Թերթ.ամ կոչվողը դեգեներատությունը չեմ կարդում, բայց նոր ՕԱ-ում մի նորություն նկատեցի այդ ռեսուրսից: Թերթ.ամ-ը սկզբում մեզ տեղեկացնում է, որ “Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններ սկսելու Ալիևի ծրագիրը կանխել է Անկարա՞ն”: Հետո արդեն, բուն հոդվածում, մեզ պատմում են, որ թուրքական հատուկ ծառայությունները (MIT) միայն վերջին պահին են կանխել Ալիևին, քանի որ դա կտապալեր Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի նախաձեռնությունը: Հղում է արվում թուրքական ԶԼՄ-ներին, որոնք էլ իրենց հերթին հղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների վրա:

Հիմա հասկացաք հայե՞ր: Էտ սաղ Անկարայի շնորհիվա, որ էսօր խաղաղության մեջ եք ապրում: Վա՜յ էտ ի՜նչ լավ եղավ է՜, որ էտ Գյուլը եկավ Հայաստան, օրհնյալ լինի էդ սհաթը, հա՛: Թե չէ հիմա պատերազմ էր լինելու:

Գրական ձիրք չունեմ, բայց փորձեմ ֆանտազիայիս զոռ տալով պատկերել այդ տեսարանը, թե ինչպես վերջին պահին կանխվեց պատերազմը, Հայաստանի մասին օր ու գիշեր մտածող MIT-ի կողմից:

Ուրեմն Իլհամ Ալիևի աշխատասենյակն է: Աշխատասենյակում բացի Իլհամից ներկա են նաև ՊՆ Սաֆար Աբիևը, մի շարք այլ ադրբեջանցի գեներալներ, ուժային մյուս կառույցների ներկայացուցիչներ, անվտանգության խորհրդի անդամներ և այլն: Հետևում են մնացել պատերազմ սկսելու վերաբերյալ քաղաքական որոշումը և այդ որոշմանը հաջորդած ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքները. զորքերը մարտական վիճակի բերել, տեխնիկան վերանորոգել, անհրաժեշտ ուղղություններով կենդանի ուժ, զենք և զինամթերք կուտակել, բուն ռազմական գործողության ծրագրի կազմումը, այդ ծրագրի բաղկացուցիչները զորավարժություններում մշակելը և այլն, և այլն, և այլն: Հետևում են մնացել բազմաթիվ անքուն գիշերներ: Բայց դա դեռ միայն սկիզբն է ու այս հերթական անքուն գիշերը վերջինը չի լինելու: Համենայն դեպս այդպես էին մտածում հավաքվածները: Բոլորի հայացքները ուղղված են Հեյդար Ալիևի պատկերով պատի մեծ ժամացույցի սլաքներին, որոնք անխուսափելիորեն մոտեցնում են X ժամը: Եվս մի քանի վայրկյան և ամբողջ աշխարհը կիմանա, որ X=3:00: Իլհամ Ալիևի ձեռքը դրված է հատուկ հեռախոսի խոսափողին, որով նա պիտի տրվի պատերազմը սկսելու հրամանը տա ԳՇ պետ Նաջմեդին Սադիխովին, իսկ վերջինս էլ այդ հրամանը փոխանցի Բաքվից 250 կմ հեռավորության վրա անքուն սպասող գեներալներին, գնդապետերին, փոխգնդապետերին, իսկ վեջիններս էլ իրենց դարձյալ անքուն ենթականերին: Իլհամ Ալիևի աշխատասենյակի ընդունարանում անհամբերությամբ սպասում են քարտուղարուհիները, որ սկսեն նախապես պատրաստված հայտարարություններն ու հրահանգները ԶԼՄ-ներին ուղարկել: Ժամացույցը խփեց ժամը 3-ը: Բոլորը հայացնքերը ժամացույցից տեղափոխեցին հեռախոսի վրա: Ալիևը վերցնում է հեռախոսը ու զանգահարում Սադիհովին: Մյուս ծայրում Սադիխովը վերցնում է հեռախոսը ու … հանկարծ ընդունարանից աղմուկ է լսվում: Բոլորը նայում են դռան կողմը, իսկ Սադիհովը հեռախոսով “ալո, ալո” ” է ասում` չհասկանալով, թե ինչ է կատարվում: Աշխատասենյակ են խցկվում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը ու ևս երկու հոգի: Քարտուղարուհիները ինչ-որ բան են ճղճղում, թե չկարողացան արգելել, նախագահական նստավայրի անվտանգության պատասխանատուն փորձում է իրեն արդարացնել, թե ինչու անկոչ հյուրերին թողեց շենքից ներս, բայց նրանց ոչ ոք չի լսում: Թուրքական դեսպանի հետ եկած մարդկանցից մեկը Ալիևին է մեկնում MIT-ի աշխատակցի իր վկայականը ու ավելացնում.
” Դուք չպիտի հիմա պատերազմ սկսեք, որովհետև դրանով կտապալեք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը ու կխաթարեք մեր հեղինակությունը:
” Հա՞: Է բա շուտ ասեիք ա՛յ մարդ, սպասել, սպասել, վերջին օրով եք ասում: Բա որ արդեն սկսած լինեի՞նք: Ախր չի կարելի տենց,- վրդովված ասում է Ալիևը, ապա դառնալով թուրք դեսպանին,- գոնե դու ասեիր:
” Դե հիմա տենց ստացվեց, մեր MIT աշխատակիցը կես ժամ առաջ է իջել օդանավից, մենք էլ բան չգիտեինք,- արդարանում է դեսպանը:
” Դե լավ, ինչ արած, ալո, Սադիխովը, բոլորին ասա թող գնան քնեն, ո՞նց թե քնեն, խռմփացնելով քնեն,- ասում Ալիևը Սադիխովին ու ցած դնում հեռախոսը:- Դուք էլ գնացեք քնեք, հոգնած կլինեք,- ավելացնում է նա` դիմելով ներկաներին:

Ահա այդպես չսկսվեց Արցախյան նոր պատերազմը: