ԱԺ կայքում գտա Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու տխրահռչակ նախագիծը ու նրա լրամշակված տարբերակը: Պարզվում է, այնտեղ կա նաև օրինագծի հիմնավորում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
Ներկայացված նախագծերի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական՝ կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Դեռեւս 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքում օգտագործված են «միջնակարգ-մաuնագիտական»,«մաuնագիտական-տեխնիկական» հասկացությունները, որոնք հետագայում վերանվանվել են: «Բարձրագույն մասնագիտական կրթություն» հասկացությունը նախկինում ներառում էր նաեւ ասպիրանտական կրթությունը, իսկ ներկայումս դա սահմանված է որպես հետբուհական կրթություն եւ այլն։
ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականություն կրթության բնագավառում: Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:
Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։ Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:
Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։
Օրենքի նախագիծը “հիմնավորմամբ”
Օրենքի լրամշակված տարբերակը
Լեզվի մասին գործող օրենքը
Տեխնիկական հակասություններ, եթե այդպիսիք կան. խնդրեմ, թող հարթեն ինչքան ուզում են: Ինչ վերաբերում է իմաստային մասին, ապա իմ կարծիքը cut-ի տակ (ի դեպ, cut բառի համար մի հատ հայերեն հարմար տարբերակ առաջարկեք էլի):
1. Հիմնավորման մեջ ասվում է. “Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը:”
Նախ, նորից ու նորից, ի՞նչն է այսօր խանգարում օտար լեզուների խորացված ուսուցմանը: Ոչինչ:
Տակը մնում է “այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը”:
Եվ նորից արդեն ծեծված, ջարդված, բայց Կառավարության ու ԿԳ Նախարարի կողմից չլսվող հարց. -ինչո՞վ է ասենք անգլերենով մաթեմատիկայի ուսուցումը “նոր որակական մակարդակի բարձրացնելու կրթական ծրագրերի իրականացումը”:
Ես հիշեցնում եմ, որ խոսքը բարձրագույն մաթեմատիկայում գիտության վերջին նվաճումների մասին չի, որի մասին տեղեկություններ կան միայն անգլերենով: Խոսքը դպրոցական դասագրքերի մասին է: Ասենք Պյութագորասի թեորեմի անգլերենով դասավանդումը ոչ կերպ չի բարձրացնելու այդ թեորեմի իմացության մակարդակը երեխաների մոտ: Նույնը վերաբերում է մյուս առարկաներին: Դպրոցի համար անհրաժեշտ ամբողջ նյութը հայերեն լեզվով կա ու մեր երկրում դեռևս պահպանվում է հայերենով որակյալ դասագրքեր կազմելու պոտենցիալը: Հատուկ ընդգծում եմ “դեռևս” բառը ու ԿԳ Նախարարի խնդիրներից է այդ թվում այդ պոտենցիալը օգտագործումն ու պահպանումը:
2. Այնուհետև ասվում է. “Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:”
Սա ուղղակի մտքի փայլատակում է: Նշված հարաբերությունները գործող օրենսդրությամբ ուղղակի արգելվում են, ի՞նչ կարգավորման մասին է խոսքը:
3. “Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։”
Տեսնես այդ ի՞նչ միջազգային հեղինակություն ունեցող, այն էլ այլընտրանքային, հանրակրթական հաստատություններ են ու ինչո՞ւ նրանց մուտքը Հայաստան պիտի արտոնվի:
Բայց լավ, մի կողմ թողնենք այլընտրանքային դպրոցներին: Ի՞նչ է ասում ԿԳ Նախարարը: Նա ասում է. “Հայաստանում այսօր հնարավոր չէ ստանալ որակյալ կրթություն, իսկ արտասահման ոչ բոլորը կարող են մեկնել. դրա համար եկեք արտասահմանը բերենք մեզ մոտ“:
Ես ընդունում եմ, որ հանրակրթության որակը օրեցօր ավելի է ընկնում, բայց ո՞վ պիտի զբաղվի այդ խնդրի լուծմամբ: Բաբո՞ս: Լավ, Աշոտյանն իսկապես չի հասկանու՞մ, որ սա է իր խնդիրը ու սրա լուծմամբ ինքը պիտի զբաղվի: Այն, որ ինքը պնդում է, թե օտարալեզու դպրոցներում երեխաները Պյութագորասի թեորեմն ավելի լավ կհասկանան, քան հայկական դպրոցում, ուղղակի անհեթեթություն է:
4. “Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:”
Սա ոչ կոռեկտ անալոգիա է: ԲՈՒՀ-երում, ելնելով մասնագիտությունների բարդությունից, հայերեն և նույնիսկ ռուսերեն գրականության բացակայությունից, միգուցե կարող է արդարացված լինել օտարալեզու դասավանդումը, չնայած, իմ խորին համոզմամբ, նույնիսկ ԲՈՒՀ-երում պետք է ձգտել առավելագույնի հասցնել հայերենով դասավանդումը: Ամեն դեպքում նույն բանը չի կարելի ասել դպրոցների մասին: Թե չէ, փաստորեն ստացվում է էսկալատորի էֆեկտ. սկզբից թույլ տանք ԲՈՒՀ-երը, հետո դպրոցները, հետո հերթը կհասնի պետական գրագրությանը, հետո ես շատ գիտեմ էլ ուր, մինչև էսկալատորը մեզ հասցնի ամենաներքևը:
5. Եվ վերջապես. “Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։”
Ի՞նչ բացերի ու հակասությունների մասին է խոսքը: Աշոտյանը կրթական ոլորտի ոչ մի թերություն չի նշել` բացառությամբ կրթության ցածր մակարդակի, որը սակայն, ինչպես նշվել է շատ անգամներ, այս օրենքով չի շտկվում:
Ի՞նչ սովորողների սոցիալական խնդիրներ: Ասենք, եթե ինչ-որ մի երեխա սոված փորով է դասի գնում, հենց սկսի հաճախել անգլիալեզու դպրոց, կուշտ փորով է գնալու՞: