է այն եղել։ Եվ մեր հեռավոր նախնիները հասնելով Ամերիկայի ափեր` գիտեին, որ գտնվում են հարավային կիսագնդում, և այդ «երկրի մյուս կողմում» գտնվելու փաստն արտացոլվել է դրոշի վրայի գույների հակառակ դասավորությամբ։
Ցավոք սրտի Ամերիկայում միայն Վենեսուելան, Կոլումբիան և Էկվադորն են պահպանել իրենց արմատների մասին հիշեցնող դրոշները։ Եվս մեկ երկրում պահպանվել է դրոշի խիստ աղավաղված տարբերակը` Բոլիվիայում (կարմիր, դեղին, կանաչ)։ Իսկ մյուս երկրները միտումնավոր, թե չգիտակցված մոռացության են տվել այդ փաստը։ Մենք կարծում ենք, որ այնուամենայնիվ դա արվել է միտումնավոր, իսպանացի և պորտուգալացի զավթիչների կողմից, ովքեր, ինչպես նշեցինք, ջանք չէին խնայում նախակոլումբոսյան Ամերիկայի պատմությունը ոչնչացնելու և հայերի հետ կապը մոռացության տալու համար։
Սակայն առավել ցավալի է, որ այս կեղծարարության դեմ պայքարելու փոխարեն, Հայաստանի Հանրապետությունն էլ միացավ կեղծարարներին` աղավաղելով հայ-արիական եռագույնը և այդպիսով հրաժարվելով սեփական պատմությունից։ Այսօր ուղղակի օրվա հրամայական է մեր դրոշի սկզբնական տեսքը վերականգնումը։
#1, հեղինակ` Հովհաննես, 16/09/2015 - 14:02
Չակերտ
Ես էլ եմ հասկանում, որ դուք ճիշտ եք ասում, բայց դա ինչպես կարելի է ապացուցել…?
#2, հեղինակ` Koreolan, 18/11/2015 - 14:55
Չակերտ
Հովհաննես, սա ոչ մի ձև չի կարելի ապացուցել, որովհետև սա ընդամենը կատակ է։