Այս պատմությունում իմ համար մեծ թվով բաց հարցեր կան, որոնց համար համոզիչ բացատրություններ չեմ գտնում (իմ համար համոզիչ, որովհետև շատերի համար համոզիչ. “Կճոյանը փուֆ է ու պրծ” բացատրությունն իմ համար մեղմ ասած համոզիչ չի)։ Նախ և առաջ իմ համար պարզ չի, թե վերջապես ի՞նչ է կատարվել, այսինքն`ի՞նչն է խնդիրը։ Նամակից դատելով` խնդիրը մոմի վաճառքն ու մատուռում հանգուցյալների աճյունների տեղադրելն է։ Ընդ որում չեմ կարծում, որ մոմն է այստեղ էականը։ Ինչ վերաբերում է հանգուցյալներին, ապա հատկապես ինչի՞ մասին է խոսքը։ Արդյո՞ք Եռաբլուրում եսիմում են թաղել, եթե այդպես է, ապա լիքը հարցեր պետք է տրվեն, բայց հաստատ ոչ Եկեղեցուն, քանի որ հաստատ Եկեղեցին չի Եռաբլուրում հուղարկավորության համար տեղեր հատկացնում։ Իսկ եթե խոսքը հոգեհանգստյան արարողությունը Եռաբլուրի մատուռում իրականացնելու մասին է … չգիտեմ, թերևս ավելի կոռեկտ կլինի, որ նման բաներ այդ մատուռում չլինեն։ Նամակից դա չի երևում, բայց կոնտեքստից կարելի է ենթադրել նաև, որ ազատամարտիկների մայրերի հնչեցրած հարցերին, հնարավոր է, որ պատշաճ կերպով չեն պատասխանել ու իրականում դա է կոնֆլիկտի պատճառը։ Դա շատ հավանական եմ համարում, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ որդեկորույս մայրեր են և նրանց հետ առավելագույն նրբանկատ պետք է լինել, նամանավանդ իրենց որդիներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող հարցերում, քանի որ դրանք էն գլխից շատ զգացմունքային հարցեր են իրենց համար։ Բայց եթե այդպես է, ապա կոնկրետ ո՞վ է եղել։ Կարելի է չէ՞ ուղղակի հանդիպել մարդկանց հետ, նրանցից ներողություն խնդրել և խնդիրը հարթել։

Մյուս կողմից, խոսվում է նաև ազատամարտիկների նկարները մատուռից հանելու մասին, թեև նամակում այդ մասին բառ անգամ չկա։ Եթե իսկապես այդպիսի խնդիր կա, ապա ինչու՞ նամակում չի նշվել, բայց լավ, ենթադրենք, թե կա։ Ես չգիտեմ թույլատրելի՞ է արդյոք, որ եկեղեցում, մատուռում սրբապատկերներից բացի այլ նկարներ փակցված լինեն, բայց գրեթե համոզված եմ, որ դա անթույլատրելի է։ Այդ պայմաններում, եթե հարց է ծագել, ապա պարզապես պետք էր հանգիստ մայրերին բացատրել, որ մատուռում պիտի լինեն սրբապատկերներ, իսկ մյուս նկարները պիտի լինեն ասենք թանգարանում։ Ամեն դեպքում մամուլում այս նկարների թեմայով շրջանառվող լուրերը պղտոր ջրում ձուկ բռնելու տպավորություն են ստեղծում։ Իսկ եթե հաշվի առնենք, որ չգիտես ինչու սկսվեց շահարկվել նաև Նավասարդ արքեպիսկոպոսի անունը, ով այս ամենին կապված է այնքանով, որքանով որ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն է և ում դեմ վերջերս ակնհայտ կամպանիա է տարվում, ապա պղտոր ջրում ձուկ բռնելու վարկածն էլ ավելի է հիմնավոր է թվում։ Եթե այդեպս է … գիտե՞ք, կարելի է չսիրել արքեպիսկոպոսին, քննադատել, չգիտեմ ինչ, բայց արքեպիսկոպոսի վրա ցեխ լցնելու համար, եթե նույնիսկ այդ արքեպիսկոպոսը վատագույններից վատագույնն է, շահագործել որդեկորույս մայրերի ցավն ու զգացմունքները, կրակի վրա շարունակ յուղ լցնել … դրանից ավելի անբարոյական բան չեմ կարողանում պատկերացնել։

Վերջիվերջո բոլոր հնարավոր խնդիրները, որոնք այս պահին մտքովս անցնում են, առանց աղմուկի, հեշտ և հանգիստ հարթվող խնդիրներ են ու եթե չհարթվեն, միայն այն պատճառով, որ ոմանք կրակին յուղ են լցնում։

Հ.Գ.
Իմ կարծիքով ճիշտ կլինի, եթե Նավասարդ սրբազանն անձամբ, առանց մամուլի ու միջնորդների հանդիպի ազատամարտիկների մայրերին ու փորձեն մեկը մյուսին հասկանալ։
Հ.Հ.Գ.
Ի դեպ, շատ կուզեի ոչ միայն իմանալ, թե այնուամենայնիվ ինչն է խնդիրը, այլև թե ով է այս ամենից փորձում օգուտներ քաղել։